Եզեկիէլ մարգարեյի գիրք
20
ԻՍՐԱՅԷԼԻ ԱՆՀԱՒԱՏԱՐՄՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ
Իսրայէլի տան աւագներին
1Եօթներորդ տարում, հինգերորդ ամսին, ամսուայ տասներորդ օրը, Իսրայէլի տան աւագներից մարդիկ եկան՝ հարցում անելու Տիրոջը, ու նստեցին իմ առաջ։
2Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 3«Մարդո՛ւ որդի, խօսի՛ր Իսրայէլի այդ տան աւագների հետ ու ասա՛ դրանց. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. հարցում անելո՞ւ էք գալիս ինձ մօտ։ Վկայ եմ ես, ձեզ չեմ պատասխանելու”, - ասում է Ամենակալ Տէրը։ 4Պատժե՞մ դրանց, մարդո՛ւ որդի. դրանց հայրերի մեղքերի վկայութիւնը դի՛ր դրանց առաջ։ 5Եւ ասա՛ դրանց. “Այսպէս է ասում Տէր Աստուածը. այն օրից, երբ աչքս քաղցրացաւ Իսրայէլի այդ տան վրայ, երբ յայտնուեցի Յակոբի այդ տան զաւակին, երբ յայտնուեցի Եգիպտացիների նրանց երկրում, ձեռք մեկնեցի նրանց ու ասացի. ՛՛Ես եմ ձեր Տէր Աստուածը՛՛, - 6այն օրը ձեռք պարզեցի նրանց՝ դուրս բերելու համար Եգիպտացիների երկրից դէպի այն երկիրը, որ նրանց համար էի պատրաստել, մի երկիր, ուր կաթ եւ մեղր է բխում, որ աւելի քաղցր է, քան ուրիշ որեւէ երկրինը։ 7Եւ ասացի նրանց. “Իւրաքանչիւրը թող դէ՛ն նետի իր աչքերից գարշելի կուռքերը. եգիպտացիների ճանապարհով ընթանալով՝ մի՛ պղծուէք։ Ես եմ ձեր Տէր Աստուածը”։
8Սակայն նրանք ապստամբեցին իմ դէմ, չուզեցին ինձ անսալ։ Իւրաքանչիւր ոք իր աչքերից գարշելի կուռքերը դէն չնետեց։ Եգիպտացիների ճանապարհը չթողեցին։ Ես էլ ասացի, որ սրտմտութիւնս եմ թափելու նրանց վրայ՝ եգիպտացիների մէջ յագեցնելու համար նրանց դէմ զայրոյթս։ 9Բայց դա արեցի, որպէսզի անունս երբեք չպղծուի այն ազգերի մէջ, որոնց մէջ էին գտնւում դրանք։ Յայտնուեցի նրանց մէջ՝ Եգիպտացիների երկրից դուրս բերելու համար նրանց։ 10Եւ նրանց դուրս բերեցի Եգիպտացիների երկրից, բերեցի անապատ, 11տուեցի նրանց պատուիրաններս, ցոյց տուեցի նրանց օրէնքներս, որոնք գործադրելու դէպքում մարդ դրանցով կ’ապրի։ 12Շաբաթ օրերս էլ տուեցի նրանց, որպէսզի նշան լինեն իմ ու նրանց միջեւ, եւ որպէսզի նրանք իմանան, որ ես եմ Տէրը, որ սրբագործում եմ նրանց։ Եւ այն անապատում ասացի Իսրայէլի տանը. “Իմ հրամաններո՛վ շարժուեցէք”, բայց չշարժուեցին։ Ասացի. “Պահեցէ՛ք ու գործադրեցէ՛ք օրէնքներս, որոնք գործադրելու դէպքում մարդ դրանցով կ’ապրի”։
13Սակայն Իսրայէլի տունն ինձ դառնացրեց անապատում։ Իմ հրամաններով չշարժուեցին, զանց առան օրէնքներս, որոնք եթէ մէկը գործադրէր՝ դրանցով կ’ապրէր։ Շաբաթ օրերս սաստիկ պղծեցին։ Ու ասացի, որ անապատում սրտմտութիւնս թափելու եմ նրանց վրայ՝ ոչնչացնելու համար նրանց։ 14Եւ դա արեցի, որպէսզի անունս երբեք չպղծուի այն ազգերի առաջ, որոնց միջից, նրանց աչքերի առջեւ, դուրս բերեցի սրանց։ 15Եւ անապատում ձեռքս բարձրացրի նրանց վրայ՝ ամենեւին չտանելու համար նրանց այն երկիրը, որ յատկացրել էի նրանց, մի երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, որ աւելի քաղցր է, քան ուրիշ որեւէ երկրինը։ 16Այն բանի համար, որ զանց առան օրէնքներս, իմ հրամաններով չշարժուեցին, շաբաթներս պղծեցին եւ իրենց սրտի մտադրութիւնների յետեւից գնացին, - 17աչքս խնայեց նրանց ու չջնջեց նրանց, անապատում վերջ չտուեցի նրանց։ 18Ու ասացի նրանց անապատում. “Ձեր հայրերի կրօնով մի՛ առաջնորդուէք, նրանց օրէնքները մի՛ պահէք, նրանց վարքով մի՛ խառնակուէք ու մի՛ պղծուէք։ 19Ես եմ ձեր Տէր Աստուածը, իմ հրամաններո՛վ շարժուեցէք, իմ օրէնքնե՛րը պահեցէք ու գործադրեցէ՛ք դրանք, շաբաթներս սո՛ւրբ պահեցէք, 20եւ դա նշան կը լինի իմ ու ձեր միջեւ։ Կ’իմանաք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը”։
21Նրանց զաւակներն էլ դառնացրին ինձ, իմ հրամաններով չշարժուեցին, հոգ չտարան գործադրելու օրէնքներս, որոնք գործադրելու դէպքում մարդ դրանցով կ’ապրի։ Շաբաթներս էլ էին պղծում։ Ես էլ ասացի, որ սրտմտութիւնս եմ թափելու նրանց վրայ անապատում՝ յագեցնելու համար նրանց դէմ զայրոյթս։ 22Բայց ես նրանց վրայից յետ քաշեցի ձեռքս, եւ դա արեցի, որպէսզի անունս երբեք չպղծուի այն ազգերի մէջ, որոնց միջից, նրանց աչքերի առջեւ, դուրս բերեցի սրանց։
23Այն անապատում ես ձեռքս նրանց վրայ բարձրացրի՝ ազգերի մէջ նրանց սփռելու, երկրներով մէկ ցիրուցան անելու համար, քանի որ 24օրէնքներս չգործադրեցին, պատուէրներս զանց առան, շաբաթներս պղծեցին, եւ իրենց աչքներն էլ իրենց հայրերի մտադրութիւնների վրայ էր։ 25Այդ էր պատճառը, որ նրանց տուեցի հրամաններ, որ բարի չէին, եւ օրէնքներ, որոնցով չէին կարող ապրել։ 26Նզովելու եմ նրանց՝ իրենց ընծաներով հանդերձ, այնպէս եմ անելու, որ ոչնչացնեմ նրանց բոլոր անդրանիկ ծնունդներին։ Եւ պէտք է իմանան, որ ես եմ Տէրը»։
ԱՍՏՈՒԱԾ ՎԵՐՋ Է ԴՆԵԼՈՒ
ԻՍՐԱՅԷԼԻ ԿՌԱՊԱՇՏՈՒԹԵԱՆԸ
27«Ուստի խօսի՛ր Իսրայէլի այդ տան հետ, մարդո՛ւ որդի, ու ասա՛ դրանց. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ձեր հայրերը սաստիկ բարկացրին ինձ իմ հանդէպ իրենց գործած մեղքերով. 28նրանց տարայ այն երկիրը, որ երդուել էի նրանց տալ։ Այնտեղ տեսան նրանք բոլոր բարձր բլուրները, սաղարթախիտ ծառերը, զոհեր մատուցեցին իրենց աստուածներին, իրենց զոհաբերութիւնների կարգը կատարեցին, ծխեցին իրենց անուշահոտ խունկը, ընծայաբերեցին իրենց նուէրները։ 29Եւ ասացի նրանց. “Այդ ի՞նչ աբբանա՝ բարձրադիր սրբավայր է, ուր դուք մտնում էք”։ Եւ այն կոչուեց աբբանա։ Ու այդպէս է կոչւում մինչեւ այսօր։
30Դրա համար էլ ասա՛ Իսրայէլի տանը. “Այսպէս է ասում Տէր Աստուածը. ձեր հայրերի անօրէնութեամբ ապականւում էք, նրանց գարշելի կուռքերի հետ պոռնկանում, 31նուէրներ մատուցում, ձեր որդիներին ընծայաբերում էք աստուածներին՝ կրակի միջով անցկացնելով նրանց։ Մինչեւ օրս պղծւում էք ձեր բոլոր մտածումների մէջ։ Եւ ես ձեզ պատասխա՞ն եմ տալու, ո՛վ տունդ Իսրայէլի։ Վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - ես ձեզ պատասխան չեմ տալու։
32Եւ եթէ այդ բանը ձեր մտքով անցնում է, չի լինելու այնպէս, ինչպէս դուք էք ասում, թէ՝ “Մենք կը լինենք հեթանոսների կամ երկրի այն ազգերի նման, ովքեր ծառեր ու քարեր են պաշտում”։
ԱՍՏՈՒԱԾ ՊԱՏԺՈՒՄ Է ԵՒ ՆԵՐՈՒՄ
33“Ուստի վկայ եմ ես, - ասում է Ամենակալ Տէրը, - հզօր ձեռքով, բարձրացած բազկով ու յորդացող ցասումով եմ թագաւորելու ձեզ վրայ։ 34Հանելու եմ ձեզ ազգերի միջից, դուրս եմ բերելու այն երկրներից, ուր դուք ցրուած էք, - հզօր ձեռքով, բարձրացած բազկով ու յորդացող ցասումով։ 35Բերելու եմ ձեզ ազգերի անապատը, դատի եմ նստելու ձեզ հետ երես առ երես, 36ինչպէս որ այն անապատում դատի նստեցի ձեր հայրերի հետ, երբ նրանց դուրս հանեցի Եգիպտացիների երկրից։ Այդպէս եմ դատելու ձեզ, - ասում է Տէրը, Ամենակալն Աստուած։ 37Ձեզ անց եմ կացնելու մականիս տակով, մտցնելու եմ իմ հետ ուխտ կապածների թուի մէջ 38ու զատորոշելու եմ ձեր միջից ամբարիշտներին եւ ապստամբներին, որպէսզի նրանց հանեմ իրենց բնակած վայրերից, ու նրանք չմտնեն Իսրայէլի երկիրը։ Պէտք է իմանաք, որ ես եմ Տէր Աստուածը։
39Իսկ դուք, ո՛վ տունդ Իսրայէլի, այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. նախ իւրաքանչիւրդ մի կո՛ղմ նետեցէք ձեր ընթացքը, ապա եւ լսեցէ՛ք ինձ, իմ սուրբ անունը մի՛ պղծէք ձեր նուէրներով, ձեր վարք ու բարքով, 40որովհետեւ իմ սուրբ լերան վրայ, Իսրայէլի բարձր լերան վրայ, - ասում է Տէր Աստուած, - իսպառ ինձ է ծառայելու Իսրայէլի այդ ամբողջ տունը, այնտեղ եմ ընդունելու, այնտեղ եմ ուշադիր նայելու ձեր ընծաներին, ձեր բոլոր երախայրիքներն ընդունելու եմ ձեր սուրբ ընծաներով հանդերձ, նաեւ անուշահոտութիւնները՝ 41ձեզ դուրս բերելու համար ժողովուրդների միջից եւ ընդունելու համար ձեզ այն երկրներից, ուր սփռուած էիք։ Ու ձեր մէջ, ժողովուրդների դէմ յանդիման, սրբանալու եմ։ 42Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը, երբ ձեզ տանեմ Իսրայէլի երկիրը, մի երկիր, որը երդուել եմ տալ ձեր հայրերին։ 43Եւ այնտեղ յիշելու էք ձեր բռնած ճանապարհն ու վարք ու բարքը, որոնցով պղծուեցիք դուք։ Ձեր երեսներն էք ծեծելու ձեր գործած բոլոր անիրաւութիւնների համար։ 44Պէտք է իմանաք, որ ես եմ Տէրը. այդպէս եմ անում, որպէսզի անունս չպղծուի ձեր չար ճանապարհների, ձեր ապականուած վարք ու բարքի պատճառով”», - ասում է Ամենակալ Տէրը։
ԿՐԱԿ ՀԱՐԱՒՈՒՄ
45Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 46«Մարդո՛ւ որդի, դէմքդ ուղղի՛ր դէպի Թեման, նայի՛ր Դադոնի կողմը եւ մարգարէութի՛ւն արա Նագեբ իշխանի անտառի մասին։ 47Եւ կ’ասե՛ս Նագեբի անտառին. “Լսի՛ր Տիրոջ պատգամները, այսպէս է ասում Տէրը, Ամենակալն Աստուած. ահա ես քեզ վրայ կրակ եմ թափելու, եւ քեզանում ամէն ծառ՝ դալարն էլ, չորն էլ, նրան ճարակ է դառնալու. բորբոքուած բոցը չի հանգչելու, եւ նրա մէջ այրուելու են բոլոր մարդիկ՝ արեւելքից մինչեւ հիւսիս։ 48Եւ ամէն ոք պէտք է իմանայ, որ ես՝ Տէրս եմ վառել այն. եւ դա չի հանգչելու”»։ 49Ու ասում եմ. «Քա՛ւ լիցի, Տէ՛ր Աստուած»։ Նրանք ինձ ասում են. «Չէ՞ որ դա առակ է, որ դու պատմում ես»։