Բ Մակաբայեցիներ
7
ԵՕԹԸ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԵՒ
ԻՐԵՆՑ ՄՕՐ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ
1Մի անգամ բռնեցին եօթը եղբայրների իրենց մօր հետ եւ թագաւորի ատեան բերեցին։ Ծեծելով ու խոշտանգելով՝ ստիպում էին նրանց խոզի միս ուտել։ 2Նրանցից մէկը համարձակ առաջ եկաւ, սկսեց խօսել ու ասաց. «Ի՞նչ էք ուզում անել մեզ, ի՞նչ էք ուզում իմանալ մեզնից, մենք պատրաստ ենք մեռնել, բայց ոչ երբեք մեր հայրերի օրէնքներից հրաժարուել»։ 3Թագաւորը լցուեց զայրոյթով. նա հրամայեց տապակներ, կաթսաներ ու անիւներ տաքացնել, տանջանքի զանազան գործիքներ պատրաստել։ Երբ դրանք տեղնուտեղը տաքացրին, 4նա հրամայեց խօսողին առաջ բերել։ Նախ կտրեցին լեզուն, գլխի կաշին շուռ տուեցին դէմքին, յետոյ իր մօր ու եղբայրների առաջ ոտքերն ու ձեռքերը ծայրատեցին։ 5Երբ խօսելու եւ գործելու անկարող դարձրին նրան, հրամայեց ողջ-ողջ նստեցնել տաքացրած տապակի վրայ։ Երբ ճենճերի թանձր ծուխը տապակից սկսեց ելնել ու բարձրանալ, եղբայրներն իրենց մօրն ու միմեանց սկսեցին մխիթարել ու ասել. «Քաջութեամբ մեռնենք եւ անուն ու հոգի ժառանգենք։ 6Տէր Աստուած տեսնում է, թէ ինչպէս ենք չարչարւում մեր այս պայքարում, Նա իր գթասրտութիւնը ցոյց կը տայ իր ծառաների նկատմամբ, ինչպէս իր օրհնութեան մէջ յայտնապէս ասել է Մովսէսը. “Նա կարեկից կը լինի իր ծառաների նկատմամբ”»։
7Երբ եղբայրներից առաջինն այս կերպ հրաժեշտ տուեց աշխարհին, երկրորդին բերեցին տանջանքի վայրը։ Գլխի կաշին մազերով հանդերձ շուռ տուեցին դէմքին ու հարցրին. «Խոզի միս կ’ուտե՞ս, թէ՞ ամբողջ մարմինդ մաս-մաս կտրտենք»։ 8Նա իրենց մայրենի լեզուով պատասխան տուեց ու ասաց. «Ո՛չ»։ Դրա համար սա նոյնպէս նոյն տանջանքներին ենթարկուելով՝ վախճանուեց։ 9Շունչը փչելուց առաջ նա սկսեց խօսել ու ասաց թագաւորին. «Ա՜յ դու գոռոզ, ինքնահաւան ու ամբարտաւան, դու կարծում ես, թէ մեզ զրկում ես այս աշխարհի կեանքից։ Թէպէտ մենք մեռնում ենք օրէնքի համար, բայց Նա, որ աշխարհի թագաւորն է, յաւիտենական կեանքում երկրորդ ծննդեան ժամանակ մեզ նորից կը պարգեւի։»
