Բ Մակաբայեցիներ
12
ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆ ԳՐԱՒՈՒՄ Է ՅՈՊՊԷՆ
ԵՒ ԿՐԱԿԻ ՄԱՏՆՈՒՄ
1Լիւսիասը նորից անցաւ գնաց թագաւորի մօտ, իսկ հրեաներն սկսեցին զբաղուել հող մշակելով։
2Զօրքի զօրավարները՝ Տիմոթէոսը, քաջազգի Ապոլոնիոսը, Հերոնիմոսն ու Դիմոփոնը, նաեւ Նիկանորը, երբեք թոյլ չէին տալիս սրանց հանգիստ ու խաղաղ ապրել։ 3Յոպպէացիներն այնքան համարձակութիւն ստացան, որ սկսեցին անօրէնութիւններ անել։ Միջնորդներ եկան ու համոզեցին իրենց շրջակայքում գտնուող հրեաներին, որ սրանց, իրենց կանանց ու երեխաների հետ, նաւերով բերեն, 4եւ որ ամբողջ քաղաքը համաձայն է դրան։ Սրանք համաձայնեցին, որպէսզի իրենց միջեւ խաղաղութիւնն ու միաբանութիւնը պահպանուի, յանձն առան գնալ, որովհետեւ ոչնչի նկատմամբ ոչ մի կասկած չունէին։ Բերեցին սրանց ու ոչ պակաս քան երկու հարիւր մարդու ծովի մէջ խեղդեցին։
5Երբ Յուդա Մակաբայեցին իմացաւ կատարուած այդ անօրէն ու տմարդի գործի, այդ աղէտի մասին, հրաման տուեց իր շուրջը գտնուող զինուորներին կանչել արդար Դատաւորի անունը, 6իսկ ինքն անմիջապէս յարձակուեց մարդասպանների վրայ։ Գիշերով նրանք նաւահանգիստը հրդեհի մատնեցին, նաւերն այրեցին, իսկ այնտեղ ապաստան գտած մարդկանց կոտորեցին։ 7Քանի որ բերդերն զգուշութեան համար փակ էին պահել, Մակաբայեցին որոշեց, որ միւս անգամ վերադարձին առհասարակ կը կոտորի յոպպէացիներին։ 8Նա յարձակուեց նաեւ յամնէացիների վրայ, որոնք կարծես նոյն պատուհասն էին ուզում բերել իրենց հետ բնակուող եբրայեցիների գլխին։ 9Գիշերով նա յարձակուեց յամնէացիների վրայ եւ նաւահանգիստը նաւերով հանդերձ հրդեհեց, այնպէս որ կրակի ցոլքերը երեւում էին Երուսաղէմում, թէեւ այստեղից մինչեւ այնտեղ մօտ չորս հարիւր ութսուն ասպարէզ էր։
ԿԱՍՊ ՔԱՂԱՔԻ ԳՐԱՒՈՒՄԸ
10Այնտեղից շրջանցելով մօտ քսան ասպարէզ՝ ուզեցին Տիմոթէոսի վրայ յարձակուել, բայց նրանց առաջը կտրեցին մօտ հինգ հազար հինգ հարիւր արաբ հեծեալներ։ 11Գնդերը բախուեցին միմեանց, ու մարտը սաստկացաւ։ Յուդայի բանակը ապաւինեց Տիրոջ օգնութեանը, որովհետեւ յաղթանակի բարեգուշակ նշանը տեսան իրենց աչքի առաջ։ Երբ անապատաբնակ արաբները պարտութեան մատնուեցին, եկան կանգնեցին Յուդայի բանակի առաջ եւ հլու-հնազանդ խնդրեցին դաշինք կնքել։ Բացի այդ, խոստացան ոչխարի հօտեր տալ նրանց եւ ամէն ինչում օգտակար լինել նրանց։ 12Յուդան մտածեց, որ սրանք կարող են շատ պէտք գալ իրենց, ուստի համաձայնեց, ներեց ու նրանց հետ խաղաղութիւն հաստատեց։ Երբ դաշինքը կնքեցին, իւրաքանչիւրն իր բանակը գնաց։
13Հրեաները ասպատակեցին մի կողմի վրայ եւ պաշարեցին պարիսպներով ամրացուած, խառնիճաղանջ ազգերի բնակիչներով լցուած մի քաղաք, որի անունը Կասպ էր, եւ այն պաշարուած պահեցին։ 14Բերդի ներսում գտնուողները իրենց յոյսը դրել էին պարիսպների ամրութեան եւ իրենց պաշարների շատութեան վրայ։ Արհամարհոտ գոռոզութեամբ նրանք նայում էին Յուդայի ու նրա զօրքի վրայ, քսու խօսքերով հայհոյում սրանց, ասում էին այն, ինչ պատշաճ չէր։ 15Իսկ սրանք հայցեցին երկնքի ու երկրի ամենազօր, մեծ ու հզօր Տիրոջ օգնութիւնը, որ Նաւէի որդի Յեսուի օրօք առանց մարտական մեքենաների, առանց խոյերի ու մանգղիոնների կործանել էր Երիքովը, խմբեր կազմեցին, եւ բոլորը միասին քաջաբար յարձակուեցին պարիսպների վրայ։ 16Գրոհեցին ու Աստծու կամքով գրաւեցին պարսպապատ քաղաքը եւ այնքան շատ զինուորներ կոտորուեցին, որ այնտեղ գտնուող երկու ասպարէզ երկարութեամբ ծովակը արեամբ ներկուեց։
ՔԱՐԱՅԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ
17Այնտեղից գնացին Քարայի կողմը, մօտ հինգ հարիւր յիսուն ասպարէզ, եւ մօտեցան տուբէական կոչուող հրեաներին։ 18Այդտեղ գտան անյաջողութիւն կրած, ուժասպառ եղած Տիմոթէոսին, որը, սակայն, պահապան զօրքեր էր թողել խիստ ամրացուած մի վայրում։ 19Դոսիթէոսն ու Սոսիպատրոսը՝ մակաբայեցիների գնդի հզօր զօրավարները, բանակից դուրս էին եկել ու շրջագայում էին իրենց գնդով։ Երբ սրանք եկան ու հանդիպեցին այդ բերդին, յարձակուեցին ու այդտեղ սպանեցին աւելի քան տասը հազար մարդ, 20իսկ Մակաբայեցին իր բանակը գնդերի բաժանեց եւ իր գնդով յարձակուեց Տիմոթէոսի վրայ։ Սա ունէր հարիւր քսան հազար վահանակիր զինուորներ եւ մօտ երկու հազար հինգ հարիւր հեծեալ։ 21Երբ Տիմոթէոսն իմացաւ, որ մակաբայեցիները արշաւում են իր վրայ, անմիջապէս իր ունեցուածքը, գանձը, զինուորների կանանց ու երեխաներին իր մօտից ուղարկեց կառնացիների բերդը։ Այդ բերդն անհնար էր պաշարել այդ վայրերի անմատչելի, անանցանելի լինելու պատճառով։ 22Երբ երեւաց Յուդայի գունդը, թշնամու զօրքն սկսեց առաջ շարժուել, որովհետեւ Ամենակալի վախն ընկել էր նրանց սրտերը։ Նրանք անմիջապէս լեղապատառ եղան, խառնուեցին իրար, սկսեցին խոցոտել միմեանց, ցրուեցին ու փախուստի դիմեցին։ Շատ էին նաեւ այնպիսիք, որոնք յիմար վախից զէնքերով բախւում էին իրար։ 23Յուդայի գունդը փախուստի դիմածներին խստագոյնս հալածեց, անխնայ հարուածեց ու կոտորեց։ Այդտեղ թշնամու զինուորներից դիաթաւալ ընկաւ մօտ երեսուն հազար զինուոր։ 24Դոսիթէոսի ու Սոսիպատրոսի գնդերը գերի վերցրին Տիմոթէոսին։ Նրանց ձեռքն ընկնելով՝ սա ամէն հնարքի դիմելով աղաչում էր նրանց, որ կենդանի թողնեն իրեն։ Նա ասում էր. «Ձեզանից շատերի բարեկամներն ու եղբայրները ինձ մօտ գերի են։ Նրանց բոլորին իմ գլխի փոխարէն ազատ կ’արձակեմ եւ ձեզ կը յանձնեմ»։ 25Ստանալով իր փոխարէն շատերին ազատ արձակելու այսպիսի խոստում՝ նրանք նրան ազատ թողեցին իրենց եղբայրներին փրկելու յոյսով։ 26Երբ Տիմոթէոսը բերդ հասաւ, որ Շռնչանանի կենտրոնում էր, բերեց, կոտորեց նրանց, որոնց խոստացել էր ազատ արձակել։ Դրանց թիւն աւելի քան քսան հազար մարդ էր։
ՅՈՒԴԱ ՄԱԿԱԲԱՅԵՑՈՒ ՅԱՂԹԱԿԱՆ
ՎԵՐԱԴԱՐՁԸ ԵՐՈՒՍԱՂԷՄ
27Նրանք անմիջապէս արշաւեցին Եփրոն կոչուող ամուր քաղաքը, ուր բնակւում էր Լիւսիասն ինքը։ Բազմաթիւ զինուորներ, նետաձիգ մեքենաներով ու զէնքերով զինուած, ներսից հեշտութեամբ պաշտպանում էին պարիսպները, կռւում դրսի մարդկանց դէմ։ 28Սրանք օգնութեան կանչեցին հզօր Ամենակալին, որը կարող էր խորտակել պատերազմողների զօրութիւնը, եւ անմիջապէս գրաւեցին քաղաքը բերդով հանդերձ։ Այնտեղ՝ ներսում, դիաթաւալ սպանեցին մօտ քսան հազար հինգ հարիւր մարդ։ 29Այնտեղից ասպատակեցին սկիւթացիների մի քաղաք, որը Երուսաղէմից հեռու էր մօտ վեց հարիւր ասպարէզ։ Սրանք իրենց երախտապարտ էին համարում հրեայ ազգի նկատմամբ։ 30Քաղաքում բնակուող հրեաներն իրենք էլ վկայեցին, որ, երբ իրենք նեղութեան մէջ են եղել, այդ քաղաքացիները օգնել են իրենց։ 31Երբ նրանց յաջողուեց մակաբայեցիների գնդի հետ խաղաղութեան գործը գլուխ բերել, նրանք գնդի առաջ բարձրաձայն խոստացան առաւել եւս հնազանդ լինել նրանց ազգին։ Սրանք նրանց մօտից շտապեցին Երուսաղէմ քաղաքը, որովհետեւ մօտենում էին եօթներորդ շաբաթի տօները։
ԱՐՇԱՒԱՆՔ ԳՈՐԳԻԱՍԻ ԴԷՄ
32Երբ կատարեցին Պենտեկոստէի տօնը, նրանք յարձակուեցին Գորգիասի վրայ, որը եդոմացիների կողմի կուսակալն էր։ 33Նրանք նրա դէմ ելան երեսուն հազար վահանակիր զինուորներով ու չորս հազար հեծեալներով։ 34Երբ այս ու այն կողմում բանակները ճակատ կազմեցին, եբրայեցիների մի փոքրիկ խումբ ընկաւ երկու ճակատների միջեւ։ 35Տոբեկենացիների գնդից Դոսիթէոս անունով մէկը, որ հզօր, հմուտ պատերազմող էր, յարձակուեց Գորգիասի վրայ։ Այն պահին, երբ ուզում էր անօրէնին ձերբակալելով մակաբայեցիների գնդի առաջ զոհ մատուցել, Թրակիայի գնդից սպառազէն մի մարդ հասաւ, հարուածեց ուսին, տապալեց ու Գորգիասին ազատեց նրա ձեռքից։ Գորգիասը մազապուրծ ճողոպրելով՝ փախաւ Միմարէն ամրոցը։ 36Երբ ճակատամարտը երկարեց, ու շատ կոտորած եղաւ, այն ժամանակ մակաբայեցի զինուորները Ամենակալ Աստծուն օգնութեան կանչեցին, որպէսզի նա պատերազմում առաջնորդի իրենց։ 37Իրենց լեզուով խրախուսեցին միմեանց, գործի անցան եւ նոյն պահին էլ Գորգիասին իր գնդով հանդերձ փախուստի մատնեցին։
38Յուդան վերցրեց զօրքը, հասցրեց Սոդոմ կոչուող քաղաքը։ Երբ շաբաթը մօտեցաւ, իրենց օրէնքների համաձայն, լուացուելով ու մաքրուելով, անցկացրին շաբաթ օրը։ 39Յաջորդ օրը եկան Հրէաստանի կողմերը, որպէսզի թաղեն պատերազմում ընկածներին. եւ տոհմակից եղբայրներից իւրաքանչիւրին թաղեցին իրենց հայրերի գերեզմանոցում։ 40Երբ հասան ճակատամարտի տեղը, գտան իրենց ազգակիցների դիակները, որոնց զգեստների տակ, թեւատակին, յուռութքի ուլունքներ եւ ամէն տեսակ կուռքերի բժժանքներ կային, մի բան, որ յատկապէս մերժելի էր օրէնքով, եւ եբրայեցիներն այդպիսի բանից խիստ հեռու էին փախչում։ Գտնելով դրանք՝ հրեաները հասկացան, որ նրանց կոտորածը եղել է այդ պատճառով։ 41Դրանից յետոյ բոլորն էլ առհասարակ օրհնեցին արդար դատաւոր Տիրոջը, որ բացայայտում է գաղտնիքները։ 42Ծնկի իջած խնդրում էին, որ անցեալում իրենց կատարած մեղքերը բարեսրտօրէն ների։ Քաջ Յուդան սփոփեց զինուորներին, խնդրեց, որ զգոյշ լինեն նման մեղքեր գործելուց։ «Ձեր աչքերով տեսաք, - ասում էր, - որ այս պատուհասը տեղի է ունեցել նրանց կատարած մեղքերի պատճառով»։ 43Սթափ մտածելով՝ նա չորս սատեր արծաթ հաւաքեց եւ տուեց, որ տանեն, Երուսաղէմում զոհեր մատուցեն կատարուած մեղքերի համար։ Դա խիստ իմաստուն քայլ էր, որովհետեւ ինչ որ անում էր, մեռելների յարութեան մասին մտահոգուելով էր անում։ 44Եթէ պատերազմում ընկածների յարութեան ակնկալութիւն չունենար, զուր կը լինէր մեռելների համար աղօթք մատուցելը։ 45Նա ճիշտ էր հասկացել, որ գեղեցիկ մահով ընկածները շնորհների են արժանանում։ 46Նա հաւատում էր, որ քաջութեամբ ընկածները մեղքերի թողութիւն կը ստանան։