Եզեկիէլ մարգարեյի գիրք
47
ՏԱՃԱՐԻ ԱՂԲԻՒՐԸ
1Նա ինձ բերեց տաճարի դռան առաջ։ Ահա տաճարի արեւելեան կողմի վարագոյրների տակից ջուր էր դուրս գալիս եւ հոսում դէպի արեւելք, որովհետեւ տաճարի ճակատային մասը դէպի արեւելք էր նայում. իսկ ջուրը գալիս էր տաճարի հիւսիսային կողմից՝ աջից դէպի զոհասեղանի կողմը։ 2Ինձ դուրս բերեց հիւսիսային դռնով ու դրսից պտտեցրեց արտաքին դռան չորս կողմը, որ արեւելք էր նայում։ Ահա ջուրը հոսում էր աջ կողմից։ 3Երբ դուրս եկայ, մարդը ելաւ իմ դիմաց. ձեռքին չափ ունէր։ Իր չափով հազար ձողաչափ չափեց ու անցաւ ջրի, յորդ ջրի միջով։ 4Դարձեալ հազար ձողաչափ չափեց իր չափով ու անցաւ ջրի միջով։ Ջուրը մինչեւ նրա երանքներն էր հասնում։ Նա հազար ձողաչափ չափեց իր չափով ու անցաւ ջրի միջով։ Ջուրը մինչեւ գօտկատեղն էր հասնում։ 5Իր չափով նա հազար ձողաչափ չափեց հոսանքը ու չէր կարողանում անցնել, որովհետեւ ջուրը հեղեղի յորձանք էր տալիս, որի միջով ոչ ոք չէր կարող անցնել։ 6Նա ասաց ինձ. «Տեսա՞ր, մարդո՛ւ որդի»։ Ու ինձ յետ դարձրեց, տարաւ գետի ափը։ 7Երբ շրջում էի այնտեղ, ահա գետափին, այս ու այն կողմերին, բազմաթիւ տնկած ծառեր տեսայ։ 8Նա ասաց ինձ. «Այս ջուրը, որ դէպի արեւելք՝ գալիլիացիների կողմն է դուրս գալիս, իջնում է Արաբիա ու գալիս է մինչեւ ծով՝ ջրերի ելքը, եւ ջրերը դարձնում բուժիչ։ 9Ամէն շնչաւոր էակ, բոլոր նրանք, որոնց վրայ այս գետը գայ, ապրելու են։ Այնտեղ շատ ձուկ է բազմանալու, որովհետեւ այս ջուրը հասնելով այնտեղ՝ լինելու է բուժիչ։ Կենդանանալու եւ ապրելու է ամէն ոք, ում վրայ հասնի այս գետը։ 10Նրա մէջ կանգնելու են ձկնորսներ՝ Ենգադիայից մինչեւ Ենգադիք։ Ուռկանները գցելու տեղեր են լինելու. նրա ձկներն էլ մեծ ծովի ձկների պէս շատ, խիստ շատ են լինելու։ 11Բայց նրա դուրս գալու, ծանծաղելու եւ յորդելու տեղերում ջրերը առողջարար չեն լինելու, այլ թողնուելու են աղ ունենալու համար։ 12Գետի մօտերքը, ափերի այս ու այն կողմերում, պտղատու ծառեր են բուսնելու, որոնք չեն ծերանալու, պտուղն էլ նրանց վրայից չի պակասելու։ Հէնց սկզբից էլ դալար ճիւղեր են արձակելու, որովհետեւ գետի ջրերը սուրբ վայրերից են դուրս գալիս։ Նրանց պտուղը սնունդ է լինելու, տերեւը՝ բուժիչ»։
ԵՐԿՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
13Այսպէս է ասում Տէր Աստուած. «Սրանք են երկիրը ժառանգելու այն սահմանները, նաեւ այն յաւելեալ բաժինը, որ ժառանգութիւն են թողնելու իսրայէլացիների տասներկու սերունդներին։ 14Այն ժառանգութիւն է ստանալու ամէն ոք, եղբօր պէս, որովհետեւ ես, ձեռքս բարձրացրած, երդուել էի ձեր հայրերին յանձնել այն։ Եւ այժմ երկիրը ձեզ է հասնում որպէս ժառանգութեան բաժին։ 15Սրանք են երկրի սահմանները դէպի հիւսիս. Մեծ ծովից, որ իջնում 16ու բաժանում է դէպի Հելլադայի, Եմաթի, Բերոթի, Սաբարսիմի ճանապարհը, Դամասկոսի ու Եմաթի սահմանների միջեւ, - լինելու են Աւնանի բնակավայրերը, որ աւրանցիների սահմաններում են։ 17Սրանք են հիւսիսային սահմանները, որ գտնւում են ծովի կողմից, Աւնանի հանգրուանից, Դամասկոսի սահմաններից եւ Եմաթից հիւսիս՝ արեւելքի դէմ-դիմաց։ 18Դրանք ընկած են աւրանցիների եւ Դամասկոսի միջեւ, գաղաադացիների եւ Իսրայէլի միջեւ, իսկ Յորդանան գետը արեւելեան կողմից սահման է ծովի եւ Արմաւաստանի միջեւ։ Սա արեւելքն է։ 19Հարաւային սահմաններն անցնում են Թեմանի հարաւով, Արմաւաստանից մինչեւ Մարիբոթ Կադէսի ջրերը, որ թափւում են Մեծ ծովը։ Սա հարաւային բաժինն է, հարաւի կողմից։ 20Եւ Մեծ ծովի այս բաժինը, որի սահմանը հասնում է մինչեւ Եմաթի ճանապարհի դիմաց, մինչեւ նրա մուտքը, - հէնց սա էլ Եմաթի արեւմուտքն է։ 21Դուք երկիրը բաժանելու էք նրանց միջեւ. 22վիճակ կը գցէք Իսրայէլի ցեղերի՝ ձեր եւ եկուորների ու ձեր մէջ գտնուող պանդուխտների միջեւ, որոնք ձեր մէջ զաւակներ են ունեցել։ Իսրայէլի զաւակների մէջ սրանք ձեզ համար երկրածինների պէս են լինելու. ձեզ հետ են ապրելու, ժառանգութիւնից են օգտուելու Իսրայէլի ցեղերի մէջ։ 23Նրանք ձեր մէջ գտնուող պանդուխտների պէս պանդուխտներ են լինելու, եւ դուք նրանց ժառանգութիւն էք տալու», - ասում է Տէր Աստուած։