Չորրորդ Թագավորաց գիրք

15

ՅՈՒԴԱՅԻ ԱԶԱՐԻԱ ԹԱԳԱՒՈՐԸ

(Բ Մնաց., 26. 1-23)

1Իսրայէլի Յերոբովամ արքայի թագաւորութեան քսանեօթներորդ տարում թագաւորեց Յուդայի երկրի Ամասիա արքայի որդի Ազարիան։ 2Նա տասնվեց տարեկան էր, որ թագաւոր դարձաւ, եւ յիսուներկու տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Յեքեղիա էր, նա Երուսաղէմից էր։ 3Ազարիան իր Ամասիայի նման ըստ ամենայնի գործեր կատարեց Տիրոջ առջեւ, 4բայց բարձունքների մեհեանները չվերացրեց, իսկ ժողովուրդը տակաւին զոհեր էր մատուցում եւ ծխում բարձունքներում։ 5Տէրը պատուհասեց թագաւորին, եւ նա բորոտ դարձաւ մինչեւ իր կեանքի վերջը։ Նա առանձին մի տան մէջ էր բնակւում։ Արքունի տան վրայ իշխում եւ երկրի ժողովրդին դատում էր արքայի որդին՝ Յովաթամը։

6Ազարիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Յուդայի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 7Ազարիան գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ։ Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Յովաթամը։

ԻՍՐԱՅԷԼԻ ԶԱՔԱՐԻԱ ԹԱԳԱՒՈՐԸ

8Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան երեսունեօթներորդ տարում Իսրայէլի վրայ թագաւորեց Յերոբովամի որդի Զաքարիան։ Նա վեց ամիս թագաւորեց Սամարիայում։ 9Նա իր նախնիների նման չարիք գործեց Տիրոջ առջեւ, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից։ 10Նրա դէմ գլուխ բարձրացրին Յաբիսի որդի Սեղղումն ու Կեբդաամը. նրանք ժողովրդի ներկայութեամբ հարուածեցին նրան ու սպանեցին։ Նրա փոխարէն թագաւորեց Սեղղումը։

11Զաքարիայի մնացած գործերը նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ 12Ահա այս էր այն մարդը, որի մասին Տէրը ասել էր Յէուին. «Քո որդիներից միայն մինչեւ չորրորդ սերունդը պիտի նստի Իսրայէլի գահին»։ Եւ այդպէս էլ եղաւ։

ԻՍՐԱՅԷԼԻ ՍԵՂՂՈՒՄ ԹԱԳԱՒՈՐԸ

13Յաբիսի որդի Սեղղումը թագաւորեց Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան երեսունութերորդ տարում։ Սեղղումը Սամարիայում թագաւորեց մէկ ամիս։ 14Գադդիի որդի Մանայեմը դուրս եկաւ Թերսայից, մտաւ , Սամարիայում հարուածեց Յաբիսի որդի Սեղղումին, սպանեց նրան ու փոխարէնը թագաւոր նստեց։

15Սեղղումի մնացած գործերը, նրա կազմակերպած դաւադրութիւնները նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։

ԻՍՐԱՅԷԼԻ ՄԱՆԱՅԵՄ ԹԱԳԱՒՈՐԸ

16Այն ժամանակ Մանայեմը յարձակուեց Թերսայի վրայ եւ այնտեղ, սկսած Թերսայից, նրա սահմաններում գտնուող բոլորին սպանեց, յղի կանանց արգանդը պատռեց, որովհետեւ նրա առաջ չէին բացել քաղաքի դարպասները։

17Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան երեսունիններորդ տարում Իսրայէլի վրայ թագաւորեց Գադդիի որդի Մանայեմը։ Նա տասը տարի թագաւորեց Սամարիայում։ 18Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից։

