Չորրորդ Թագավորաց գիրք
11
ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԳՈԹՈՂԻԱ ԹԱԳՈՒՀԻՆ
(Բ Մնաց., 22. 10-23. 15)
1Օքոզիայի մայր Գոթողիան երբ տեսաւ իր որդիների մահը, կոտորեց ամբողջ թագաւորական սերունդը, 2բայց Յորամ արքայի դուստրը, Օքոզիայի քոյր Յոսաբէէն Օքոզիայի որդի Յովասին վերցրեց արքայի սպանուած որդիների միջից եւ նրան ու նրա դայեակին Գոթողիայից փախցնելով՝ թաքցրեց ննջասենեակում։ Յովասը փրկուեց։ 3Նա նրա հետ վեց տարի Տիրոջ տանը թաքնուեց, երբ Գոթողիան թագաւորում էր երկրում։
4Եօթներորդ տարում Յովիդայէն մարդ ուղարկեց, կանչեց հարիւրապետներին, թիկնապահներին ու սուրհանդակ զինուորներին, նրանց բերեց Տիրոջ տունն ու նրանց Տիրոջ անունով երդուեցնելով՝ ցոյց տուեց նրանց արքայի որդի Յովիդայէին։ 5Նա պատուիրելով նրանց՝ ասաց. «Ձեր անելիքն այս է. ձեր մէկ երրորդ մասը շաբաթ օրը թող պահպանի արքունի տան դուռը, 6միւս մէկ երրորդ մասը ճանապարհների դարպասը պահպանի, իսկ մնացած մէկ երրորդ մասը՝ սուրհանդակ զինուորների յետեւի դուռը։ Այսպիսով ամբողջ տունը պէտք է հսկողութեան տակ առնուի։ 7Երեք խմբերից երկուսը, այսինքն՝ շաբաթ օրը Տիրոջ տունը 8եւ արքայի շուրջը պահպանութիւն անողները, զէնքերը ձեռքներին արքայի չորս կողմը թող պահպանեն, եւ ովքեր այդ շրջանից ներս մտնեն, թող սպանուեն։ Եւ նրանք թագաւորի հետ են լինելու նրա ելումուտ անելու ամբողջ ժամանակ»։
9Հարիւրապետներն արեցին այն, ինչ իմաստուն Յովիդայէն պատուիրել էր. ամէն մէկն առաւ իր մարդկանց՝ թէ՛ նրանց, որոնք շաբաթ օրը պահպանութիւն անելու էին կոչուած եւ թէ՛ նրանց, որոնք այդ օրը վերջացրել էին իրենց ծառայութիւնը, եւ եկաւ Յովիդայէ քահանայի մօտ։ 10Քահանան Դաւիթ արքայի՝ Տիրոջ տանը գտնուող գեղարդներն ու զէնքերը տուեց հարիւրապետներին։ 11Հետեւակ զինուորներն եկան ու իրենց զէնքերը ձեռքներին կանգնեցին տան աջ անկիւնից մինչեւ ձախ անկիւնը, զոհասեղանի ու արքունի տան շուրջը։ 12Յովիդայէն բերել տուեց արքայի որդուն, նրա գլխին դրեց թագը, նրան յանձնեց վկայականը, նրան օծելով թագաւոր դարձրեց եւ ծափ զարկեց ու ասաց. «Կեցցէ՛ արքան»։
13Գոթողիան լսելով շարժման մէջ եղող մարդկանց աղմուկը՝ եկաւ նրանց մօտ, մտաւ Տիրոջ տունը 14եւ տեսաւ, որ արքան, ինչպէս կարգն է, կանգնել է սեան մօտ, իսկ երգիչներն ու փողհարները՝ նրա շուրջը։ Երկրի ամբողջ ժողովուրդը ուրախանում էր եւ փող հնչեցնում։ Գոթողիան պատառոտեց իր հագուստները եւ աղաղակեց՝ ասելով. «Դա՜ւ է, դա՜ւ»։ 15Յովիդայէ քահանան պատուիրեց զօրքի հարիւրապետներին՝ ասելով. «Դո՛ւրս բերէք նրան շարքերից, եւ ով որ գնայ նրա յետեւից, թող սրով սպանուի»։ Քահանան չէր ուզում, որ նա Տիրոջ տանը սպանուի։ 16Նրան բռնեցին, եւ երբ իրենք արքունի տուն տանող երիվարների ճանապարհով էին ընթանում, սպանեցին նրան։
ՅՈՎԻԴԱՅԷԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ
(Բ Մնաց., 24. 1-16)
17Յովիդայէն Տիրոջ եւ արքայի, ինչպէս եւ արքայի ու ժողովրդի միջեւ ուխտ դրեց, որ իրենք կը լինեն Տիրոջ ժողովուրդը։ 18Երկրի բոլոր մարդիկ գնացին Բահաղի մեհեանը, կործանեցին այն, ջարդուփշուր արեցին նրա զոհասեղանները, նրա արձանները, Բահաղի քուրմ Մաթանին սպանեցին զոհասեղանի դիմաց։ Քահանան հսկիչ ոստիկաններ նշանակեց Տիրոջ տան վրայ։ 19Նա հարիւրապետներին, թիկնապահներին, սուրհանդակ զինուորներին ու երկրի ամբողջ ժողովրդին առնելով՝ արքային դուրս բերեց Տիրոջ տնից, սուրհանդակների դռան ճանապարհով բերեց արքունի տուն եւ նրան թագաւորական գահին նստեցրեց։ 20Երկրի ամբողջ ժողովուրդը ուրախացաւ, քաղաքը հանդարտուեց։ Գոթողիային արքունի տան մօտ սպանել էին սրով։ 21Երբ Յովասը թագաւոր օծուեց, եօթը տարեկան էր։