Եսթեր

5

ՄՈՒՐԹՔԷԻՆ ԿԱԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

4Եսթերն ասաց. «Իմ այս օրը նշանաւոր է. եթէ արքան կամենայ, դու եւ Համանը կը գաք իմ խնջոյքին, որ տալու եմ այսօր»։ 5Թագաւորն ասաց. «Շտապ կանչեցէ՛ք Համանին, եւ կատարենք Եսթերի ասածը»։ Նրանք երկուսով եկան Եսթերի ասած խնջոյքին։ 6Եւ մինչ նրանք էին խմում, արքան ասաց Եսթերին. «Ի՞նչ ես կամենում, Եսթե՛ր տիկին, ինչ էլ խնդրես՝ կը տամ քեզ»։ 7Եսթերն ասաց. «Իմ աղաչանքն ու խնդրանքն այս է. 8եթէ ես գտայ արքայի առջեւ, թող գան արքան եւ Համանը խնջոյքին, որ ձեզ համար կրկին տալու եմ վաղը»։ 9Համանն արքայի մօտից ելաւ մեծ ուրախութեամբ։ Երբ Համանը թագաւորի տանը տեսաւ Մուրթքէին՝ հրեայ մարդուն, շատ բարկացաւ։ 10Ապա նա մտաւ իր տունը, կանչեց իր սիրելիներին ու իր Զոսարրային 11եւ նրանց պատմեց իր մեծութեան ու փառքի մասին, որ իրեն տուել էր թագաւորը, եւ թէ ինչպէս իրեն դարձրել էր իր թագաւորութեան մէջ առաջինը։ 12Համանն ասաց. «Եսթեր տիկինն իր խնջոյքին արքայի հետ չկանչեց ուրիշ մէկին, բացի ինձանից. եւ վաղը կրկին հրաւիրեց ինձ։ 13Բայց ինձ համար հաճելի չէ, երբ թագաւորի տանը տեսնում եմ Մուրթքէին՝ հրեայ մարդուն»։ 14Իր կին Զոսարրան եւ իր սիրելիներն ասացին նրան. «Հրամա՛ն տուր, որ յիսուն կանգուն բարձրութեամբ մի կախաղան պատրաստեն. առաւօտեան կ’ասես արքային, որ Մուրթքէն կախաղան հանուի, իսկ դու արքայի հետ կը մտնես խնջոյքի եւ ուրախ կը լինես նրա հետ»։ Այս խօսքը հաճելի թուաց Համանին, եւ կախաղանը պատրաստեցին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն