Գործք Առաքելոց
13
1Անտիոքում գտնուող եկեղեցում կային մի քանի մարգարէներ եւ ուսուցիչներ՝ Բառնաբասը եւ Շմաւոնը, որ կոչւում էր Նիւգեր, Ղուկիոս Կիւրենացին, Մանայենը, որ Հերովդէս չորրորդապետի դայեկորդին էր, եւ Սօղոսը։ 2Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մէջ էին եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Բառնաբասին եւ Սօղոսին առանձնացրէ՛ք ինձ համար, որ անեն այն գործը, որին ես դրանց կոչել եմ»։ 3Այն ժամանակ ծոմ պահելով եւ աղօթելով՝ ձեռք դրեցին նրանց վրայ եւ ուղարկեցին։
ԱՌԱՔԵԱԼՆԵՐԻ ՔԱՐՈԶՉՈՒԹԻՒՆԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ
4Ուստի նրանք, Սուրբ Հոգուց ուղարկուած, իջան Սելեւկիա ու այնտեղից նաւարկեցին դէպի Կիպրոս։ 5Եւ Սալամինա հասնելով՝ հրեաների ժողովարաններում Աստծու խօսքն էին քարոզում։ Որպէս օգնական ունէին նաեւ Յովհաննէսին։ 6Շրջելով ամբողջ կղզին մինչեւ Պափոս՝ այնտեղ գտան մի ոմն մոգի, որ մի հրեայ սուտ մարգարէ էր, եւ որի անունը Բարեյեսու էր. 7սա բդեշխի փոխանորդ Սերգէոս Պօղոսի հետ էր ապրում, որը մի իմաստուն մարդ էր։ Սերգէոսը աղաչելով Բառնաբասին եւ Սօղոսին, ուզում էր լսել Աստծու խօսքը։ 8Բայց նրանց դէմ դուրս եկաւ Եղիմաս մոգը (որովհետեւ նրա անունը այսպէս է թարգմանւում) եւ ուզում էր բդեշխի փոխանորդին հաւատից շեղել։ 9Իսկ Սօղոսը, որը եւ Պօղոսն է, Սուրբ Հոգով լցուած, նայեց նրան ու ասաց. 10«Ո՛վ դու, որ լի ես ամէն նենգութեամբ ու խորամանկութեամբ, որդի՛ սատանայի, թշնամի՛ ամէն արդարութեան։ Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց չե՞ս դադարի։ 11Եւ արդ, ահա Տիրոջ ձեռքը քեզ վրայ է. եւ կոյր կը լինես, որ միառժամանակ արեւ չտեսնես»։ Եւ անմիջապէս նրա վրայ մէգ ու խաւար իջաւ. եւ խարխափելով՝ առաջնորդողներ էր փնտռում։ 12Այն ժամանակ բդեշխի փոխանորդը, պատահածները տեսնելով, հաւատաց՝ զարմանալով Տիրոջ վարդապետութեան վրայ։
ՊՕՂՈՍԸ ԵՒ ԲԱՌՆԱԲԱՍԸ ՊԻՍԻԴԵԱՆ ԱՆՏԻՈՔՈՒՄ
13Պափոսից խարիսխ վերցնելով՝ Պօղոսը եւ իր հետ եղողները եկան Պամփիւլիայի Պերգէ քաղաքը։ Յովհաննէսը, նրանցից բաժանուելով, Երուսաղէմ վերադարձաւ, իսկ նրանք, առաջ գնալով, 14Պերգէից եկան Պիսիդեան Անտիոք քաղաքը. եւ շաբաթ օրը, ժողովարան մտնելով, նստեցին։ 15Եւ Օրէնքի ու մարգարէների ընթերցումից յետոյ, ժողովարանի պետերը նրանց մօտ մէկին ուղարկեցին ու ասացին. «Եղբայրնե՛ր, եթէ ունէք մխիթարանքի խօսքեր ժողովրդին, խօսեցէ՛ք»։
ՊՕՂՈՍԻ ՔԱՐՈԶԸ ՀՐԵԱՆԵՐԻՆ
16Պօղոսը ոտքի կանգնեց, ձեռքը շարժեց ու ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ, եւ դո՛ւք, որ Աստծուց երկնչում էք, լսեցէ՛ք. 17Իսրայէլի այս ժողովրդի Աստուածը ընտրեց մեր հայրերին եւ Եգիպտացիների երկրում, պանդխտութեան ժամանակ, ժողովրդին բարձրացրեց եւ հզօր բազուկով նրանց այնտեղից հանեց։ 18Եւ շուրջ քառասուն տարի ժամանակով անապատում նրանց կերակրեց։ 19Եւ Քանանու երկրում եօթը ազգեր խորտակելով՝ նրանց հողը որպէս ժառանգութիւն տուեց նրանց։ 20Եւ դրանից յետոյ շուրջ չորս հարիւր յիսուն տարի նրանց տուեց դատաւորներ՝ մինչեւ Սամուէլ մարգարէն։ 21Եւ այնուհետեւ թագաւոր խնդրեցին. ու Աստուած թագաւոր տուեց նրանց Բենիամինի ցեղից Կիսի որդուն՝ Սաւուղին, քառասուն տարի։ 22Եւ երբ նրան փոխեց, նրանց համար մէջտեղ բերեց Դաւթին որպէս թագաւոր, որի մասին եւ վկայելով՝ ասաց. «Գտայ Յեսսէի որդի Դաւթին՝ իմ սրտով մի մարդու, որը պիտի կատարի իմ ամբողջ կամքը»։ 23Աստուած, ըստ իր խոստման, սրա սերնդից յարուցեց Իսրայէլի համար մի փրկչի՝ Յիսուսին։ 24Նրա գալստից առաջ, նրա առջեւից գնացողը՝ Յովհաննէսը, Իսրայէլի ամբողջ ժողովրդին քարոզել էր ապաշխարել եւ մկրտուել։ 25Եւ երբ Յովհաննէսը իր գործունէութեան ընթացքն աւարտեց, ասաց. “Իմ մասին ի՞նչ էք կարծում, ո՞վ եմ. ես Քրիստոսը չեմ, այլ ահա իմ յետեւից գալիս է նա, որի ոտքերի կօշիկներն արձակելու արժանի չեմ”։ 26Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի որդինե՛ր եւ ձեր մէջ նրանք, որ Աստծուց երկնչում են, ձե՛զ ուղարկուեց փրկութեան այս խօսքը. 27բայց Երուսաղէմում բնակուողները եւ նրանց իշխանաւորները չճանաչեցին Յիսուսին եւ նրան դատապարտելով՝ կատարեցին մարգարէների խօսքը, որ ամէն շաբաթ ընթերցում էին։ 28Եւ մահուան արժանի ոչ մի յանցանք չգտնելով՝ Պիղատոսին խնդրեցին սպանել նրան։ 29Եւ երբ կատարեցին այն ամէնը, ինչ նրա մասին գրուած էր, խաչափայտից իջեցնելով նրան՝ գերեզման դրեցին։ 30Բայց Աստուած մեռելներից յարութիւն տուեց նրան, որ բազում օրեր երեւաց նրանց, 31որոնք նրա հետ Գալիլիայից Երուսաղէմ էին բարձրացել եւ որոնք այժմ իսկ ժողովրդի առաջ նրա վկաներն են։ 32Եւ մենք ձեզ աւետարանում ենք այն խոստումը, որ արուած էր մեր հայրերին, 33եւ Աստուած նոյնը կատարեց մեզ՝ նրանց որդիների համար՝ յարութիւն տալով Յիսուսին, ինչպէս գրուած է երկրորդ սաղմոսում. “ Դու իմ Որդին ես, եւ ես այսօր ծնեցի քեզ”։
34Եւ որ նրան յարութիւն տուեց մեռելներից ու այլեւս ապականութեան չի դառնալու, այդ մասին այսպէս է ասում. “ Ձեզ պիտի տամ Դաւթին խոստացուած վստահելի սրբութիւնները”։
35Ուստի եւ մի ուրիշ տեղ էլ ասում է. «Քո Սրբին ապականութիւն տեսնել չես տայ»։
36Սակայն Դաւիթը իր սերնդի ժամանակ ծառայեց եւ Աստծու կամքով վախճանուեց ու աւելացաւ իր հայրերի վրայ, եւ նրա մարմինը ապականութիւն տեսաւ։ 37Բայց Յիսուս, որին Աստուած յարութիւն տուեց, ապականութիւն չտեսաւ։ 38Եղբայրնե՛ր, թող ձեզ յայտնի լինի, որ նրանով է ձեզ համար մեղքերի թողութիւն աւետարանւում. 39եւ այն ամենից, որոնցից չկարողացաք Մովսէսի օրէնքով արդարանալ, նրանով կ’արդարանայ, ով հաւատում է։ 40Զգո՛յշ կացէք, գուցէ ձեր գլխին գայ այն, ինչ ասուած է մարգարէների գրուածքներում.
41“Տեսէ՛ք, արհամարհողնե՛ր, եւ զարմացէ՛ք ու չքուեցէ՛ք. որովհետեւ ես ձեր օրերում մի գործ եմ կատարելու, այնպիսի մի գործ, որին չպիտի հաւատաք, եթէ մէկը ձեզ պատմի այն”»։
42Եւ երբ Բառնաբասն ու Պօղոսը այնտեղից ելան, աղաչում էին, որ միւս շաբաթ էլ նոյն բաներն ասեն իրենց։ 43Եւ երբ ժողովուրդը ցրուեց, հրեաներից եւ հրէութան դարձած աստուածապաշտներից շատերը գնում էին Պօղոսի եւ Բառնաբասի յետեւից, որոնք խօսում էին նրանց հետ ու համոզում նրանց, որ շարունակեն մնալ Աստծու շնորհի մէջ։ 44Եւ երբ յաջորդ շաբաթ օրը եկաւ, գրեթէ ամբողջ քաղաքը հաւաքուեց Աստծու խօսքը լսելու։ 45Երբ հրեաները այդ բազմութիւնը տեսան, նախանձով լցուեցին եւ, Պօղոսի ասածներին ընդդիմախօսելով, հայհոյում էին։ 46Իսկ Պօղոսն ու Բառնաբասը համարձակ կերպով ասում էին. «Նախ ձեզ պէտք է Աստծու խօսքը խօսէինք. բայց քանի որ դուք այն մերժում էք եւ ձեզ արժանի չէք համարում յաւիտենական կեանքի, ահա մենք դառնում ենք դէպի հեթանոսները. 47որովհետեւ Տէրը մեզ այսպէս պատուիրեց. “ Քեզ դրեցի որպէս հեթանոսների լոյս, որպէսզի դու փրկութեան միջոց լինես մինչեւ երկրի ծագերը”»։
48Այս բանը լսելով՝ հեթանոսները ուրախացան եւ փառաւորում էին Տիրոջ խօսքը. եւ ովքեր սահմանուած էին յաւիտենական կեանքի համար, հաւատացին։ 49Եւ Աստծու խօսքը ամբողջ գաւառում տարածւում էր։ 50Բայց հրեաները աստուածապաշտ եւ երեւելի կանանց ու քաղաքի գլխաւորներին գրգռեցին եւ, Պօղոսի ու Բառնաբասի դէմ հալածանք յարուցելով, իրենց սահմաններից նրանց դուրս հանեցին։ 51Իսկ նրանք, իրենց ոտքերի փոշին նրանց վրայ թափ տալով, եկան Իկոնիոն։ 52Եւ աշակերտները լցուեցին ուրախութեամբ եւ Սուրբ Հոգով։