Եսթեր

7

ՀԱՄԱՆԻ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ

1Թագաւորն ու Համանը եկան տիկնոջ գինարբուքին։ 2Երկրորդ օրն էլ, մինչ էին ըմպում, արքան ասաց Եսթերին. «Ի՞նչ է պէտք քեզ, Եսթե՛ր տիկին, եւ ի՞նչ է քո խնդրանքը կամ աղաչանքը. քո՛նը կը լինի մինչեւ իմ թագաւորութեան կէսը»։ 3Եսթերը պատասխանեց ու ասաց. «Եթէ քո առջեւ գտայ, արքա՛յ, իմ խնդրանքը մի անձ է միայն, եւ թող իմ աղաչական խօսքն ընդունելի լինի։ 4Արդարեւ, ես եւ իմ ժողովուրդը վաճառուեցինք կորստեան, ստրկութեան ու յափշտակութեան համար, թէ՛ մենք եւ թէ՛ մեր որդիները. բայց ես չհաւատացի։ Արդ, բանսարկու մարդն արժանի չէ թագաւորի տանը լինելու»։ 5Արքան ասաց. «Ո՞վ է եւ ո՞ւր է նա, ով համարձակուեց անել այս բաները»։ 6Եսթերն ասաց. «Այդ մարդը Համանն է, որ չար է, նա՛ արեց»։ Համանն ահաբեկուեց եւ խիստ վախեցաւ արքայից ու տիկնոջից։ 7Թագաւորը վեր կացաւ ճաշից ու մտաւ արքունի ծաղկանոցը, իսկ Համանը ցանկանում էր հրաժեշտ տալ տիկնոջը, քանզի մեծ վախի մէջ էր։ 8Թագաւորը վերադարձաւ ծաղկանոցից ու տեսաւ, որ Համանն ընկած էր տիկնոջ գահոյքի առջեւ եւ նրան աղաչում էր իր փրկութեան համար։ Թագաւորն ասաց. «Արդ, հասար այն աստիճանի, որ ուզում ես իմ տանն իմ կնոջը բռնաբարել»։ Երբ Համանը լսեց այդ, ահաբեկուելով ու ամօթահար, ընկաւ երեսի վրայ։ 9Ներքինիներից մէկը՝ Բուգաթանը, ասաց արքային. «Ահա Համանն արքայի սիրելի Մուրթքէի համար նաեւ յիսուն կանգուն մի կախաղան է պատրաստել եւ դրել իր տանը»։ Թագաւորն ասաց. «Թող նա խաչուի դրա վրայ»։ 10Եւ Համանին կախեցին այն կախաղանից, որ նա պատրաստել էր Մուրթքէի համար։ Ապա թագաւորը հանդարտուեց իր բարկութիւնից։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն