Երկրորդ Օրինաց
16
ԶԱՏԿԱԿԱՆ ՏՕՆԸ
()
1«Պահի՛ր Կանխոց ամիսը, կատարի՛ր քո Տէր Աստծու զատիկը, որովհետեւ Կանխոց ամսին, գիշերով դուրս եկաք Եգիպտոսից։ 2Քո Տէր Աստծու համար կը մորթես զատիկը՝ ոչխարներ ու արջառներ կը զոհես այն վայրում, որ կ’ընտրի քո Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ։ 3Դրա հետ թթխմորով բան չուտես։ Դրա հետ եօթը օր բաղարջ՝ չարչարանաց հաց կ’ուտես, որովհետեւ տագնապով դուրս եկաք Եգիպտոսից, որպէսզի ձեր կեանքի բոլոր օրերին յիշէք Եգիպտացիների երկրից ձեր դուրս գալու օրը։ 4Քո բոլոր բնակավայրերում եօթը օր թթխմորով բան չերեւայ, եւ մինչեւ յաջորդ առաւօտ չմնայ այն մսից, որ մորթել ես առաջին օրուայ երեկոյեան։ 5Չհամարձակուես քո զատիկը մորթել քո քաղաքներից մէկում, որոնք քո Տէր Աստուածը տալու է քեզ. 6զատիկը կը մորթես այն վայրում, որ կ’ընտրի քո Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ, կը զոհես երեկոյեան՝ մայրամուտին, այն ժամանակ, երբ դուրս եկար Եգիպտոսից։ 7Կ’եփես, կը խորովես ու կ’ուտես այն վայրում, որ կ’ընտրի քո Տէր Աստուածը, եւ վաղ առաւօտեան կը վերադառնաս քո տունը։ 8Վեց օր բաղարջ հաց կ’ուտես, իսկ եօթներորդ օրը ելքի օրն է՝ քո Տէր Աստծու տօնը։ Այդ օրը ոչ մի գործ չես կատարի, բացի այն գործերից, որ անհրաժեշտ են մարդու պէտքերի համար»։
ՀՆՁԻ ՏՕՆԸ
(, )
9«Եօթը շաբաթ կը հաշուես՝ սկսած քո մանգաղը գործի դնելու օրից։ Այդ օրուանից կը սկսես հաշուել եօթը շաբաթ 10եւ Շաբաթների տօնը կատարելով քո Տէր Աստծու համար՝ կը տաս քո ունեցածի չափով, ինչպէս որ քո Տէր Աստուածը օրհնեց քեզ։ 11Դու, քո տղան ու քո աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակուող ղեւտացին ու ձեզ հետ բնակուող պանդուխտը, որբն ու այրին քո Տէր Աստծու առջեւ կ’ուրախանաք այն վայրում, որ կ’ընտրի Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնուի այնտեղ։ 12Յիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ հետամո՛ւտ եղիր, որ կատարես այս պատուիրանները»։
ՏԱՂԱՒԱՐԱՀԱՐԱՑ ՏՕՆԸ
()
13«Տաղաւարահարաց տօնը կը կատարես եօթը օր, երբ կը հաւաքես քո կալի ու քո հնձանի արգասիքը։ 14Տօնդ կատարելիս կ’ուրախանաք դու, քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակուող ղեւտացին, պանդուխտը, որբն ու այրին։ 15Քո Տէր Աստծու համար եօթը օր տօն կը կատարես այն վայրում, որ կ’ընտրի քո Տէր Աստուածը։ Եթէ քո Տէր Աստուածը օրհնի քո բոլոր բերքը եւ քո ձեռնարկած բոլոր գործերը, այն ժամանակ կ’ուրախանաս։ 16Քո բոլոր արական սեռի մարդիկ տարուայ մէջ երեք անգամ՝ Բաղարջակերաց տօնի, Շաբաթների տօնի եւ Տաղաւարահարաց տօնի ժամանակ պէտք է դէմ յանդիման կանգնեն քո Տէր Աստծու առջեւ այն վայրում, որ կ’ընտրի Տէրը։ Ոչ ոք քո Տէր Աստծու առջեւ դատարկաձեռն չպէտք է երեւայ։ 17Իւրաքանչիւրը թող ըստ իր կարողութեան տայ՝ քո Տէր Աստծու քեզ տուած օրհնութեան համեմատ»։
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԵԱՆ ՕՐԷՆՔՆԵՐ
()
18«Քո Տէր Աստծու քեզ տուած բոլոր քաղաքներում ըստ ցեղերի դատաւորներ ու օրէնսգէտներ կը կարգես, որպէսզի ժողովրդին դատեն արդար դատաստանով, 19աչառութիւն չանեն ու կաշառք չվերցնեն, որովհետեւ կաշառքը կուրացնում է իմաստուն մարդկանց աչքերը, խեղաթիւրում արդար մարդկանց խօսքերը։ 20Արդար դատ կ’անէք, որպէսզի ապրէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է ձեզ։
21Ոչ մի տեսակ ծառ մի՛ տնկիր քո Տէր Աստծու զոհասեղանի մերձակայքում, հեթանոսական նուէրներ մի՛ ընդունիր, 22քեզ համար սիւն մի՛ կանգնեցրու, մի բան, որ ատել է քո Տէր Աստուածը»։