Բ Մակաբայեցիներ
10
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՏԱՃԱՐԻ ՍՐԲԱԳՈՐԾՈՒՄԸ
1Մակաբայեցին եւ ովքեր նրա հետ էին, Տիրոջ օգնութեամբ զօրացած՝ գերութիւնից ազատեցին քաղաքն ու տաճարը, 2քաղաքի մէջ այլազգիների կառուցած բագիններն ու պաշտամունքի տեղերը քանդեցին, 3տաճարը մաքրեցին, կրակով մաքրագործուած քարերով մէկ այլ զոհասեղան շինեցին ու դրանցից նորից կրակ առնելով՝ երկամեայ ընդմիջումից յետոյ ողջակիզման զոհեր մատուցեցին։ Ճրագներ վառեցին, խնկեր ծխեցին, սկսեցին հացի մշտական նուէրներ տալ։ 4Երբ դա կատարեցին, երեսի վրայ գետին ընկնելով՝ աղաչում էին Տիրոջը, որ նոյն չարիքներն այլեւս չկրկնուեն իրենց նկատմամբ, իսկ եթէ երբեւէ յանցանք գործեն, ինքն իր հեզութեամբ խրատի եւ ոչ թէ հայհոյող, խուժդուժ հեթանոսների ձեռքը մատնի իրենց։ 5Արդ, այն օրը, երբ տաճարը հեթանոսների ձեռքով պղծուել էր, նոյն օրն էլ նորից նորոգեցին սրբարանը, այն է՝ Քասղեւ կոչուող ամսի քսանհինգերորդ օրը։ 6Որոշեցին Տաղաւարահարաց տօնի նման ութ օր ցնծութեամբ եւ ուրախութեամբ տօն կատարել, յիշելով, որ վերջին ժամանակներս ինչպէս էին կատարել Տաղաւարահարաց տօնը լեռներում, քարանձաւներում եւ ծերպերում՝ երէների նման խոտ ուտելով ու շրջելով։ 7Դրա համար թաւ ծառերից գեղեցիկ ճիւղեր ու արմաւի ոստեր վերցնելով՝ մատուցեցին նրան, որ յաջողութիւն էր տուել իրենց՝ սրբագործելու իր սրբավայրը։ 8Եբրայեցի ազգի ընդհանուր համաձայնութեամբ հրաման տրուեց, որ այդ օրը դասուի տարեկան տօների շարքը, տօն կատարուի ցնծութեամբ եւ ուրախութեամբ։
9Այսքանը՝ Երեւելի մականուամբ Անտիոքոսի մասին. 10իսկ ազնուազարմ հօր որդի՝ անօրէն Անտիոքոսի վերաբերեալ համառօտակի կը պատմենք միայն այն, ինչ կատարուեց քաղաքներում։
ԱՆՏԻՈՔՈՍԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՍԿԻԶԲԸ
11Երբ Անտիոքոսը գահ բարձրացաւ, Ստորին Ասորիքի ու Տաճկաստանի կողմերի արքունի կառավարիչ նշանակեց Լիւսիասին, որովհետեւ Պտղոմէոսը, 12որին Բարձրանձն էին կոչում, եբրայեցիների իրաւունքները հաստատուն պահեց եւ գործերը խաղաղ հունի մէջ դրեց այն բանից յետոյ, երբ խախտել էին եբրայեցիների հետ կնքուած ուխտը եւ նրանց զրկել իրաւունքներից։ 13Դրա համար նրան Անտիոքոսի մօտ ամբաստանել էին իր ընկերները եւ մատնիչ էին անուանում այն բանի համար, որ նա թողել էր Փիլոմիտորէսի հրամանով իրեն յանձնուած Կիպրացիների երկիրը եւ եկել Անտիոքոսի մօտ։ Չդիմանալով իր հասցէին ասուած նախատինքներին, նա թոյն խմեց ու մեռաւ։
ՄԱԿԱԲԱՅԵՑՈՒ ՅԱՐՁԱԿՈՒՄԸ
ԵԴՈՄԱՅԵՑԻՆԵՐԻ ԲԵՐԴԵՐԻ ՎՐԱՅ
14Այդ վայրերի զօրավար Գորգիասը եդոմացիներից զօրք էր հաւաքում ու յարձակումներ գործում, յարմար դիրքեր գրաւում։ 15Նրանք դուրս էին գալիս, անհանգստացնում եբրայեցիներին, փախուստի մատնում նրանց Երուսաղէմից, գնդեր էին կազմում, մարտի պատրաստւում։ 16Իսկ նրանք, որ մակաբայեցիների հետ էին, աղօթեցին Աստծուն, նրա օգնութիւնը հայցեցին, որ իրե՛նք նախայարձակ լինեն եդոմայեցիների բերդերի վրայ։ 17Եկան, խմբեր կազմեցին, յարձակուեցին, խորտակեցին բերդերը, հարուածեցին, կոտորեցին բոլոր նրանց, ովքեր ընկան իրենց ձեռքը, սպանեցին նրանց։ 18Ոմանք ազատուեցին, փախան ու եկան ապաստանեցին երկու ամուր բերդերում։ Նրանք իրենց մօտ ունէին մարտական պատրաստի ամէն տեսակ մեքենաներ՝ պաշարման դիմանալու համար։ Նրանք մեքենաները կանգնեցրին պարիսպների մօտ։ 19Մակաբայեցին բերդի վրայ յարձակուելու համար այնտեղ թողեց Շմաւոնին, Յովսէփին, Զաքէին ու նրա հետ եղող զինուորներին, որպէսզի պաշարեն բերդերը, իսկ ինքը գնաց։ 20Բերդի շուրջը նստած Շմաւոնի զինուորները բանագնացներ ուղարկեցին, կաշառք վերցրին, բերդերում պաշարուածներից առան եօթանասուն հազար սատեր արծաթ եւ թոյլ տուեցին, որ նրանք դուրս գան բերդերից ու փախչեն։ 21Երբ կատարուած դէպքերի մասին տեղեակ պահեցին Մակաբայեցուն, նա հաւաքեց բոլոր իշխաններին, դատապարտեց, մեղադրեց, որ արծաթով վաճառել են եղբայրներին եւ ազատ արձակել թշնամիներին։ 22Օրէնքը խախտողներին բերեցին, սպանեցին նրանց եւ իրենք արշաւեցին դէպի բերդը։ 23Եկան, շրջապատեցին այդ երկու բերդերը, եւ որովհետեւ յաջողութիւնը նրա կողմն էր, նրանք այդտեղ աւելի քան քսան հազար մարդ կոտորեցին։
ՄԱԿԱԲԱՅԵՑՈՒ ՅԱՂԹԱՆԱԿԸ ՏԻՄՈԹԷՈՍԻ ԴԷՄ
ԵՒ ԳԱԶԱՐԱՅԻ ԳՐԱՒՈՒՄԸ
24Տիմոթէոսը, որ առաջ պարտութիւն էր կրել եբրայեցիներից, նորից աշխուժացաւ, նորից զօրք հաւաքեց օտար երկրներից, ասիացիներից մեծաթիւ այրուձի ժողովեց՝ մտադրուելով գալ, սրի ուժով Հրէաստան երկիրը գրաւել։ 25Մակաբայեցիների հետ եղածները նրանց մօտենալու պահին պաղատանքով դիմում էին Աստծուն, գլուխներին հող էին ցանում, քուրձ հագնում, 26զոհասեղանի առաջն ընկած՝ թաւալւում էին աստիճանների վրայ, խնդրում էին, որ սրանից յետոյ նա հաշտ լինի իրենց հետ, վանի իրենց թշնամիներին, դէմ կանգնի իրենց հակառակորդներին. աղաչելով աղօթում էին այնպէս, ինչպէս հրահանգում էր օրէնքը։ 27Երբ աղօթելը վերջացրին, բոլորը զէնք վերցրին, սպառազինուեցին, պատրաստուեցին ու քաղաքից բաւական հեռու գնացին։ Երբ թշնամու գնդին մօտեցան, ըստ կարգի դասաւորուեցին, ճակատ կազմեցին։ 28Երբ շառագոյն արեգակն սկսեց իր ճառագայթները սփռել երկրի երեսին, երկու կողմերը բախուեցին միմեանց։ Օրը բախուողների մի կէսին ուրախութեան բարի նշան էր պատրաստում եւ ուրախալի յաղթութիւն պարգեւում, որովհետեւ երկնքի զօրութեան փառքն ու իրենց Տիրոջ օգնականութիւնը լոյսի պէս իջնելով՝ անվտանգ էին պահում նրանց, իսկ միւս կէսին, նրանց բիրտ գոռոզութեան համար, տագնապ էին պատճառում։ 29Այն պահին, երբ պատերազմի անաչառ, անողորմ ձեռքը իր գործն էր անում, երկնքից երեւացին սպառազէն հինգ հեծեալներ՝ զինուած ոսկէ զէնքերով ու ոսկէ զարդերով։ Նրանք իջան թշնամու բանակի մօտ, բայց եկան խառնուեցին եբրայեցիների գնդին։ 30Սրանք Յուդա Մակաբայեցուն իրենց մէջն առնելով առաջ գնացին, իրենց աներեւոյթ զէնքերով աւելի մեծ նախճիր գործեցին, քան Յուդան իր զէնքերով, որովհետեւ նրանք սրա վրայ թափուող բոլոր նետերն ու տէգերը վանում էին, եւ բարկութեամբ լցուած, իրենց նետերով թշնամու աչքերն էին կուրացնում։ Թշնամու ահաբեկուած զօրքն սկսեց իրար խառնուել։ 31Այդ օրը թշնամու բանակից սպանուել էր քսան հազար հինգ հարիւր սպառազէն զինուոր, 32իսկ Տիմոթէոսն ինքը մազապուրծ եղած՝ ամբոխի հետ փախուստի դիմեց։ Նա եկաւ ընկաւ Գազարա անունով պարսպապատ քաղաքը, ուր զօրավար էր Քերէասը։ 33Մակաբայեցին իր զօրքով եկաւ ու չորս օր պաշարեց բերդը։ 34Ներսում գտնուողները վստահ լինելով քաղաքի ամրութեան վրայ, ծաղրում էին եբրայեցիներին, իրենց չարութիւնից թշնամական, անարգալից խօսքեր էին շպրտում նրանց հասցէին։ 35Հինգերորդ օրը, երբ պիտի ծագէր շաբաթ օրուայ լոյսը, եբրայական բանակի միջից քսան ընտիր երիտասարդներ Մակաբայեցու հետ զէնքեր վերցնելով՝ քաջաբար, բարկութեամբ յարձակուեցին քաղաքի դարպասներից մէկի վրայ։ Ում պատահեցին դարպասի մօտ, տեղնուտեղը սպանեցին։ 36Յարձակում գործեց նաեւ պարիսպների շուրջը գտնուող ամբողջ զօրքը։ Աղմուկ-աղաղակը հասաւ քաղաք։ Պարսպապահ զինուորները, որոնք պարսպի վրայ էին, պարսպից դուրս ու ներս, խմբեր կազմած, տեղատարափ անձրեւի պէս վերեւից վայր էին թափւում։ Բոլոր մակաբայեցիները խուժեցին ներս, բերդի աշտարակն ու քաղաքի բոլոր փայտակերտ շինութիւնները կրակի տուեցին, դարպասներն ու մարտական մեքենաներն այրեցին, աչքի ընկնող ամէն ինչ խորտակեցին, յետոյ քաղաքի մէջ խարոյկ վառեցին ու իրենց հայհոյող թշնամիներին դրա վրայ այրեցին, 37քաղաքի ամբողջ ինչքը, գանձերն ու հարստութիւնը կողոպտեցին եւ քաղաքի օրէնքն ու կարգերը վերցրին իրենց ձեռքը։ Եկան գտան նաեւ փախած, մի գբի մէջ թաքնուած Տիմոթէոսին. նրան, նրա եղբայր Քերէասին ու Ապոլոփանէսին նոյն գբի մէջ էլ մորթեցին։ 38Երբ այս բոլոր գործերն արեցին վերջացրին, ցնծութեամբ եւ ուրախութեամբ օրհնեցին Տիրոջը, որ արժանի ու փառաւոր յաղթանակ էր պարգեւել Իսրայէլին։