Եզեկիէլ մարգարեյի գիրք
10
ՏԷՐԸ ՆՈՐԻՑ Է ԵՐԵՒՈՒՄ ԵԶԵԿԻԷԼԻՆ
1Ու ահա տեսնում էի, որ երկնքում, որ քերովբէների գլխավերեւում էր, շափիւղայ քարից շինուած գահի նմանուող մի բան կար։ 2Եւ ասաց սքեմ հագած մարդուն. «Մտի՛ր այդ անիւների մէջտեղը, քերովբէների տակ, բուռդ լցրո՛ւ այդ քերովբէների մէջտեղում եղող շիկացած ածուխներով ու դրանք ցանի՛ր քաղաքի վրայ»։ 3Եւ նա մտաւ իմ աչքի առաջ։ Երբ մարդը մտնում էր, քերովբէները կանգնած էին տաճարի աջ կողմում. ծխի ամպն էլ լցրել էր ներքնասրահը։ 4Եւ այն քերովբէների վրայից օդի մէջ վեր բարձրացաւ Տիրոջ փառքը, որ տաճարում էր. տաճարը լցուեց ծխի ամպով, սրահն էլ լցուեց Տիրոջ փառքի լոյսով։ 5Եւ քերովբէների թեւերի ձայնը լսելի էր լինում մինչեւ արտաքին գաւիթը, ինչպէս Սադայի Աստծու ձայնը, երբ նա խօսում էր։ 6Մինչ Աստուած հրահանգ էր տալիս սուրբ սքեմ հագած մարդուն ու ասում էր՝ «Կրա՛կ առ քերովբէների մէջտեղում եղող այդ անիւների միջից», - 7սա մտաւ ու կանգնեց անիւների մէջտեղը։ Եւ քերովբէներից մէկը ձեռքը մեկնեց կրակի մէջ, որ քերովբէների մէջտեղում էր, առաւ այն ու տուեց նրա ձեռքը։ Եւ նա, որ սուրբ սքեմ էր հագել, առաւ այն ու այնտեղից դուրս եկաւ։ 8Նայում էի քերովբէներին ու նրանց թեւերի տակ տեսնում մարդու ձեռքի պէս մի բան։
9Տեսնում էի նաեւ, որ ահա չորս անիւներ կային քերովբէների մօտ, ամէն մի քերովբէի ետեւում՝ մի անիւ։ Եւ անիւների տեսքը նման էր կարկեհան ակի տեսքին։ 10Չորս անիւների տեսքն էլ այնպիսին էր, որ կարծես մի անիւը միւսի մէջ անցած լինէր։ 11Եւ երբ դրանք շարժւում էին, չորս կողմերից մէկի ուղղութեամբ էին ընթանում ու յետ շուռ չէին գալիս, որովհետեւ դէպի առաջ ո՛ր կողմ որ նայում էր գլուխը՝ նրա յետեւից էին ընթանում եւ միւսները ու յետ շուռ չէին գալիս։ 12Եւ նրանց բոլորի մարմինները՝ թէ՛ ձեռքերը, թէ՛ թեւերը, ինչպէս նաեւ անիւները, չորս կողմից լիքն էին աչքերով։ 13Հէնց ինքս լսեցի, որ անիւներին դիւրաթաւալ անունն էին տալիս։ 14Եւ քերովբէներից ամէն մէկը չորս դէմք ունէր. մէկը քերովբէի դէմք էր, երկրորդը՝ մարդու, երրորդը՝ առիւծի, իսկ չորրորդը՝ արծուի։ 15Ու քերովբէները վեր բարձրացան։ Սա այն գազանն էր, որ տեսել էի Քոբար գետի ափին։ 16Երբ քերովբէները գնում էին, անիւներն էլ էին ընթանում նրանց յետեւից, իսկ երբ քերովբէները իրենց թեւերը բարձրացնում էին՝ երկրից վերանալու համար, անիւները յետ չէին դառնում, որովհետեւ նրանց հետ էին։ 17Երբ քերովբէները կանգ էին առնում, անիւներն էլ կանգ էին առնում, իսկ երբ քերովբէները վեր էին բարձրանում, անիւներն էլ էին վեր բարձրանում, որովհետեւ նրանց մէջ կենդանի ոգի կար։
ՏԻՐՈՋ ՓԱՌՔԸ ԳՆՈՒՄ Է ՏԱՃԱՐԻՑ
18Եւ Տիրոջ փառքը տաճարի մուտքի գաւթից բարձրացաւ ու նստեց քերովբէների վրայ։ 19Քերովբէներն էլ բարձրացրին իրենց թեւերը, աչքերիս առաջ համբարձան երկրից, անիւներն էլ՝ նրանց յետեւից։ Եւ կանգնեցին Տիրոջ տան շեմին, որ նայում էր դէպի արեւելք. Իսրայէլի Աստծու փառքն էլ նրանց վերեւում էր։ 20Այս այն կենդանի էակն էր, որին ես տեսել էի Քոբար գետի ափին Իսրայէլի Աստծուց ներքեւ ու իմացայ, որ դրանք քերովբէներ են։ 21Ամէն մէկը չորսական դէմք ունէր, ամէն մէկը՝ ութական թեւ, թեւերի տակ՝ մարդու ձեռքերի նմանութեամբ ձեռքեր։ Երեսներն էլ նման էին մարդու երեսի։ 22Սրանք այն երեսներն էին, որ ես տեսել էի Քոբար գետի ափին, Իսրայէլի Աստծու փառքի ներքեւ. հէնց նրանց տեսիլքն էր, նրանք էին. իւրաքանչիւրն իր դէմքի ուղղութեամբ էր ընթանում։