Երկրորդ Թագավորաց գիրք
15
ԱԲԵՍԱՂՈՄԸ ՁԳՏՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹԵԱՆ
1Դրանից յետոյ Աբեսաղոմը մարտակառքեր, երիվարներ եւ առջեւից վազող յիսուն հոգի սուրհանդակ հաւաքեց։ 2Աբեսաղոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դարպասի ճանապարհին։ Ով գալիս էր արքայի դատաստանին դատ ներկայացնելու, Աբեսաղոմը նրան հարցնում էր. «Դու ո՞ր քաղաքից ես»։ Երբ մարդը պատասխանում էր նրան, թէ՝ «Քո ծառան Իսրայէլի այսինչ ցեղից է», 3Աբեսաղոմն ասում էր նրան. «Քո գործերը արդար են ու դիւրին, բայց արքայի մօտ քեզ ոչ ոք ունկնդիր չի լինի»։ 4Աբեսաղոմը մտածում էր. «Եթէ որեւէ մէկն ինձ դատաւոր նշանակէր այս երկրի վրայ, եւ ամէն ոք, որ վէճ կամ դատ ունենար, ինձ մօտ գար, ես արդարութեամբ կը դատէի նրան»։ 5Երբ որեւէ մէկը նրան էր մօտենում գլուխ տալու, նա երկարում էր ձեռքը, մարդուն դէպի իրեն էր քաշում ու համբուրում նրան։ 6Աբեսաղոմն այսպէս էր վարւում այն բոլոր իսրայէլացիների նկատմամբ, ովքեր դատի համար գալիս էին արքայի մօտ։ Աբեսաղոմն այսպիսով շահում էր Իսրայէլի բոլոր մարդկանց սրտերը։
7Չորս տարի լրանալուց յետոյ Աբեսաղոմն ասաց իր հօրը. 8«Գնամ ու Քեբրոնում կատարեմ Տիրոջը խոստացած իմ ուխտը, քանզի Ասորիքի Գեսուր քաղաքում բնակուելիս ծառադ ուխտեց Տիրոջը՝ ասելով. «Եթէ Տէրն ինձ վերադարձնի Երուսաղէմ, ես Տիրոջը զոհ եմ մատուցելու»։ 9Արքան նրան ասաց. «Գնա՛ խաղաղութեամբ»։ 10Նա վեր կացաւ ու գնաց Քեբրոն։ Աբեսաղոմը պատգամաւորներ ուղարկելով Իսրայէլի բոլոր ցեղերին՝ ասաց. «Երբ եղջերափողի ձայն լսէք, ասացէ՛ք, թէ Աբեսաղոմ թագաւորն է թագաւորել Քեբրոնում»։ 11Աբեսաղոմի հետ գնացին երկու հարիւր հրաւիրեալներ, որոնք գնում էին միամիտ, ամենեւին տեղեակ չլինելով անցուդարձին։ 12Աբեսաղոմը զոհերը մատուցելու ժամանակ մարդ ուղարկեց ու իր Գոլա քաղաքից կանչեց Դաւթի խորհրդական թեկուացի Աքիտոփէլին։ Շատ մարդ հաւաքուեց, եւ մեծ բազմութիւն էր հետեւում Աբեսաղոմին։ 13Գուժկան հասաւ Դաւթին, թէ Իսրայէլի մարդիկ անցել են Աբեսաղոմի կողմը։
ԴԱՒԻԹԸ ՓԱԽՉՈՒՄ Է ԵՐՈՒՍԱՂԷՄԻՑ
14Դաւիթն ասաց Երուսաղէմում իր հետ եղող բոլոր ծառաներին. «Ելէ՛ք փախչենք, որովհետեւ մեզ փրկութիւն չկայ Աբեսաղոմի ձեռքից։ Շտապ գնացէ՛ք, որ արագ չհասնի մեզ եւ չարիք չբերի մեր գլխին, քաղաքները սրի չքաշի»։ 15Արքայի ծառաներն ասացին իրեն. «Ամէն ինչ, որ մեր տէր արքան կամենայ, ծառաներս պատրաստ ենք կատարելու»։
16Թագաւորն ելաւ, եւ նրա ամբողջ տունը ոտքով գնաց նրա յետեւից։ Արքան իր հարճերից տասը կին թողեց, որ տունը պահպանեն։ 17Արքան դուրս ելաւ, եւ նրա բոլոր ծառաները ոտքով գնալով կանգնեցին անապատում գտնուող ձիթենու մօտ։ 18Նրա բոլոր ծառաները մէկ առ մէկ անցնում էին նրա կողքով. բոլոր քերեթիները, օփելեթիներն ու բոլոր գեթացիները՝ վեց հարիւր մարդ, որ ոտքով եկել էին Գեթից, անցան Դաւթի առջեւից։ 19Արքան ասաց գեթացի Եթթիին. «Ինչո՞ւ ես դու էլ գնում մեզ հետ, յե՛տ դարձիր ու մնա՛ եկող արքայի մօտ, քանզի օտար մարդ ես դու, որ քո տեղից՝ Գեթից դուրս գալով՝ եկել ես։ 20Մի՞թէ քեզ տեղահան պիտի անեմ, որ գաս մեզ հետ, երբ ինքս էլ չգիտեմ, թէ ուր եմ գնում եւ ուր պիտի գնամ։ Դու յե՛տ դարձիր, քո եղբայրներին էլ յե՛տ դարձրու քեզ հետ, եւ Տէրը քեզ ողորմութիւն ու արդարութիւն կ’անի»։ 21Եթթին պատասխան տուեց արքային՝ ասելով. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի է իմ տէր արքան. որտեղ լինի իմ տէր արքան, մեռած թէ կենդանի, այնտեղ կը լինեմ եւ ես՝ քո ծառան»։ 22Արքան ասաց Եթթիին. «Արի՛ ինձ հետ»։ Եւ գեթացի Եթթին գնաց իր հետ եղած բոլոր ծառաներով ու ամբողջ բազմութեամբ հանդերձ։ 23Ամբողջ երկիրը բարձրաձայն լալիս էր։ Ամբողջ զօրքը անցնում էր Կեդրոնի հեղեղատով։ Արքան նոյնպէս անցաւ Կեդրոնի հեղեղատով։ Ամբողջ զօրքն ու արքան գնում էին անապատ տանող ճանապարհով։
24Սադոկն ու նրա հետ բոլոր ղեւտացիները Տիրոջ ուխտի տապանակը հանեցին Բեթարից։ Նրանք կանգնեցրին Աստծու տապանակը եւ այն չտարան Բեթարից, մինչեւ որ ամբողջ ժողովուրդը այդ քաղաքից դուրս չեկաւ։ 25Արքան ասաց Սադոկին. «Աստծու տապանակը յե՛տ տար քաղաք եւ դի՛ր իր տեղը։ Եթէ Աստծու առաջ շնորհ գտնեմ, նա ինձ յետ կը դարձնի եւ ինձ տեսնել կը տայ այն եւ նրա վայելչութիւնը։ 26Բայց եթէ ասի, թէ՝ “Դու ինձ հաճելի չես”, թող ինձ անի այն, ինչ նրա աչքին հաճելի է»։ Արքան ասաց Սադոկ քահանային. 27«Այնպէս արէք, որ դու խաղաղութեամբ քաղաք վերադառնաս, եւ քո որդի Աքիմաասն ու Աբիաթարի որդի Յովնաթանը՝ ձեր երկու որդիները, ձեզ հետ լինեն։ 28Ես բանակատեղի եմ դնելու Ռաբոթ անապատում եւ կը մնամ, մինչեւ որ ձեզանից լուր ստանամ»։ 29Եւ Սադոկն ու Աբիաթարը տապանակը յետ դարձրին Երուսաղէմ, եւ այն մնաց այնտեղ։
30Դաւիթը բարձրանում էր Ձիթենեաց զառիվերով, բարձրանում էր ու լալիս։ Նա ծածկել էր գլուխը, բոբիկ էր գնում, եւ ամբողջ ժողովուրդը նրա հետ էր՝ գլուխները շորով ծածկած։ Բոլորը, լաց լինելով, բարձրանում էին։ 31Դաւթին յայտնեցին՝ ասելով. «Աքիտոփէլն էլ ապստամբների հետ է, Աբեսաղոմի մօտ»։ Դաւիթն ասաց. «Տէ՜ր Աստուած իմ, խափանի՛ր Աքիտոփէլի խորհուրդը»։ 32Դաւիթը հասաւ Հռոս, ուր երկրպագեց Աստծուն։ Եւ ահա նրան ընդառաջ եկաւ արաքացի Քուսին՝ Դաւթի բարեկամը, իր պատմուճանը պատառոտած ու հողը գլխին ածած։ 33Դաւիթն ասաց. «Եթէ ինձ հետ գաս, ինձ վրայ բեռ կը լինես, 34իսկ եթէ յետ դառնաս քաղաք եւ ասես Աբեսաղոմին, թէ՝ “Քո եղբայրներն անցան, արքան յուզուած հետեւում էր ինձ, ու հայրդ եւս անցաւ, եւ արդ, քո ծառան եմ, արքա՛յ, թող ողջ մնամ քո առաջ. մի ժամանակ քո հօր ծառան էի, իսկ հիմա քո ծառան եմ ես, արքա՛յ”, այդ ժամանակ խափանած կը լինես Աքիտոփէլի խորհուրդը։ 35Ահա այնտեղ քեզ հետ կը լինեն Սադոկ եւ Աբիաթար քահանաները, եւ եթէ որեւէ բան լսես արքայի տնից, յայտնի՛ր Սադոկ ու Աբիաթար քահանաներին։ 36Ահա նրանց հետ են իրենց երկու որդիները՝ Սադոկի որդի Աքիմաասն ու Աբիաթարի որդի Յովնաթանը։ Նրանց միջոցով ինձ յայտնեցէ՛ք ամէն ինչ, որ կը լսէք»։ 37Դաւթի բարեկամ Քուսին եկաւ քաղաք, եւ Աբեսաղոմը մտաւ Երուսաղէմ քաղաքը։