Եզրասի գիրք
4
ՏԻՐՈՋ ՏԱՃԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹԵԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ
1Երբ Յուդայի ու Բենիամինի երկրի թշնամիները լսեցին, որ գերութիւնից եկած իսրայէլացիները վերաշինում են Իսրայէլի Տէր Աստծու տաճարը, 2եկան Զորոբաբէլի, իշխանների եւ տոհմապետների մօտ եւ նրանց ասացին. «Մենք էլ ենք ուզում տաճարը կառուցել ձեզ հետ, որովհետեւ ինչպէս դուք, այնպէս էլ մենք պաշտում ենք ձեր Տէր Աստծուն. մենք էլ ենք զոհեր մատուցում նրան այն օրից, ինչ Ասորեստանի Ասորդան թագաւորը մեզ բերել է այստեղ»։ 3Զորոբաբէլը, Յեսուն եւ Իսրայէլի միւս իշխաններն ու տոհմապետները նրանց ասացին. «Մեզ վայել չէ, որ ձեզ հետ միասին շինենք Իսրայէլի մեր Տէր Աստծու տունը։ Մենք ինքներս պիտի շինենք Իսրայէլի մեր Տէր Աստծու տունը, ինչպէս հրամայել է մեզ Պարսկաստանի Կիւրոս թագաւորը»։ 4Դրանից յետոյ այդ երկրի այլազգիները թուլացնում էին Հրէաստանի ժողովրդի ձեռքերը, խափանում նրանց շինարարութիւնը, 5ծախու խորհրդականներ էին վարձում եւ նրանց հետ մտածում շինարարութիւնը խափանելու մասին՝ սկսած Պարսկաստանի Կիւրոս արքայի թագաւորութեան օրերից մինչեւ Պարսկաստանի Դարեհ արքայի օրերը։
ԱՐՏԱՇԷՍ ԹԱԳԱՒՈՐԻՆ ՈՒՂՂՈՒԱԾ
ԱՄԲԱՍՏԱՆԱԳԻՐԸ ՀՐԵԱՆԵՐԻ ԴԷՄ
6Պարսկաստանի Արտաշէս թագաւորի ժամանակ, նրա թագաւորութեան սկզբին, նրանք ամբաստանութեան թուղթ գրեցին Հրէաստանի եւ Երուսաղէմի բնակիչների դէմ։ 7Թուղթը գրեցին Արտաշէսի թագաւորութեան օրերին Միթրիդատէսը եւ Տաբեէլը՝ հարկահաւաք միւս ծառաների հետ միասին, գրեցին ասորերէն, որը թարգմանեց Ռէում Բաալտիմը։ 8Ահա այդ թղթի բովանդակութիւնը, որ նրանք ուղարկեցին Արտաշէս թագաւորին.
9«Մենք՝ քո ծառաները, որ բնակւում ենք Գետի այս կողմում, Ռէում Բաալտիմը, Սամսա գրագիրը եւ մեր միւս ծառայակիցները՝ Դեենէսը, Սփարսաթաքայիէն, Տարփալէէն, Ափերսէէն, Օքուէէն, Բաբելոնէէն, Սուսանան, Քեէդաւէէն, 10եւ մնացած այլ ազգերը, որոնց մեծ եւ փառապանծ Ասենափարը բնակեցրեց Սոմարում, այսինքն՝ Սամարիա քաղաքում, Գետի այս կողմում, - խաղաղութիւն են մաղթում Արտաշէս թագաւորին։ 13Արդ, ո՛վ թագաւոր, թող յայտնի լինի քեզ, որ եթէ այդ քաղաքը վերակառուցուի, եւ նրա պարիսպները կանգնեցուեն, քեզ ոչ միայն ոչ ոք հարկ չի տալու, 14այլ բոլորը դիմադարձ են կանգնելու թագաւորներին, իսկ մենք, որ չենք կամենում այդպիսի յանդգնութիւն թագաւորի դէմ, դրա համար էլ այս ամենի մասին գրեցինք քեզ՝ թագաւորիդ, 15որպէսզի դու քննես, փնտռես ու գտնես քո հայրերի դիւանների մատեաններում, որ իմանաս, թէ դա ապստամբների քաղաք է, թէ ամէն ժամանակ նա ոտքի է ելել թագաւորների դէմ եւ հին ժամանակներից ի վեր միշտ եղել է փախստականների ապաստան եւ հէնց դրա համար էլ աւերուել է այդ քաղաքը։ 16Ահա թէ ինչու մենք քեզ, ո՛վ թագաւոր, յայտնեցինք այդ մասին, որ եթէ այս քաղաքը վերաշինուի եւ նրա պարիսպները կանգնեցուեն, ապա այլեւս խաղաղութիւն չի լինի քեզ համար»։
ԱՐՏԱՇԷՍ ԹԱԳԱՒՈՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ
17Թագաւորը պատասխան ուղարկեց Ռէում Բաալտիմին, Սամսա գրագրին եւ նրանց միւս ծառայակից ընկերներին, որոնք բնակւում էին Սամարիայում, նաեւ մնացած բոլորին, որ Գետի այն կողմում էին.
18«Ողջո՛յն ձեզ։ Ձեր ուղարկած հարկահանները եկան ինձ մօտ եւ ինձ, իմ առաջ, տեղեկացրին ամէն բան։ 19Ես վերահասու եղայ, քննեցի ու գտայ, որ այդ քաղաքը հին ժամանակներից ի վեր եղել է ապստամբ եւ ոտքի է ելել թագաւորների դէմ, 20որ Երուսաղէմում եղել են հզօր ու բռնակալ թագաւորներ, որոնք տիրել են արեւմտեան կողմին՝ Եփրատ գետից այն կողմը։ Արդ, դուք հարկեր ու տուրքեր դրէ՛ք դրանց վրայ, որպէսզի այլեւս չբռնանան ինքնիշխան կամքով։ 21Այժմ իմ հրամանն է ձեզ, որ գնաք, արգելէք եւ խափանէք նրանց գործը, որպէսզի քաղաքը չկառուցուի, 22չներէք նրանց եւ հանգիստ թողնէք, այլ շտապ յանձն առէ՛ք եւ պահանջեցէ՛ք բոլոր հարկերն ու տուրքերը, որպէսզի նրանք երբեք չբազմանան, չզօրանան ու չկանգնեն թագաւորների դէմ»։
23Եւ երբ Արտաքսերքսէսի, այսինքն՝ Արտաշէս թագաւորի հարկահաւաքը բերեց այդ հրամանի թուղթը եւ կարդաց Ռեսիմի, Սամսա գրագրի եւ նրանց ծառայակիցների առջեւ, նրանք անմիջապէս ելան եւ հետեւակ ու հեծեալ մեծ զօրքով գնացին Երուսաղէմ, Հրէաստան եւ հրեաներին արգելեցին ու խափանեցին շինարարութիւնը։ 24Այդ ժամանակ էլ խափանուեց եւ դադարեց Տէր Աստծու տաճարի աշխատանքը Երուսաղէմում, եւ այդ դադարը տեւեց մինչեւ Պարսկաստանի Դարեհ արքայի երկրորդ տարին։