Եզրասի գիրք

5

ԴԱՐԵՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՏԱՃԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

1Անգէ եւ Ադդովի որդի Զաքարիա մարգարէները, Իսրայէլի Տէր Աստծու անունով, մարգարէութիւն արեցին Հրէաստանի ու Երուսաղէմի մասին։ 2Այդ ժամանակ վեր կացան Սաղաթիէլի որդի Զորոբաբէլը, Յոսեդեկի որդի Յեսուն եւ սկսեցին կառուցել Իսրայէլի Տէր Աստծու տունը. մարգարէները միաբանեցին նրանց հետ եւ օգնում էին նրանց։ 3Այդ նոյն ժամանակ Եփրատ գետի միւս կողմից նրանց մօտ եկան Թաթանա իշխանը, Սաթրաբուզանը, նրանց ծառայակիցները եւ ասացին. «Ո՞վ է ձեզ հրաման տուել այս տունը շինելու. կամ՝ ո՞ւմ խօսքով էք կանգնեցրել դրա աշտարակները, 4եւ կամ՝ ի՞նչ են այն մարդկանց անունները, որոնք այս քաղաքը շինելու գլխաւորներն են դարձել»։ 5Բայց Տէր Աստծու աչքը քաղցր էր գերութիւնից վերադարձած հրեաների վրայ. նրանք չխափանեցին նրանց աշխատանքը, մինչեւ որ այդ մասին յայտնէին Դարեհ արքային. նրանք հարկահաններ ուղարկեցին արքայի մօտ՝ գործի մասին գրաւոր տեղեկացնելու համար։

6Ահա այսպէս էին գրել. «Գետի այն կողմերի Թաթանայից, Սաթրաբուզանից եւ նրա ծառայակիցներից՝ 7Փարսաքեէից եւ Ռեսիմից՝ ողջոյն Դարեհ թագաւորին։ 8Թող յայտնի լինի թագաւորին, որ մենք գնացինք Հրէաստան երկիրը, քաղաքը, տեսանք մեծազօր Աստծու տաճարը, որը կառուցում էին ընտիր քարերով, փայտէ պահանգներ էին դնում պատերի մէջ, եւ գործը նրանց ձեռքին յաջողութեամբ եւ արագ առաջ էր գնում։ 9Այն ժամանակ մենք նրանց աւագներին հարցրինք, թէ՝ “Ո՞վ է ձեզ հրաման տուել այս տունը կառուցելու, կամ՝ ո՞ւմ խօսքով էք կանգնեցնում սա”, 10հարցրինք նաեւ գլխաւորների անունները, որոնք իշխաններ էին։ 11Եւ ահա թէ հրեաները ինչ պատասխանեցին մեզ. “Մենք, - ասացին, - երկնքի եւ երկրի Տէր Աստծու ծառաներն ենք եւ այս տունը շինում ենք այնպէս, ինչպէս շատ տարիներ առաջ կառուցել էր Իսրայէլի մեծ թագաւոր Սողոմոնը. մենք էլ, ըստ նոյն օրինակի, կառուցում ենք այն։ 12Բայց յետոյ, երբ մեր հայրերը բարկացրին երկնքի ու երկրի Աստծուն, նա էլ բաբելացիների եւ քաղդէացիների արքայ Նաբուքոդոնոսորի ձեռքը մատնեց նրանց. Նաբուքոդոնոսորը քանդեց այս տունը եւ ժողովրդին էլ գերի տարաւ Բաբելոն։ 13Սակայն բաբելացիների Կիւրոս թագաւորի առաջին տարին, Կիւրոս թագաւորը հրաման տուեց շինել Տէր Աստծու այս տունը, 14եւ այս տան արծաթէ եւ ոսկէ այն ամբողջ սպասքն ու գոյքը, որ Նաբուքոդոնոսորը վերցրել էր Երուսաղէմից եւ բերել իր աստուածների տունը, Կիւրոս թագաւորը դրանք վերցրեց թագաւորի գանձատնից, տուեց Սամանասար գանձապետին 15եւ նրան ասաց. “Վերցրո՛ւ այդ ամբողջ սպասքը եւ կայքը, գնա՛ Երուսաղէմ, Տիրոջ տունը, որ այնտեղ է, տա՛ր եւ այդ կայքը դի՛ր իր տեղում”։ 16Այն ժամանակ Սամանասարը եկաւ Տէր Աստծու տաճարի հիմքը գցեց Երուսաղէմում. այդ օրից էլ, ահա, մենք շինում ենք այն եւ դեռ չենք աւարտել։ 17Արդ, ո՛վ թագաւոր, եթէ հաճելի է քեզ, բաբելացիների թագաւորական մատենադարաններում փնտռի՛ր եւ տե՛ս, թէ իսկապէ՞ս Կիւրոս թագաւորը հրամայել է, որ Հրէաստանի Երուսաղէմ քաղաքում վերաշինեն Տիրոջ այս տունը։ Երբ դու, ո՛վ թագաւոր, տեղեկանաս այդ հրամանի մասին, այն ուղարկի՛ր մեզ»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն