Եզեկիէլ մարգարեյի գիրք
26
Տիւրոսի դէմ
1Տասնմէկերորդ տարում, ամսուայ առաջին օրը, Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, այն բանի համար, որ Տիւրոսը չարախնդաց Երուսաղէմի վրայ ու ասաց. “Վա՜շ-վա՜շ, քանի որ կոտրուեց, կորաւ Երուսաղէմը, դէպի ինձ են դառնալու ազգերը, որովհետեւ շէն քաղաքն աւերուեց”, - 3այդ պատճառով այսպէս է ասում Ամենակալ Տէրը. “ Ահա ես քո դէմ եմ, Տիւրո՛ս, քո դէմ եմ դուրս բերելու բազում ազգերի, ինչպէս որ ծովը դուրս է գալիս իր ալիքներով։
4Նրանք կործանելու են Տիւրոսի պարիսպները, կործանելու են նրա աշտարակները։ Հողն էլ հոսեցնելու եմ նրա վրայից ու այն դարձնելու եմ լերկ ապառաժ։
5Ծովի մէջտեղում նա լինելու է ուռկաններ գցելու տեղ, որովհետեւ ե՛ս խօսեցի”, - ասում է Տէր Աստուած։ - “ Ազգերին նա աւար է դառնալու. նրա արուարձանների բնակիչները ցամաքում սրով են սպանուելու։
6Եւ նրանք պիտի իմանան, որ ես եմ Տէրը”»։
7Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ահա ես հիւսիսից քո դէմ եմ բերելու, Տիւրո՛ս, բաբելացիների թագաւոր Նաբուքոդոնոսորին, որ արքայից արքայ է՝ կառքերով ու երիվարներով, շատ ու շատ ազգերի գունդագունդ հեծեալներով։
8Նա քո արուարձանների բնակիչներին դաշտում սրով է կոտորելու, շուրջդ պահակ է դնելու եւ փոս փորելու, պատնէշ ու ռազմական ամրոցներ է կանգնեցնելու,
9իր գեղարդները քո դէմ է պահելու, պարիսպներդ ու աշտարակներդ սրով է կործանելու։
10Նրա հեծեալների բազմութիւնից դրանց փոշին ծածկելու է քեզ. հեծեալների եւ նրանց անիւների ու կառքերի ձայնից դղրդալու են պարիսպներդ, երբ նա ներս մտնի քո դարպասներից, ինչպէս որ մէկը դաշտից քաղաք կը մտնի։
11Իրենց երիվարների սմբակներով կոխոտելու են հրապարակներդ, սրով կոտորելու են ժողովրդիդ, գետին են տապալելու զօրաւոր ամրոցներդ։
12Աւարելու են ամրոցներդ, կողոպտելու՝ ունեցուածքդ, ինչքդ, կործանելու են պարիսպներդ, տապալելու՝ ցանկալի ապարանքներդ, ծովն են թափելու քարերդ, փայտերդ ու հողդ։
13Նա քայքայելու է քո բազմաթիւ երգիչների խմբերը, եւ երգի ձայներ չեն լսուելու այլեւս քո մէջ։
14Քեզ լերկ ժայռաստանի եմ վերածելու, եւ լինելու ես ուռկաններ գցելու տեղ։ Այլեւս չես վերաշինուելու, որովհետեւ ես խօսեցի», - ասում է Ամենակալ Տէրը։ -
15Այսպէս է ասում Տէր Աստուած Տիւրոսին. «Չէ՞ որ քո կործանման ձայնից, քո վիրաւորների հեծեծելուց, քո մէջ սրի մերկանալուց դղրդալու են քո կղզիները,
16եւ այդ ծովագնաց ազգերի բոլոր իշխաններն իջնելու են իրենց գահաւորակներից, հանելու են գլուխներից իրենց խոյրերը, մերկանալու են իրենց գոյնզգոյն հագուստներից, տագնապելով տագնապելու են, գետին են տապալուելու, զարհուրելու են իրենց կործանման ժամանակ,
17հոգոց են հանելու քեզ վրայ, ողբալու եւ ասելու են. “ Ինչո՞ւ կորստեան մատնուեցիր, քանդուեցիր ծովի մէջ, ո՛վ հոյակապ քաղաք, որ զօրացել էիր ծովում, դու եւ քո բնակիչները, մինչ զարհուրեցնում էիր բոլոր բնակիչներիդ։
18Կղզիներն իրենք են սարսափելու քո կործանման օրից. ծովիդ կղզիները խռովուելու են քո բնաջնջման համար”։
19Այսպէս է ասում Տէր Աստուած. «Երբ քեզ՝ քաղաքդ աւերակ դարձնեմ, ինչպէս որ լինում են ամայաբնակ քաղաքները, երբ վիհերը բերեմ քեզ վրայ, ու քեզ առատ ջրեր ողողեն, - 20քեզ էլ եմ իջեցնելու գերեզման իջածների մօտ, յաւիտենապէս ամբոխուածների մօտ։ Քեզ բնակեցնելու եմ երկրի ընդերքներում, որպէս յաւիտենական աւերակ, յաւիտենապէս խորխորատ իջածների կողքին, որպէսզի այլեւս բնակելի չդառնաս, երկրի վրայ կենդանի չմնաս։ 21Կորստեան եմ մատնելու քեզ, եւ դու այլեւս գոյութիւն չես ունենալու։ Փնտռուելու ես, բայց յաւիտեան չես գտնուելու»։ 22Ողբ Տիւրոսի վրայ