Բ Մակաբայեցիներ

4

ՍԻՄՈՆԸ ԶՐՊԱՐՏՈՒՄ Է ՕՆԻԱՅԻՆ

1Դարձեալ Սիմոնի մասին, որը մատնել էր գանձի տեղը եւ դաւաճանել իր երկրին։ Նա սկսեց աւելի յաճախ ամբաստանել Օնիային, որ նա ինքն է անձամբ դրդել Հելիոդորոսին այդ քայլին ու ինքն էլ լլկել է նրան, եւ որ նա է բոլոր չարիքների պարագլուխն ու կատարողը։ 2Քաղաքի այդ բարերարին ու վերակացուին, ազգի երախտաւորին, օրէնքների նախանձախնդիր այդ մարդուն նա ներկայացրեց իբրեւ արքունի գործերի վնասարար։ 3Նա կարողացաւ թշնամական այնպիսի զգացումներ հրահրել, որ Սիմոնի նշանակած մարդկանցից մի քանիսն ուզում էին մահուան դատապարտել այդ մարդուն։ 4Օնիան տեսաւ, որ հակառակութիւնը դառնում է անհանդուրժելի, իսկ Ասորիքի ու Տաճկաստանի սպարապետ Ապոլոնիոսը ընկերացել եւ աջակցում է Սիմոնի չար գործերին, որ նրանք գրգռում են նաեւ թագաւորին։ 5Նա գտաւ, որ այլեւս անհնար է առանց թագաւորի հրամանի հասարակութեանը օգուտ տալ, 6մանաւանդ որ անհանգիստ Սիմոնին տեսնում էր, որ անընդհատ խարդախութիւններ է նիւթում։

ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ՅԱՍՈՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ՊԱՐՏԱԴՐՈՒՄ Է ՅՈՒՆԱԿԱՆ ԲԱՐՔԵՐ

7Երբ Սելեւկիոսը մեռաւ, եւ գահ բարձրացաւ Անտիոքոսը, որ կոչւում էր Երեւելի, Յասոն անունով մէկը, որ Օնիայի եղբայրն էր, անամօթաբար աշխատեց քահանայապետութիւնը խլել Օնիայից։ 8Նա խոստացաւ երեք հարիւր քանքարից բացի արքունիքին յաւելեալ տալ վաթսուն քանքար, իսկ այլ եկամուտներից՝ եւս ութսուն քանքար։ 9«Ես դրան կ’աւելացնեմ եւս հարիւր, - ասում էր նա, - եթէ գործը գլուխ գայ։ Քաղաքը կ’ենթարկեմ ձեզ, թատրոններ ու կրկէսներ կը շինեմ, երուսաղէմացիներին ձեր անունով անտիոքացիներ կը գրեմ»։ 10Երբ թագաւորը համաձայնեց, եւ Յասոնը հասաւ իր ցանկացած իշխանութեանը, աշխատեց յոյների հեթանոսութիւնը անմիջապէս ազգային օրէնք դարձնել։ 11Նա վերացրեց նախկին այն արքունական արտօնութիւնները, որ յօգուտ հանրութեան սիրով տրուել էին Փտողոմէոսի Յովհաննէսի առաքելութեան ժամանակ. արգելեցին օրինաւոր կրօնը, ընդունել տուեցին անօրէն նոր կրօնը։ 12Բերդի ներսում նա կառուցեց թատրոն ու մարզարան, ուր ընտիր ու առոյգ պատանիներին մարմնամարզութեան արուեստն էին ուսուցանում։ 13Այդ ամբարիշտ ու չքահանայապետ Յասոնն այնպէս եռանդագին աշխատեց, որ նրա ծայրայեղ մոլորութեան պատճառով այլազգութեան ու հեթանոսութեան սկիզբ դրուեց, 14որովհետեւ դրանից յետոյ քահանաները թողեցին զոհասեղանի իրենց պարտականութիւնն ու տաճարի ծառայութիւն կատարելը եւ արհամարհեցին ողջակէզի զոհաբերութիւնները։ Քահանաների ցեղն աւելի սիրով իրեն նուիրում էր մարզիկներին ու բռնցքամարտին, կաքաւիչներին պիղծ նուէրներ տալուն, աղմուկ-աղաղակով գունդ հրելուն եւ նիզակ նետելուն։ 15Հայրերի պատիւն արհամարհեցին, անօրէն հեթանոսութեան փառքը գերադասեցին օրհնութեան փառքից։ 16Այդ իսկ պատճառով շուտով նրանց վրայ թափուեցին այն նեղութիւնները, որոնք պատել էին նրանց։ Ում բարքին ու սովորութեանը նախանձում էին ու աշխատում ամէն ինչով նմանուել նրանց, հէնց նրանց էլ իրենց համար դահիճներ, թշնամիներ ու տանջողներ դարձրին։ 17Անպատիժ չեն մնայ նրանք, ովքեր կ’անարգեն աստուածային օրէնքները։ Ստորեւ պատմուող դէպքերը բացայայտ կերպով այդ են ցոյց տալիս։

18Արդ, ժամանակն էր, որ Ծուր քաղաքում թագաւորի ներկայութեամբ աստուածների կատարէին։ 19Անօրէն Յասոնը, իբրեւ այդ խաղերի մասնակից ու հանդիսատես, անտիոքացիներին ուղարկեց սուրբ Երուսաղէմից եւ նրանց յանձնարարեց, որ այնտեղ մուծեն երեք հարիւր սատեր՝ իբրեւ պաշտամունքի համար զոհերի գին։ Երբ սրանք եկան ու բերեցին այն, ինչ պէտք է բերէին, խնդրեցին, որ այդ արծաթը չխառնեն կուռքերի պաշտամունքի զոհերին, որովհետեւ պարտ ու պատշաճ չէր սուրբ վայրի գանձը յատկացնել դիցապաշտութեան կուռքերի զոհերին։ 20Ընդունելով պաշտամունքի համար բերուած զոհերի գինը՝ այն չխառնեցին Վահագնի պաշտամունքի զոհերի համար յատկացուածներին, այլ, բերողների աղաչանքին անսալով, յատկացրին արքունի գործերին՝ նաւեր պատրաստելու համար։

ԱՆՏԻՈՔՈՍԻ ՀԱՆԴԻՍԱՒՈՐ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹԻՒՆԸ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ

21Մենեսթէոսի որդի Ապոլոնիոսը պատգամաւորութիւնից յետոյ գնաց Եգիպտացիների երկիրը, որպէսզի մասնակցի եգիպտացիների թագաւոր Փտողոմէոսի թագադրութեանը։ Անտիոքոսը զգաց, որ իրեն այս կողմերի համար օտար մարդ են համարում, ուստի վերադարձաւ, եկաւ յոպպէացիների քաղաքը։ 22Այդտեղից էլ եկաւ , որտեղ Յասոնն ու այդ քաղաքի բնակիչները նրան ընդունեցին մեծ պատուով՝ ջահերով ու լուսաճաճանչ աշտանակներով։ Այնտեղից նա իր ողջ զօրքով գնաց Տաճկաստանի կողմերը։

ՄԵՆԵԼԱՒՈՍԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ

23Երեք տարի անց Յասոնն ազատ արձակեց մոլեգնած Սիմոնի եղբօրը՝ Մենելաւոսին, եւ նրա ձեռքով արքունի գանձերն ուղարկեց արքային։ 24Երբ նա հանդիպեց արքային ու մեծարուեց նրա կողմից, սկսեց քահանայութիւն պահանջել ու Յասոնին մեղադրել։ Նա իր յանձնած գանձի վրայ աւելացրեց եւս երեք հարիւր քանքար 25եւ արքայից իշխանութիւն ստանալու հրաման առնելով՝ վերադարձաւ։ Նա հասաւ իշխանութեան, բայց քահանայապետութեանը արժանի ոչ մի գործ չկատարեց, այլ գազանի նման դառն զայրոյթ էր յարուցում։ 26Յասոնը, որ իր եղբօր քահանայութիւնը խլել էր դաւով, ինքը նոյնպէս զրկուեց քահանայութիւնից եւ հալածական դառնալով՝ փախաւ Ամոնացիների երկիրը։

27Մենելաւոսը իր ձեռքն առաւ քահանայութեան իշխանութիւնը, սակայն ամբողջութեամբ չկարողացաւ տալ այն գումարը, որ խոստացել էր թագաւորին։ Դղեակ-միջնաբերդի հազարապետն սկսեց անհանգստանալ ու պահանջել գումարը, 28որովհետեւ նրան էր յանձնարարուած հաւաքել երկրի հարկը, ուստի երկուսն էլ պալատ կանչուեցին։ 29Երբ Մենելաւոսը տեսաւ, որ հարկը չի կարող վճարել, իր փոխարէն փոխանորդ նշանակեց իր Լիւսիմաքոսին, իսկ Սուստրատոսը դարձաւ կիպրացիների գործերի կառավարիչ։

ՕՆԻԱՅԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ

30Երբ այս դէպքերը տեղի էին ունենում, տարսոնացիներն ու մալոտացիներն ըմբոստացան, որովհետեւ իրենք իբրեւ սեփականութիւն յանձնուել էին թագաւորի հարճ Անտիոքիդէին։ 31Թագաւորը գնաց, որ հասնի, հնազանդեցնի նրանց։ Նա իր փոխարէն փոխանորդ նշանակեց բարձրաստիճան Անդրոնիկոսին։ 32Մենելաւոսը տեսնելով, որ պատեհ առիթ է ներկայացել, զգուշութեամբ տաճարից ոսկէ սպասներ գողացաւ, մի մասը տուեց Անդրոնիկոսին, իսկ միւս մասն էլ վաճառեց Ծուրում եւ դրա շրջակայքում գտնուող այլ քաղաքներում։ 33Օնիան այդ մասին տեղեկանալով՝ մեղադրեց նրան եւ գնաց անտիոքացիների Դափնա քաղաքը։ 34Դրա համար էլ Մենելաւոսը Անդրոնիկոսին իբրեւ իւրային համարելով՝ աղաչում էր նրան ու աշխատում նրա միջոցով իր ձեռքը գցել Օնիային։ Նա գնաց Օնիայի մօտ, նենգութեամբ համոզեց նրան եւ մեծ երդումներով հաւատարմութեան դաշինք կնքեց նրա հետ։ Օնիան թէեւ բնաւորութեամբ կասկածամիտ էր, բայց համաձայնեց դուրս գալ բերդից։ Հէնց որ դուրս եկաւ, Անդրոնիկոսը սրախողխող արեց նրան՝ ամենեւին չվախենալով արդար դատաստանից։ 35Դրա համար էլ ոչ միայն հրեաները, այլեւ անգամ հեթանոսները զայրացել էին յատկապէս այդ մարդու անարդար սպանութեան համար։

36Երբ թագաւորը վերադարձաւ Կիլիկիայի կողմերից, բոլոր քաղաքների հրեաներն ու հեթանոսները նրա մօտ սրտի կսկիծով դժգոհութիւն յայտնեցին այդ մարդու անարդար սպանութեան եւ նրա տարապարտ մահուան համար։ 37Անտիոքոսն անկեղծօրէն խղճաց, զգացուեց ու խիստ սգաց սուրբ ու շատ իմաստուն մարդու մահը։ 38Բարկութիւնից նա եռաց, հրամայեց Անդրոնիկոսի վրայից հանել ծիրանին, մերկացնել նրան իր զգեստներից, ման ածել քաղաքում եւ հէնց այն վայրում, ուր նա Օնիայի նկատմամբ անօրէնութիւն էր գործել, հրամայեց կտրել այդ ստոր մարդասպանի գլուխը։ Այսպիսով Տէրը արժանի պատիժ հասցրեց չարագործին։

ԼԻՒՍԻՄԱՔՈՍԻ ՄԱՀԸ

39Երբ շատ գանձեր գողացուեցին Լիւսիմաքոսի ձեռքով ու Մենելաւոսի խորհրդով, եւ երբ այդ լուրը տարածուեց, զօրքը հաւաքուեց Լիւսիմաքոսի դէմ, որովհետեւ ոսկէ շատ առարկաներ էին կորել գանձատնից։ 40Երբ ժողովուրդը յուզուած ու զայրացած ոտքի ելաւ, Լիւսիմաքոսն սկսեց սպառազինել մօտ երեք հազար մարդ եւ ձեռնարկեց չար գործերի, առաջնորդութեամբ մի մարդու, որը որքան դժնադէմ էր, նոյնքան էլ՝ թանձրամիտ։ 41Երբ տեսան Լիւսիմաքոսի գործած դաւն ու նենգութիւնը, անմիջապէս հաւաքուեցին, որ միջոցներ ձեռնարկեն։ Մէկը քար, միւսը փայտ, երրորդը աւազ ու հողախառն խիճ վերցնելով՝ նետեցին բոլոր յարձակուողների վրայ։ 42Ոմանց վիրաւորեցին, ոմանց գլուխը կտրեցին, շատերին սպանեցին, իսկ մնացած բոլորին փախուստի մատնեցին, սուրբ տաճարի զոհասեղանը կողոպտողին գանձատնից հալածեցին։

43Այս ամենի համար դատեցին Մենելաւոսին։ 44Երբ թագաւորն եկաւ Ծուր, տեղի էր ունենում դատը։ Ժողովրդի ծերակոյտից ընտրուած երեք մարդ եկան նրան բողոք ներկայացնելու։ 45Երբ Մենելաւոսը մեղաւոր ճանաչուեց, խոստացաւ շատ գանձեր տալ Փտողոմէոսին, եթէ սա սիրաշահէր թագաւորի սիրտը։ 46Այդ մտադրութեամբ սա, իբրեւ թէ թագաւորի հետ զբօսնելու նպատակով, նրան մի կողմ տարաւ, յեղաշրջեց նրա միտքը, 47համոզեց, որ մեղապարտ Մենելաւոսն ազատուի բոլոր տեսակի մեղադրանքներից, իսկ այդ տառապեալներին, որոնց թէեւ առաջ դատել էին եւ անպարտ համարել, ազատ էին արձակել եւ անմեղ ճանաչել, - մահուան դատապարտեցին։ 48Անարդար պատիժն անմիջապէս ի գործ դրեցին նրանց նկատմամբ, ովքեր յանուն քաղաքի, բանակի ու սրբազան անօթների պաշտպանութեան, բողոք էին բարձրացրել։ 49Ահա թէ ինչու չարատեաց ծուրացիները սրտացաւութեամբ ու առատապէս հոգացին այն ամէնը, ինչ պէտք էր նրանց յուղարկաւորելու համար։ 50Իշխանների ժլատութիւնից ու դժգոհութիւնից օգտուելով՝ Մենելաւոսը չարախօսութեամբ էր զբաղւում եւ իր համաքաղաքացիներին մեծամեծ չարիքներ պատճառում։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն