Երկրորդ Օրինաց
15
ԵՕԹՆԵՐՈՐԴ ՏԱՐԻՆ
()
1«Ամէն եօթը տարին մէկ թողութիւն կ’անես։ 2Թողութեան կարգն այս է. եթէ քո մերձաւորին պարտք ես տուել, եւ նա պէտք է վերադարձնի դա, ապա կը զիջես, չես պահանջի դա քո մերձաւորից ու եղբօրից, որովհետեւ թողութիւնը յանուն քո Տէր Աստծու է։ 3Քեզ պատկանող, բայց օտար մարդու փոխ տրուած բանը կը պահանջես, բայց ինչ որ եղբայրդ քեզ պարտք է, այն կը զիջես։ 4Թող ձեր մէջ կարիքաւորներ չլինեն, եւ քո Տէր Աստուածը քեզ օրհնի այն երկրում, որ քեզ է տալու իբրեւ ժառանգութիւն, որպէսզի տիրես դրան։ 5Եթէ ամէն կերպ լսես քո Տէր Աստծու ձայնը՝ պահես ու կատարես բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, 6քո Տէր Աստուածը կ’օրհնի քեզ, ինչպէս խոստացել է քեզ։ Շատ ազգերի փոխ կը տաս, բայց ինքդ պարտք չես վերցնի, բազում ազգերի կը տիրես, բայց քեզ չեն տիրի։
7Եւ եթէ քո Տէր Աստծու քեզ տուած երկրի քաղաքներից որեւէ մէկում քո եղբայրների մէջ մէկը կարիքաւոր լինի, ապա նրանից երես մի՛ թեքիր, քո կարիքաւոր եղբօր նկատմամբ ժլատութիւն մի՛ արա, 8այլ առատաձե՛ռն եղիր նրա նկատմամբ, նրան պարտք տո՛ւր այնքան, որքան կը խնդրի նա իր կարօտութեան մէջ։ 9Զգո՛յշ եղիր, չլինի թէ մտքումդ ծածուկ չար բան լինի եւ ասես, թէ՝ “Մօտ է եօթներորդ տարին՝ թողութեան տարին”, եւ թշնամաբար նայես կարիքի մէջ գտնուող քո եղբօր վրայ եւ նրան պարտք չտաս։ Եթէ նա քո դէմ բողոքի Տիրոջը, ապա դու մեծ մեղքի տակ կ’ընկնես։ 10Տո՛ւր նրան, պա՛րտք տուր նրան այնքան, որքան անհրաժեշտ է։ Պարտք տալուց յետոյ մի՛ տրտմիր, որովհետեւ դրա համար քո Տէր Աստուածը քեզ կ’օրհնի քո բոլոր գործերում՝ ինչի էլ որ ձեռք տաս։ 11Քանի որ կարիքաւորներն անպակաս են լինելու երկրի վրայ, դրա համար էլ այս բանը պատուիրելով՝ ասում եմ. “Քո աղքատ եղբօր եւ քո երկրում տառապեալ մարդկանց նկատմամբ առատաձե՛ռն եղիր”»։
ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ
()
12Եթէ եբրայեցի քո եղբայրը կամ եբրայեցի մի կին վաճառուի քեզ, ապա վեց տարի նա թող ծառայի քեզ, իսկ եօթներորդ տարում նրան ազատ կ’արձակես քեզնից։ 13Երբ նրան ազատ արձակես, ձեռնունայն չարձակես. 14նրան կը տաս քո ոչխարներից, քո ցորենից ու քո հնձանի բարիքից։ Ինչպէս որ քո Տէր Աստուածը օրհնեց քեզ, դու էլ նրա՛ն տուր։ 15Յիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ քո Տէր Աստուածը քեզ փրկեց այնտեղից։ Դրա համար էլ քեզ պատուիրում եմ, որ կատարես այս բաները։ 16Եթէ ծառան քեզ ասի՝ “Քեզանից չեմ հեռանայ”, քանի որ սիրել է քեզ ու քո ընտանիքը, որովհետեւ նրա համար յարմար է քեզ մօտ մնալը, 17ապա հերիւնը կը վերցնես, դռան սեմի վրայ կը ծակես նրա ականջը, եւ նա ցմահ կը դառնայ քո ստրուկը։ Նոյն կերպ կը վարուես քո աղախնի նկատմամբ։ 18Քեզ ծանր թող չթուայ, եթէ քեզանից ազատ արձակես քո ստրուկներին, քանի որ նրանք վեց տարի շարունակ վարձկանի վարձով են ծառայել քեզ։ Այն ժամանակ ինչ գործ էլ կատարես, քո Տէր Աստուածը կ’օրհնի քեզ»։
ԱՐՋԱՌԻ ԵՒ ՈՉԽԱՐԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԾՆՈՒՆԴՆԵՐԸ
19«Քո նախիրներում ու հօտերում ծնուած բոլոր առաջին ծնունդների որձերին կը նուիրաբերես քո Տէր Աստծուն։ Քո առաջնածին եզը գործի չլծես եւ քո հօտերի առաջին ծնունդները չխուզես։ 20Տարէցտարի դու եւ քո ընտանիքը կ’ուտէք քո Տիրոջ առջեւ այն վայրում, որ կ’ընտրի քո Տէր Աստուածը։ 21Եթէ այդ անասունը արատաւոր լինի՝ կաղ, կոյր կամ որեւէ ուրիշ արատ ունենայ, դրան քո Տէր Աստծուն զոհ մի՛ բեր, 22այլ կե՛ր քո քաղաքներում։ Այնտեղ գտնուող անմաքուր ու մաքուր մարդիկ միասին կարող են ուտել այն, ինչպէս ուտում են այծեամն ու եղջերուն։ 23Արիւնը, սակայն, չուտես, այլ իբրեւ ջուր կը թափես գետին»։