10Սրանից յետոյ երրորդին բերեցին։ Ուզում էին լեզուն բռնել, բայց նա ինքն անմիջապէս հանեց այն, քաջաբար մեկնեց նաեւ ձեռքերը, 12այնպէս որ թագաւորն ինքն իսկ զարմացաւ պատանու մտքի ուշիմութեան ու սրտի քաջութեան վրայ, որովհետեւ տեսաւ, որ նա արհամարհում է ցաւերը։ 13Երբ սա մահացաւ, չորրորդին էլ բերելով նոյն տեղը՝ նոյն տանջանքներին մատնեցին։ 14Նախքան հոգին աւանդելը նա այսպէս խօսեց. «Լաւ է, որ հեռանում ենք մարդկանցից, որովհետեւ մենք հաւատում ենք մեռելների յարութեանը՝ երկրորդ ծննդեանը։ Դու թէեւ կենդանի ես մնում, բայց յարութեան չես արժանանայ»։ 15Սրանից յետոյ հինգերորդին բերեցին տանջելու։ Սա աչքերը վեր բարձրացրեց, նայեց թագաւորին, սկսեց խօսել նրա հետ ու ասաց. 16«Դու, որ իշխանութիւն ունես մարդկանց վրայ, ո՜վ մահկանացու, եւ անում ես այն, ինչ կամենում ես, բայց չկարծես, թէ ինչ-ինչ չարագործութիւններով մեր ազգը կը վերացնես, կամ չկարծես, թէ Աստուած կը լքի մեզ։ 17Դու շարունակի՛ր ապրել եւ կը տեսնես այն մեծամեծ հրաշքները, թէ ինչպիսի չարաղէտ պատուհասներով Տէրը պատժելու է քեզ ու քո ազգատոհմը»։ 18Սրանից յետոյ բերեցին վեցերորդին։ Երբ մեռնելու մօտ էր, նա ասաց. «Դու իզուր ես մոլորուել։ Այս փորձանքները մեր գլխին են գալիս մեր մեղքերի համար, որովհետեւ մենք Աստծու առաջ ապշելու աստիճան մեղքեր ենք գործել։ 19Դու, սակայն, երբեք չակնկալես, թէ աստուածամարտ լինելով՝ ողջ եւ առողջ ու անվնաս կը մնաս»։
20Առաւել եւս բարի յիշատակի էր արժանի սքանչելի մայրը։ Նա Աստծու յոյսին ապաւինելով՝ այսպիսի եօթը որդի էր կորցնում մէկ օրում, նոյն ժամին։ 21Քաջալերուելով նրանցից իւրաքանչիւրով՝ ինքն էլ նրանց էր քաջալերում, մխիթարում իրենց մայրենի լեզուով։ Կին լինելով, բայց հանդէս բերելով տղամարդուն վայել սիրտ ու միտք, 22նա քաջաբար առաջ եկաւ ու ասաց. «Ես չգիտեմ, թէ դուք ինչպէս էք յայտնուել իմ արգանդում։ Ե՛ս չէ, որ ձեզ կեանք ու հոգի եմ պարգեւել եւ ոչ էլ կերպարանք տուել ձեզանից իւրաքանչիւրին, ոչ էլ ձեզ սնել, հասցրել եմ այս հասակին։ Սրանից յետոյ ես ոչինչ իմը չեմ համարում, 23այլ նրան, ով աշխարհի Արարիչն է, ով ստեղծել է մարդկային ծնունդները, ով իր ողորմածութեամբ ու իր գալստեամբ ձեր կեանքն ու հոգին ձեզ պիտի վերադարձնի»։
24Անտիոքոսը թէեւ նախատինքի այս խօսքերի համար իրեն արհամարհուած զգաց, բայց որովհետեւ դեռեւս իր ձեռքին էր եղբայրներից կրտսերի կեանքը, սկսեց ոչ միայն մխիթարական խօսքեր ասել, այլեւ իրօք երդւում էր, թէ նրան հարստութիւն կը պարգեւի, աւագութեան կը հասցնի, երանելի կը դարձնի երկրում, միայն թէ հրաժարուի իր նախնիների օրէնքից։ Նրան իշխանութիւն կը տայ եւ թագաւորների բարեկամ կը դարձնի։ 25Երբ թագաւորը տեսաւ, որ պատանին երբեք չի հնազանդւում իր խօսքերին, կանչեց մօրը եւ խնդրեց նրան, որ նա պատանուն խորհուրդ տայ, որ սա փրկուի։ 26Երբ շատ ստիպեց, մայրը յանձն առաւ խօսել որդու հետ։ 27Թեքուեց նրա կողմը, սկսեց ծաղրել գոռոզ ու ամբարտաւան թագաւորին ու ասել. «Գթա՛ ինձ, որդեա՛կ իմ, յիշի՛ր, որ քեզ ինն ամիս կրել եմ իմ արգանդում, երեք տարի գրկել, կրծքովս կերակրել եմ քեզ եւ հասցրել այս հասակին։ 28Արդ, աղաչում եմ քեզ, որդեա՛կ, նայի՛ր երկնքին ու երկրին, այդտեղ ապրող արարածներին։ Յիշի՛ր, որ Աստուած նրանց ստեղծել է ոչնչից։ Այդպէս էլ նա մարդկային ցեղն է ստեղծել։ 29Մի՛ զարհուրիր այս դաժան դահճից, այլ արժանի՛ եղիր եղբայրներիդ, գերադասի՛ր մահը, քան թէ աշխարհի կեանքը, որպէսզի մեծ Աստծու ողորմածութեամբ քո այն եղբայրների հետ ընդունեմ քեզ»։
30Քանի դեռ մայրն այս խրատներն էր տալիս հաստատ մտքով, պատանին սկսեց խօսել ու ասաց. «Ո՞ւմ էք սպասում, ինչո՞ւ էք ուշացնում։ Թագաւորի հրամանին չեմ ենթարկուելու, այլ հնազանդւում եմ Մովսէսի միջոցով մեր հայրերին տրուած օրէնքներին։ 31Իսկ դու, որ ամէն տեսակ չարիքներ ես յօրինում եբրայեցիների համար, չես փրկուի Աստծու ձեռքից, 32որովհետեւ եթէ մեր կենդանի Տէրը մեզ խրատելու համար է պատուհասի ենթարկում, մի փոքր բարկանում մեզ վրայ, 33ապա նորից ողորմածութիւն է հանդէս բերում իր ծառաների նկատմամբ։ 34Իսկ դու, անօրէ՛ն, ապստա՛մբ, պի՛ղծ, վախկո՛տ, քո սնոտի յոյսերով ի զուր ես գոռոզանում Նրա ծառաների վրայ։ 35Դու չես փրկուի ամենագէտ, ամենազօր Աստծու դատաստանից։ 36Այժմ մեր եղբայրները, յանուն յաւիտենական կեանքի, Աստծու կտակարանի ուխտի համար մի քիչ ցաւերին դիմանալով՝ մահ ընդունեցին։ 37Ես էլ, իմ եղբայրներին հաւասար, պատրաստ եմ իմ շունչն ու մարմինը հայրերի օրէնքի համար զոհել։ Յուսով դիմում եմ Աստծուն, որ մեր ամբողջ ազգին քաւութիւն պարգեւի, իսկ քեզ, մեծամեծ տանջանքների ենթարկելով, խոստովանել տայ, որ միայն ինքն է Աստուած, եւ ուրիշ մէկը չկայ։ 38Իմ ու իմ եղբայրների նկատմամբ ցուցաբերած քո բոլոր բարկութիւնները կ’անցնեն ու կը մոռացուեն»։
39Եօթը պատանիների այսպիսի քաջասրտութիւնից թագաւորը թեւաթափ եղաւ, դրա համար էլ կրտսերին աւելի խիստ տանջանքների ենթարկեցին։ 40Սակայն նա էլ, իր հաւատարմութեամբ ու անմեղութեամբ Տիրոջն ապաւինելով, հեռացաւ այս աշխարհից։ 41Որդիներից յետոյ երանելի մայրն էլ նոյն ձեւով նահատակուեց։
42Թէ ինչ կտտանքների ենթարկեցին այս զոհերին, ինչ սաստիկ տանջանքների մատնեցին նրանց, բաւարարուենք այսքանով։