Եզեկիէլ մարգարեյի գիրք
48
ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԵՕԹԸ ՑԵՂԵՐԻ ԲԱԺԻՆՆԵՐԸ
1«Սրանք են ցեղերի սահմանները. Հիւսիսից սկսած, զառիթափի կողմով, որ բաժանում է Եմաթի ճանապարհը եւ Աւնանի հանգրուանը, Դամասկոսի հիւսիսային սահմանն է՝ Եմաթի կողմից։ Դրանց արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Դանի ցեղին։ 2Դանի սահմաններից դէպի արեւելք, մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Ասերի ցեղին։ 3Ասերի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Նեփթաղիմի ցեղին։ 4Նեփթաղիմի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Մանասէի ցեղին։ 5Մանասէի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Եփրեմի ցեղին։ 6Եփրեմի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Ռուբէնի ցեղին։ 7Ռուբէնի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Յուդայի ցեղին։ 8Յուդայի սահմաններից, արեւելեան կողմից մինչեւ արեւմուտք՝ քսանհինգ ձողաչափ երկարութեամբ եւ տասը հազար ձողաչափ լայնութեամբ, թող լինի ձեր սրբավայրի հողամասը՝ իբրեւ բաժիններից մէկը, որտեղ կը լինի սրբարանը, 9մի ընծայ՝ նուիրուած Տիրոջը, քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ ու տասը հազար ձողաչափ լայնութեամբ։ 10Քահանաների սրբատեղիներին նուիրուած հողամասը կը լինի հարաւային կողմում քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ, արեւմուտքում՝ տասը հազար ձողաչափ լայնութեամբ, արեւելքում՝ տասը հազար ձողաչափ լայնութեամբ, իսկ հիւսիսում՝ քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ մի բաժին։ Դրանց մէջտեղում կը լինի սրբարանը։ 11Այս բաժինը Սադոկի որդիներից՝ սրբագործուած քահանաներինը կը լինի, որոնք Տիրոջ Տտան պահպանութիւնն են կատարում, որոնք չմոլորուեցին իսրայէլացիների մոլորութեամբ, ինչպէս մոլորուեցին ղեւտացիները։ 12Ղեւտացիների սահմաններից ընծայուած հողերի այս բաժինն ամենասուրբ մասը կը լինի։ 13Իսկ քահանաներին սահմանակից ղեւտացիների բաժինը, կը լինի քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ ու տասը հազար ձողաչափ լայնութեամբ։ 14Դա չի վաճառուի նրանց կողմից, ոչ էլ կը մասնատուի։ Հողի առաջին բերքից չի վերցուի, որովհետեւ այն Տիրոջն է նուիրուած։ 15Բայց քսանհինգ հազարից մնացած հինգ հազար լայնութեամբ հողամասը քաղաքի դրսի պատուարը կը լինի, իբրեւ բնակավայր ու ազատ տարածութիւն։ Քաղաքը դրա մէջտեղում կը լինի։ 16Սրանք են նրա չափերը. Հիւսիսային կողմից՝ չորս հազար հինգ հարիւր ձողաչափ, հարաւային կողմից՝ չորս հազար հինգ հարիւր, արեւելեան կողմից՝ չորս հազար հինգ հարիւր եւ արեւմտեան կողմից՝ չորս հազար հինգ հարիւր։ 17Քաղաքի ազատ տարածքը կը լինի. Հիւսիսի ուղղութեամբ՝ երկու հարիւր յիսուն ձողաչափ, հարաւի ուղղութեամբ՝ երկու հարիւր յիսուն, արեւելքի ուղղութեամբ՝ երկու հարիւր յիսուն եւ արեւմուտքի ուղղութեամբ՝ երկու հարիւր յիսուն։ 18Իսկ մնացած այն տարածութիւնը, որ մօտ է սրբատեղիներին նուիրուած հողամասին, կ’ունենայ արեւելքի ուղղութեամբ՝ տասը հազար ձողաչափ երկարութիւն, արեւմուտքի ուղղութեամբ՝ տասը հազար։ Դա ընծայ կը լինի սրբատեղիներին։ Նրա բերքը քաղաքի գործաւորի համար հաց կը լինի. 19Իսրայէլի բոլոր ցեղերից քաղաքի գործաւորներն էլ կը մշակեն այն։ 20Եւ քաղաքի բնակելի վայրերից դուք, որպէս սրբավայրի ընծայ, կ’առանձնացնէք քառակուսի մի տարածութիւն՝ քսանհինգ հազար ձողաչափ քսանհինգ հազարի վրայ։ 21Դրանից աւելացածն էլ իշխանինը կը լինի։ Նոյն տեղից, իբրեւ ընծայ սրբատեղիին, քաղաքավայրում, նրա դիմաց, քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ մի բաժին կը լինի մինչեւ արեւելեան կողմի սահմանները. Իսկ դրա դիմաց, արեւմտեան կողմը, քսանհինգ հազար ձողաչափ երկարութեամբ մի բաժին էլ կը լինի իշխանի բաժնին մօտ։ Եւ դա ընծայ կը լինի սրբատեղիներին. Տաճարի սրբարանը կը լինի նրա մէջտեղում, 22որպէս ղեւտացիների ժառանգութիւն։ Քաղաքի բնակատեղիից մի տարածութիւն իշխաններինը կը լինի. Յուդայի երկրի սահմանների ու Բենիամինի երկրի սահմանների միջեւ բաժին կը յատկացուի իշխանին»։
ՀԱՐԱՒԱՅԻՆ ՀԻՆԳ ՑԵՂԵՐԻ ԲԱԺԻՆՆԵՐԸ
23«Ինչ վերաբերում է մնացած ցեղերին, ապա արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Բենիամինի ցեղին։ 24Բենիամինի սահմաններից, արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Շմաւոնի ցեղին։ 25Շմաւոնի սահմաններից, արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Իսաքարի ցեղին։ 26Իսաքարի սահմաններից, արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Զաբուղոնի ցեղին։ 27Զաբուղոնի սահմաններից, արեւելեան կողմերից մինչեւ արեւմուտք՝ մէկ բաժին կը լինի Գադի ցեղին։ 28Գադի սահմաններից մինչեւ հարաւ, Թեմանից ու Ռաբոթ Կադէսի ջրերից մինչեւ Մեծ ծովը կը լինի մէկ ժառանգութեան սահման։ 29Ահա սա է այն երկիրը, որ վիճակով բաժանելու էք Իսրայէլի ցեղերին, եւ սրանք են նրանց բաժինները», - ասում է Տէր Աստուած։ -
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԴՌՆԵՐԸ
30«Այժմ քաղաքի ելքի ու մուտքի դռների մասին. Դրանցից հիւսիսային կողմի դռները չորս հազար հինգ հարիւր ձողաչափ են։ 31Քաղաքի դռները կը լինեն Իսրայէլի ցեղերի անուններով։ Երեք դուռ հիւսիսային կողմում. Մի դուռը՝ Ռուբէնի անունով, մի դուռը՝ Յուդայի եւ մի դուռը՝ Ղեւիի։ 32Արեւելքի ուղղութեամբ էլ դռները չորս հազար հինգ հարիւր ձողաչափ են։ Երեք դուռ. Մի դուռը՝ Յովսէփի անունով, մի դուռը՝ Բենիամինի եւ մի դուռը՝ Դանի։ 33Հարաւի ուղղութեամբ էլ դռները չորս հազար հինգ հարիւր ձողաչափ են։ Երեք դուռ. Մի դուռը՝ Շմաւոնի անունով, մի դուռը՝ Իսաքարի եւ մի դուռը՝ Զաբուղոնի։ 34Արեւմուտքի ուղղութեամբ էլ դռները չորս հազար հինգ հարիւր ձողաչափ են։ Երեք դուռ. Մի դուռը՝ Գադի անունով, մի դուռը՝ Ասերի եւ մի դուռը՝ Նեփթաղիմի։ 35Ընդհանուր շրջագիծը՝ տասնութ հազար ձողաչափ։ Եւ այդ օրից քաղաքի անունը կը լինի “Տէրն այնտեղ է”»։