19Ասորեստանի արքայ Փուան եկաւ յարձակուեց Իսրայէլի վրայ։ Մանայեմը Փուային հազար արծաթ տուեց, որպէսզի նա իրեն օգնական լինի, եւ Մանայեմն իր թագաւորութիւնն իր ձեռքում պահի։ 20Այս արծաթն Ասորեստանի արքային տալու համար Մանայեմն Իսրայէլի բոլոր հարուստների վրայ հարկ դրեց, ամէն մէկից յիսնական սիկղ արծաթ առաւ։ Ասորեստանի թագաւորը յետ դարձաւ՝ չմնաց երկրում։

21Մանայեմի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։ Մանայեմը գնաց իր նախնիների գիրկը։

22Նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Փակէիան։ 23Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան յիսուներորդ տարում Փակէիան թագաւորեց Իսրայէլի վրայ։ Նա տասը տարի թագաւորեց Սամարիայում։ 24Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից։ 25Նրա դէմ գլուխ բարձրացրեց Ռոմելիայի որդի Փակէէն՝ իր զօրապետը։ Սրա հետ էին Արգոբը եւ Արիէն, ինչպէս նաեւ չորսհարիւրեակի միջից յիսուն ։ Նա հարուածեց նրան Սամարիայում, արքունի տան առաջ, սպանեց նրան, եւ նրա փոխարէն ինքը թագաւորեց։

26Փակէիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։

ԻՍՐԱՅԷԼԻ ՓԱԿԷԷ ԹԱԳԱՒՈՐԸ

()

27Յուդայի երկրի արքայ Ազարիայի թագաւորութեան յիսուներկուերորդ տարում թագաւորեց Ռոմելիայի որդի Փակէէն։ Նա Սամարիայում Իսրայէլի վրայ թագաւորեց քսան տարի։ 28Նա Տիրոջ առջեւ չարութիւն գործեց, չհրաժարուեց Իսրայէլին մեղանչել տուող Նաբատի որդի Յերոբովամի մեղքերից։ 29Իսրայէլի արքայ Փակէէի օրօք եկաւ Ասորեստանի Թակղաթփաղասար արքան, գրաւեց Այինը, Կաբէէլը, Բեթմաաքան, Յանոքը, Կենէզը, Ասորը, Գաղաադը եւ Գալիլիան, Նեփթաղիմի ամբողջ երկիրը եւ նրանց բնակիչներին քշեց ։ 30Եղայի որդի Օսէէն դաւադրութիւն կազմակերպեց Ռոմելիայի որդի Փակէէի դէմ, խփեց ու սպանեց նրան, եւ նրա փոխարէն ինքը թագաւորեց Օզիայի որդի Յովաթամի թագաւորութեան քսաներորդ տարում։

31Փակէէի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։

32Իսրայէլի թագաւոր Ռոմելիայի որդի Փակէէի թագաւորութեան երկրորդ տարում Իսրայէլում թագաւորեց Յուդայի երկրի արքայ Օզիայի որդի Յովաթամը։ 33Նա քսանհինգ տարեկան էր, որ թագաւոր դարձաւ եւ տասնվեց տարի իշխեց Երուսաղէմում։ Նրա մօր անունը Յերուսա էր, նա Սադոկի դուստրն էր։ 34Յովաթամը ըստ ամենայնի արդար գտնուեց Տիրոջ առջեւ, այնպէս, ինչպէս իր հայր Օզիան, 35միայն թէ նա բարձունքների մեհեանները չվերացրեց, եւ ժողովուրդը տակաւին զոհեր էր մատուցում եւ խունկ ծխում բարձունքներում։ Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը։

36Յովաթամի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ նա արել է, նկարագրուած են Յուդայի երկրի թագաւորների ժամանակագրութեան մէջ։

37Այդ օրերին Տէրը Յուդայի երկրի դէմ ուղարկեց ասորիների արքայ Ռասոնին եւ Ռոմելիայի որդի Փակէէին։

38Յովաթամը գնաց իր նախնիների գիրկը եւ թաղուեց իր նախնի Դաւթի քաղաքում, իր նախնիների մօտ, եւ նրա փոխարէն թագաւորեց իր որդին՝ Աքազը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն