Բարուք

3

1Տէ՛ր Ամենակալ, Աստուա՛ծ Իսրայէլի, չարչարուած անձերն ու յոգնած հոգիներն են աղաղակում առ քեզ։ 2Լսի՛ր, Տէ՛ր, եւ ողորմի՛ր. չէ՞ որ դու ողորմած ես, ողորմի՛ր, որովհետեւ գործեցինք քո առաջ. 3դու ապրում ես յաւիտեան, իսկ մենք կորստական ենք յաւիտեան։ 4Տէ՛ր Ամենակալ, Աստուա՛ծ Իսրայէլի, լսի՛ր աղօթքը Իսրայէլի մեռեալների եւ քո դէմ մեղանչողների որդիների, որոնք չանսացին իրենց Տէր Աստծու ձայնին, եւ չարիքները պատեցին մեզ։ 5Այժմ մի՛ յիշիր մեր հայրերի անիրաւութիւնները, այլ յիշի՛ր քո զօրութիւնը եւ քո անունը, 6քանզի մեր Տէր Աստուածն ես դու, եւ մենք օրհնում ենք ենք քեզ, Տէ՛ր։ 7Չէ՞ որ դու նրա՛ համար քո երկիւղը մեր սրտերի մէջ դրեցիր, որ մենք կանչենք քո անունը եւ մեր գերութեան մէջ օրհնենք քեզ. մենք մեր սրտերից վանել ենք քո առաջ մեղք գործած մեր հայրերի անիրաւութիւնները։ 8Ահա մենք այսօր գտնւում ենք մեր գերութեան մէջ, ուր, մեր Տէր Աստծու դէմ ապստամբած մեր հայրերի անօրէնութիւնների պատճառով, իբրեւ նախատինք, ու հատուցում, ցրեցիր մեզ։

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

ՅՈՐԴՈՐ

9Լսի՛ր, Իսրայէ՛լ, կեանքի պատգամները, ակա՛նջ դրէք, որպէսզի ճանաչէք իմաստութիւնը։ 10Ի՞նչ պատահեց, Իսրայէ՛լ, ինչպէ՞ս եղաւ, որ թշնամիներիդ երկրում ես։ 11Ծերացար օտար երկրում, խառնակուեցիր դիակների հետ, դրուեցիր իջածների կարգը, 12թողեցիր իմաստութեան երկիրը։ 13Եթէ Աստծու ճանապարհով ընթանայիր, խաղաղութեամբ կ’ապրէիր յաւիտենութեան մէջ։ 14Սովորի՛ր՝ ո՛ւր է իմաստութիւնը, ո՛ւր է զօրութիւնը, ո՛ւր է հանճարը, միաժամանակ ճանաչի՛ր, թէ ո՛րն է երկարատեւ կեանքը, ո՛րտեղ են աչքերի լոյսն ու խաղաղութիւնը։ 15Ո՞վ գտաւ իմաստութեան տեղը, ո՞վ հասաւ նրա գանձերին։ 16Ո՞ւր են հեթանոսների իշխանները եւ նրանք, որ երկրի գազանների տիրակալներն էին, 17որ երկնքի թռչունների հետ էին ճախրում 18եւ գանձում էին արծաթ ու , որոնց վրայ յոյս դրեցին մարդիկ. նրանց հարստութեանը չափ չկար. ովքեր ջանք էին թափում արծաթ ու ոսկի կուտակելու, նրանք իրենց գործով գոյութիւն չունեն, 19մահացան ու դժոխք իջան. նրանց փոխարէն ուրիշներն եկան։ 20Երիտասարդները տեսան լոյսը եւ բնակուեցին երկրի վրայ, բայց իմաստութեան ճանապարհները չճանաչեցին, 21չգիտակցեցին նրա շաւիղները, չկանգնեցին իմաստութեան ճանապարհի վրայ։ Նրանց որդիներն այդ ճանապարհից հեռու մնացին։ 22Իմաստութիւնը չլսուեց Քանանում եւ ոչ էլ երեւաց Թեմանում։ 23Հագարի որդիները եւս իմաստութեան հետամուտ չեղան, Մերանի եւ Թեմանի վաճառականները, առասպելախօսները եւ իմաստութեան քննիչները իմաստութեան ճանապարհը չճանաչեցին, նրանք չյիշեցին նրա շաւիղները։ 24Ո՛վ , որքա՜ն մեծ է Աստծու Տունը, եւ որքա՜ն ընդարձակ՝ Նրա տիրապետութեան սահմանը. 25մեծ է, անեզր, բարձր ու անչափելի։ 26Այնտեղ սկզբում ծնուեցին անուանի հսկաները, որոնք վիթխարի էին եւ պատերազմների մէջ՝ հմուտ։ 27Բայց Աստուած նրանց իր ընտրեալները չդարձրեց եւ ոչ էլ իմաստութեան ճանապարհ ցոյց տուեց նրանց։ 28Նրանք կորստեան մատնուեցին, որովհետեւ իմաստութիւն չունէին, ոչնչացան, որովհետեւ անմիտ էին։ 29Ո՞վ ելաւ երկինք, առաւ իմաստութիւնն ու այն իջեցրեց ամպերից. 30ո՞վ անցաւ ծովի այն կողմը եւ գտաւ այն, որ բերի ընտիր ոսկու փոխարէն։ 31Չկայ մէկը, որ իմանայ նրա ճանապարհները, ո՛չ ոք, որ գիտակցի նրա շաւիղները։ 32Բայց Նա, որ գիտէ ամէն ինչ, Նա՛ է ճանաչում իմաստութիւնը, Նա՛ է իր իմաստութեամբ գտել այն, Նա, ով ստեղծել է երկիրը յաւիտենական ժամանակների համար, լցրել այն կենդանիներով եւ չորքոտանիներով, 33Նա, ով լոյսն է ուղարկում՝ եւ լոյսը գնում է, յետ է կանչում՝ եւ լոյսը դողալով հնազանդւում է նրան. 34աստղերը ծագել են՝ իւրաքանչիւրն իր տեղում, եւ ուրախացել. 35Նա կանչում է աստղերին, ու նրանք ասում են՝ «Ահա այստե՛ղ ենք», եւ զուարթօրէն ճառագում են իրենց Արարչի համար։ 36Դա մեր Աստուածն է, որի հետ ոչ ոք չի կարող համեմատուել, 37որը գտաւ իմաստութեան բոլոր ճանապարհները եւ դրանք տուեց իր ծառայ Յակոբին ու իր սիրեցեալ Իսրայէլին։ 38Դրանից յետոյ իմաստութիւնը յայտնուեց երկրի վրայ ու շրջեց մարդկանց մէջ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն