Ելից

13

ԱՆԴՐԱՆԻԿՆԵՐԻ ՆՈՒԻՐՈՒՄԸ

1Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. 2«Ինձ նուիրաբերի՛ր բոլոր իսրայէլացիների անդրանիկ զաւակներին, ամէն մի նախածին, մարդ թէ անասուն, որովհետեւ իմն է»։

ԲԱՂԱՐՋԱԿԵՐԱՑ ՏՕՆԸ

3Մովսէսն ասաց ժողովրդին. «Յիշեցէ՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկութեան այս տնից, որովհետեւ Տէրը ձեզ իր հզօր ձեռքով հանեց այստեղից։ Թթխմորով չպիտի ուտէք, 4որովհետեւ դուք այսօր, գարնանային վաղահաս բերքի ամսին էք դուրս գալիս։ 5Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի քո հայրերին խոստացած Քանանացիների, Քետացիների, Ամորհացիների, Խեւացիների, Յեբուսացիների, Փերեզացիների ու Գերգեսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է հոսում, ապա հէնց այդ ամսին այս ծիսակատարութիւնը կ’անես։ 6Եօթը օր հաց կ’ուտէք, իսկ եօթներորդ օրը Տիրոջ տօնը կը լինի. բաղարջ հաց կ’ուտէք։ 7Ձեր տանը թթխմորով հաց չլինի, քո ողջ երկրի սահմաններում չերեւայ։ 8Այդ օրը քո որդուն կը պատմես՝ ասելով. “Դա կատարւում է ի յիշատակ այն բանի, ինչ արել է ինձ Տէր Աստուածը, երբ դուրս էի գալիս Եգիպտոսից»։ 9Ասածս նշան արա՛ ձեռքիդ վրայ, նաեւ նշան՝ ճակատիդ, որ յիշես։ Տիրոջ օրէնքները թող քո բերանում լինեն, քանի որ Տիրոջ հզօր ձեռքն է հանել քեզ Եգիպտոսից։ 10Այս օրէնքները կը պահպանէք տարէցտարի ձեր կեանքի բոլոր օրերում»։

ԱՆԴՐԱՆԻԿԸ

11«Երբ քո Տէր Աստուածը քեզ կը տանի Քանանացիների երկիրը, ինչպէս խոստացել է քեզ ու քո հայրերին, եւ այն կը տայ քեզ, 12Տիրոջ համար կ’առանձնացնես անդրանիկ բոլոր արու ծնունդներին եւ քո արջառների ու ոչխարների առաջնածիններին, որոնք պիտի ծնուեն։ Դրանք բոլորը Տիրոջը կը նուիրաբերես։ 13Առաջնածին էշը կը փոխանակես ոչխարի հետ, իսկ եթէ չուզենաս փոխանակել, ապա դա փրկագին կը ։ Քո որդիների բոլոր անդրանիկ զաւակներին կը փրկագնես։ 14Եթէ դրանից յետոյ որդիդ հարցնի քեզ ու ասի, թէ՝ “Ի՞նչ է այս”, նրան կ’ասես, թէ՝ “Տէրը հզօր ձեռքով է հանել մեզ Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։ 15Երբ փարաւոնի սիրտը կարծրացաւ ու մեզ չարձակեց, Տէրը Եգիպտացիների երկրում կոտորեց բոլոր անդրանիկներին՝ մարդկանց անդրանիկ զաւակներից մինչեւ անասունների առաջնածինները։ Հէնց դրա համար էլ ես Տիրոջն եմ նուիրաբերում բոլոր առաջնածին արուներին, իսկ իմ որդիներից բոլոր անդրանիկ զաւակներին փրկագին կը տամ”։ 16Ասածս նշան արա՛ ձեռքիդ վրայ, նաեւ նշան՝ ճակատիդ, որ յիշես, թէ Տէրը ինչպէս է հզօր ձեռքով մեզ հանել Եգիպտոսից»։

ԱՄՊԻ ԵՒ ԿՐԱԿԻ ՍԻՒՆԸ

17Երբ փարաւոնն արձակեց ժողովրդին, նրանց կարճ ճանապարհով՝ Փղշտացիների երկրով չառաջնորդեց, որովհետեւ Աստուած մտածեց, թէ ժողովուրդը պատերազմի բռնուելով՝ գուցէ վախենայ ու վերադառնայ։ 18Դրա համար Աստուած ժողովրդին շրջանցիկ՝ անապատի ճանապարհով տարաւ դէպի Կարմիր ծով։ Իսրայէլացիները Եգիպտացիների երկրից դուրս եկան հինգերորդ սերնդի ։ 19Մովսէսն իր հետ տարաւ Յովսէփի ոսկորները, որովհետեւ Յովսէփը, երդուեցնելով Իսրայէլի որդիներին, ասել էր. «Երբ Տէրը ձեզ այցի գայ, իմ ոսկորները կը հանէք այստեղից ու կը տանէք ձեզ հետ»։

20Սոկքոթից դուրս գալով՝ իսրայէլացիները եկան եւ կայք հաստատեցին Ոթոմում՝ անապատի եզրին։ 21Աստուած ցերեկը նրանց առաջնորդում էր ամպի սիւնով, որպէսզի ճանապարհ ցոյց տայ նրանց, իսկ գիշերը՝ հրէ սիւնով, որպէսզի գիշեր-ցերեկ նրանք ուղեցոյց ունենան։ 22Ցերեկը ամպի սիւնը, իսկ գիշերը հրէ սիւնը միշտ ամբողջ ժողովրդի աչքի առաջ էր։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն