Երկրորդ Թագավորաց գիրք
2
ԴԱՒԻԹԸ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԹԱԳԱՒՈՐ
1Դրանից յետոյ Դաւիթը հարց տալով Տիրոջը՝ ասաց. «Արդեօք գնա՞մ Յուդայի քաղաքներից որեւէ մէկը»։ Տէրն ասաց նրան. «Գնա՛»։ Դաւիթն ասաց. «Ո՞ւր գնամ»։ 2Տէրն ասաց՝ «Քեբրոն»։ Դաւիթն իր երկու կանանց՝ յեզրայէլացի Աքինովամի եւ կարմեղացի Նաբաղի կին Աբիգեայի հետ եկաւ Քեբրոն։ 3Դաւիթն իր հետ եկած մարդկանց, ամէն մէկին իր ընտանիքով բերեց, եւ նրանք բնակուեցին Քեբրոն քաղաքում։ 4Եկան Հրէաստանի մարդիկ եւ այնտեղ Դաւթին Յուդայի տան վրայ թագաւոր օծեցին։ Դաւթին յայտնեցին, թէ Գաղաադի Յաբիս բնակավայրի մարդիկ թաղել են Սաւուղին։ 5Դաւիթը Գաղաադի Յաբիս բնակավայրի առաջնորդների մօտ պատգամաւորներ ուղարկեցեւ ասաց նրանց. «Օրհնեալ լինէք Տիրոջից, որ ձեր տիրոջ՝ Տիրոջից օծեալ Սաւուղի նկատմամբ բարեացակամ էք եղել՝ թաղել էք նրան ու իր որդի Յովնաթանին։ 6Արդ, Տէրը ձեր նկատմամբ ողորմութիւն եւ արդարութիւն թող ցուցաբերի, իսկ ես այդ բարի գործի համարհատուցելու եմ ձեզ։ 7Թող ձեր ձեռքերը զօրանան, ու դուք քաջասիրտ լինէք։ Մեռաւ ձեր տէրը՝ Սաւուղը, եւ Յուդայի տունն ինձ իր վրայ թագաւոր է օծել»։
ՅԵԲՈՒՍԹԷՆ ԻՍՐԱՅԷԼԻ ԹԱԳԱՒՈՐ
8Սաւուղի զօրավար Ների որդի Աբենները Սաւուղի որդի Յեբուսթէին առաւ տարաւ բանակատեղի 9եւ նրան թագաւոր դարձրեց Գաղաադաստանի, Թասիրի, Յեզրայէլի, Եփրեմի, Բենիամինի երկրների եւ ամբողջ Իսրայէլի վրայ։ 10Սաւուղի որդի Յեբուսթէն քառասուն տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ Իսրայէլի վրայ։ Նա երկու տարի թագաւորեց։ Միայն Յուդայի տունն էր, որ Դաւթին էր հետեւում։ 11Քեբրոնում, Յուդայի երկրի վրայ Դաւիթը թագաւորեց եօթը տարի վեց ամիս։
ՊԱՏԵՐԱԶՄ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԵՒ ԻՍՐԱՅԷԼԻ ՄԻՋԵՒ
12Ների որդի Աբենները եւ Սաւուղի որդի Յեբուսթէի ծառաները բանակատեղիներից եկան Գաբաւոն։ 13Շարուհիի որդի Յովաբը եւ Դաւթի ծառաները ելան Քեբրոնից եւ նրանց հանդիպեցին Գաբաւոնի աղբիւրի մօտ։ Սրանք աղբիւրի այն կողմը նստեցին, իսկ նրանք՝ այս կողմը։ 14Աբեններն ասաց Յովաբին. «Թող քո կտրիճները ելնեն ու մրցեն մեր առջեւ»։ 15Յովաբն ասաց. «Թող մրցեն»։ Բենիամինի ու Սաւուղի որդի Յեբուսթէի կողմից ելան տասներկու երիտասարդներ. Դաւթի կողմի՛ց էլ ելան տասներկու երիտասարդներ։ 16Ամէն մէկը ձեռքով բռնեց իր մրցակցի գլխից ու սուրը խրեց իր մրցակցի կողը։ Բոլորն այնտեղ ընկան ու մեռան։ Եւ այդ տեղի անունը դրեցին Դաւաճանների դաշտ, որը Գաբաւոնում է գտնւում։
17Այդ օրը սաստիկ պատերազմ եղաւ, եւ Աբենները իսրայէլացիների հետ պարտուեց Դաւթի զինուորներից։ 18Այնտեղ էին Շարուհիի երեք որդիները՝ Յովաբը, Աբեսսան եւ Ասայէլը։ Ասայէլը դաշտի այծեամի պէս թեթեւաքայլ էր։ 19Ասայէլը հետապնդեց Աբեններին եւ նրան հալածելիս աջ ու ձախ չխոտորուեց։ 20Աբենները յետ նայեց եւ ասաց. «Դո՞ւ ես, Ասայէ՜լ»։ Սա ասաց. «Ես եմ»։ 21Աբեններն ասաց. «Խոտորուի՛ր աջ կամ ձախ, բռնի՛ր կտրիճներից մէկին ու վերցրո՛ւ նրա զէնքերը»։ Ասայէլը, սակայն, չուզեց նրան հետապնդելուց հրաժարուել։ 22Աբենները մի անգամ եւս ասաց Ասայէլին. «Հեռո՛ւ մնա ինձանից, որ քեզ գետին չխփեմ, թէ չէ ի՞նչ երեսով պիտի ներկայանամ Յովաբին, եւ ինչի՞ նման կը լինի դա։ 23Գնա՛ քո եղբայր Յովաբի մօտ»։ Ասայէլը չուզեց յետ կանգնել, Աբենները նիզակով հարուածեց նրա կողին, եւ նիզակը զիստից դուրս եկաւ։ Նա ընկաւ այնտեղ ու մեռաւ տեղում։ Ով Ասայէլի ընկած ու մեռած տեղն էր գալիս, կանգ էր առնում։ 24Յովաբն ու Աբեսսան Աբենների յետեւից ընկած հետապնդում էին նրան, եւ երբ Գայի դիմաց, Գաբաւոնի անապատի ճանապարհի վրայ գտնուող Ամմանի բլուրը հասան, արեւը մայր մտաւ։
25Բենիամինի որդիները հաւաքուելով Աբենների շուրջը՝ մի բլրի վրայ կանգ առան։ 26Աբենները ձայն տուեց Յովաբին. «Մի՞թէ սուրն անդադար բնաջնջելու է, կամ մի՞թէ չգիտես, որ սրա վերջը դառնութիւն կը լինի։ Ե՞րբ ես հրամայելու ժողովրդին, որ իրենց եղբայրներին հալածելուց հրաժարուեն»։ 27Յովաբն ասաց. «Կենդանի է Տէրը։ Եթէ դու խօսած չլինէիր, ժողովուրդը այգաբացին վեր էր կենալու, եւ ամէն մէկը հալածելու էր իր եղբօրը»։
28Յովաբը փող հնչեցրեց, ամբողջ ժողովուրդը կանգ առաւ, այլեւս չհալածեց իսրայէլացիներին, եւ պատերազմը դադարեց։ 29Աբեններն ու նրա մարդիկ ամբողջ գիշերը շարժուեցին դէպի արեւելք, անցան Յորդանան գետը, բոլոր մօտակայ վայրերը ու եկան բանակատեղի։ 30Յովաբը Աբեններին հալածելուց հրաժարուեց, հաւաքեց ամբողջ ժողովրդին, աշխարհագիր արեց ու տեսաւ, 31որ Դաւթի մարդկանցից կոտորուել էին տասնինը մարդ եւ Ասայէլը, իսկ Դաւթի զինուորները Բենիամինի որդիներից ու Աբենների մարդկանցից կոտորել էին երեք հարիւր վաթսուն մարդ։ 32Վերցրին Ասայէլին ու նրան թաղեցին Բեթղեհէմում, իր հօր գերեզմանի մէջ։ Յովաբն ու իր մարդիկ գնացին եւ արշալոյսին հասան Քեբրոն։