Եզեկիէլ մարգարեյի գիրք
12
1Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 2«Մարդո՛ւ որդի, դրանց անօրէնութիւնների մէջ ես դու բնակւում. աչքեր ունեն տեսնելու, բայց չեն տեսնում, ականջներ ունեն լսելու, բայց չեն լսում, քանի որ դառնացնողների տուն են։ 3Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քո գերութեան պատրաստութի՛ւնը տես, ցերեկը գերութեա՛ն գնա նրանց աչքի առաջ, քո տեղից ուրիշ տե՛ղ քոչիր նրանց աչքի առաջ, որ տեսնեն, քանի որ նրանք դառնացնողների տուն են։ 4Նրանց աչքի առաջ մէջտե՛ղ հանիր պատրաստութիւնդ, որ տեսել ես գերութեան համար։ 5Երեկոյեան նրանց առա՛ջ ելիր, ինչպէս գերին է ելնում, նրանց աչքի առաջ պատը ծակի՛ր ու դրա միջով սրանց առա՛ջ ելիր։ 6Կուզէկուզ կը գնաս ու գաղտագողի դուրս կ’ելնես. գլխիդ շոր կը գցես, որ շուրջդ չտեսնես։ Քեզ խորհրդանշան դարձրի Իսրայէլի տան համար»։
7Եւ ամէն բան այնպէս արեցի, ինչպէս որ պատուիրել էր ինձ Տէրը. ցերեկը գերու հագուստ գցեցի վրաս, երեկոյեան իմ ձեռքով պատը փորեցի. ու նրանց աչքի առաջ գաղտագողի, կուզէկուզ էի գնում։ 8Իսկ առաւօտեան Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 9«Մարդո՛ւ որդի, Իսրայէլի տան՝ դառնացնողների տան զաւակները չասացի՞ն քեզ, թէ՝ “Այդ ի՛նչ ես անում”։ 10Արդ, ասա՛ նրանց. “Այսպէս է ասում Տէր Աստուածը Երուսաղէմի իշխաններիդ ու առաջնորդներիդ, Իսրայէլի բոլոր զաւակներին, որ այնտեղ են բնակւում. 11ես խորհրդանշան եմ ձեզ համար Երուսաղէմի մէջ. ինչպէս որ արել եմ քեզ՝ այնպէս էլ լինելու է նրանց հետ, որովհետեւ պանդխտութեան ու գերութեան են գնալու։ 12Իշխանն էլ նրանց մէջ կուզէկուզ է գնալու, գաղտագողի է շրջելու, պատը փորելով է դուրս գալու, դէմքը ծածկելով է գնալու եւ շուրջը չի տեսնելու։ 13Ցանցս գցելու եմ նրա շուրջ, եւ նա բռնուելու է ուռկանիս մէջ։ Տանելու եմ նրան Բաբելոն՝ քաղդէացիների երկիրը, բայց նա այդ երկիրը չի տեսնելու եւ այնտեղ էլ մեռնելու է։ 14Եւ նրա բոլոր օգնականներին, որոնք նրա շուրջն են, նրա բոլոր պաշտպաններին ցրելու եմ բոլոր հողմերին ու սուր եմ քաշելու նրանց յետեւից։ 15Եւ երբ ես նրանց ցրեմ ազգերի մէջ, սփռեմ երկրներով մէկ, պէտք է իմանան, որ ես եմ Տէրը։ 16Սակայն նրանցից սակաւաթիւ մարդկանց զերծ եմ թողնելու սովից, սրից ու համաճարակից, որպէսզի պատմեն իրենց բոլոր անօրէնութիւնները ա՛յն ազգերի մէջ, ուր որ մտնեն։ Ու պէտք է իմանան, որ ես եմ Տէրը”»։
ԴՈՂԱՑՈՂ ՄԱՐԳԱՐԷԻ ՆՇԱՆԸ
17Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 18«Մարդո՛ւ որդի, հացդ կարօտութեա՛մբ կեր եւ ջուրդ տանջանքներո՛վ ու նեղութեա՛մբ խմիր։ 19Եւ ասա՛ այդ երկրի ժողովրդին. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը Երուսաղէմի բնակիչներին. Իսրայէլի երկրում իրենց հացը կարօտութեամբ են ուտելու, իրենց ջուրը գարշանքով են խմելու, որպէսզի իրենց երկիրն ամբողջութեամբ կործանուի, որովհետեւ նրա բոլոր բնակիչներն ամբարշտութեան մէջ են։ 20Նրանց մարդաբնակ քաղաքներն էլ աւերուելու են, նրանց երկիրն էլ ապականութեան մէջ է լինելու։ Պէտք է իմանան, որ ես եմ Տէրը”»։
ՏԻՐՈՋ ԽՕՍՔԸ ԻՐԱԿԱՆԱՆԱԼՈՒ Է
21Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 22«Մարդո՛ւ որդի, այդ ի՞նչ ասացուածք է, որ ասւում է Իսրայէլի այդ երկրում, թէ՝ “Հեռու են օրերը, ու չքացել են բոլոր տեսիլքները”։ 23Ուստի ասա՛ նրանց. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. խափանելու եմ այդ առակը, եւ Իսրայէլի զաւակներն այլեւս այդ առակը չեն արտասանելու, որովհետեւ պիտի ասես նրանց, որ մօտ են օրերն ու կատարուելու են բոլոր տեսիլքների պատգամները։ 24Այլեւս ոչ մի սուտ տեսիլք չի լինելու Իսրայէլում, ոչ էլ հաճոյական գուշակութիւններ՝ Իսրայէլի զաւակների համար։ 25Արդարեւ, ես՝ Տէրս ասացի այս խօսքերը, ասացի ու իրագործելու եմ դրանք, չեմ յետաձգելու, որովհետեւ, ո՛վ դառնացնողների տուն, ձեր օրերին է, որ ասել եմ այդ խօսքերը եւ իրագործելու եմ դրանք”», - ասում է Ամենակալ Տէրը։
26Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց. 27«Մարդո՛ւ որդի, ահա Իսրայէլի այդ տունը՝ դառնացնողների տունն ասում է. “Դրա՝ Եզեկիէլի տեսած տեսիլքը, ինչ որ դա մարգարէանում է, բազմաթիւ օրեր յետոյ, հեռաւոր ժամանակներում է կատարուելու”։ 28Դրա համար էլ ասա՛ դրանց. “Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. իմ ասած խօսքերից շատ չի անցնելու, եւ ինչ որ ասել եմ՝ իրագործելու եմ”», - ասում է Ամենակալ Տէրը։