Չորրորդ Թագավորաց գիրք

1

ԱՍՏՈՒԱԾ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

ՕՔՈԶԻԱ ԹԱԳԱՒՈՐԻ ԸՆԹԱՑՔԸ

1Աքաաբի մահուանից յետոյ մովաբացիներն ըմբոստացան Իսրայէլի դէմ։ 2Օքոզիան ընկաւ Սամարիայում գտնուող իր վերնատան վանդակապատից ու ծանր վնասուածք ստացաւ։ Նա պատգամաւորներ ուղարկեց ու ասաց նրանց. «Գնացէ՛ք եւ Ակկարոնի -Ճանճիկ աստծուն հարցրէ՛ք, թէ ես կը փրկուե՞մ այս ցաւից»։ Եւ նրանք գնացին հարցնելու նրան։ 3Տիրոջ հրեշտակը, սակայն, կանչեց թեզբացի Եղիային եւ ասաց. «Ելիր գնա՛ եւ Սամարիայի Օքոզիա արքայի պատգամաւորներին դիմաւորելով՝ նրանց ասա՛. “Իսրայէլի մէջ չլինելո՞ւ պատճառով է, որ գնում էք Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու։ 4Մի՛ արէք այդ բանը։ Տէրն այսպէս է ասում. “Այն մահիճը, որի մէջ պառկել ես, դրանից չես իջնելու եւ դրա մէջ էլ մեռնելու ես”»։ Եղիան գնաց ու յայտնեց նրանց այդ խօսքերը։

5Պատգամաւորները վերադարձան նրա մօտ, եւ նա հարցրեց. «Ինչո՞ւ էք յետ դարձել»։ 6Նրան ասացին. «Մի մարդ մեր առաջ ելաւ ու ասաց մեզ. “Վերադարձէ՛ք ձեզ ուղարկող արքայի մօտ եւ ասացէ՛ք նրան. Այսպէս է ասում Տէրը. ՛՛Իսրայէլի մէջ Աստուած չլինելո՞ւ պատճառով է, որ գնում էք Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ աստծուն հարցնելու։ Մի՛ արէք այդ բանը։ Այն մահիճը, որի մէջ պառկել ես, դրանից ցած չես իջնելու, մեռնելու ես՛՛”»։ 7Օքոզիան հարցրեց. «Ի՞նչ նշաններ ունէր այն մարդը, որ ձեր առաջ ելաւ եւ այդ բաներն ասաց ձեզ»։ 8Նրանք ասացին. «Մազոտ մարդ էր եւ մէջքին կաշուէ էր կապել»։ Նա ասաց. «Դա թեզբացի Եղիան է»։

9Նա մի յիսնապետ հրամանատար ուղարկեց Եղիա մարգարէի մօտ իր յիսուն զինուորներով։ Յիսնապետը եկաւ նրա մօտ։ Եղիան նստած էր լերան գագաթին։ Յիսնապետն ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, արքան քեզ կանչում է, իջի՛ր այդտեղից»։ 10Եղիան պատասխան տալով՝ ասաց յիսնապետին. «Եթէ ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի եւ լափի քեզ ու քո յիսուն զինուորներին»։ Կրակ իջաւ երկնքից եւ լափեց նրան ու նրա յիսուն զինուորներին։

11Արքան նորից մի այլ յիսնապետ ուղարկեց նրա մօտ իր յիսուն զինուորներով։ Յիսնապետն եկաւ ու ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, արքան այսպէս է ասում. “Անմիջապէս ցա՛ծ իջիր այդտեղից”»։ 12Եղիան պատասխան տալով՝ ասաց նրան. «Եթէ ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի եւ լափի քեզ ու քո յիսուն զինուորներին»։ Աստծու կրակն իջաւ երկնքից ու լափեց նրան ու նրա յիսուն զինուորներին։

13Արքան երրորդ անգամ յիսնապետ ուղարկեց յիսուն հոգով։ Երրորդ յիսնապետն եկաւ, Եղիայի առջեւ ծնկի իջաւ եւ աղաչելով՝ ասաց նրան. «Ո՜վ Աստծու մարդ, ՛ աչքով նայիր ինձ ու քո այս յիսուն ծառաներին, 14քանզի տեսանք, որ կրակ ընկաւ երկնքից ու լափեց նախորդ երկու յիսնապետներին ու նրանց յիսունական զինուորներին։ Արդ, բարի՛ աչքով նայիր քո ծառաներին»։

15Տիրոջ հրեշտակը խօսելով Եղիայի հետ՝ ասաց. «Գնա՛ նրա հետ, նրանցից երկիւղ մի՛ ունեցիր»։ Վեր կացաւ Եղիան, նրա հետ գնաց արքայի մօտ 16եւ ասաց նրան. «Քանի որ պատգամաւորներ ես ուղարկել Ակկարոնի Բահաղ-Ճանճիկ Աստծու մօտ բան հարցնելու, կարծես թէ Իսրայէլի մէջ չկար Աստուած, որ նրանից հարցնէիր (մի բան, որ չպէտք է անէիր), ուստի այն մահիճը, որի մէջ պառկել ես, դրանից չես իջնելու, այլ մեռնելու ես»։ 17Եւ նա մեռաւ, ինչպէս որ Տէրն էր ասել Եղիային։ Աքաաբի որդի Յորամը Յուդայի երկրի արքայ Յոսափատի թագաւորութեան տասնութերորդ տարում թագաւորեց Իսրայէլի վրայ Սամարիայում տասներկու տարի։ Նա չարիք գործեց Տիրոջ առջեւ, բայց ոչ իր եղբայրների եւ իր մօր նման։ Նա հանեց ու ոչնչացրեց իր հօր պատրաստած Բահաղի արձանները, բայց գործեց Յերոբովամի այն մեղքերը, որոնցով նա մեղանչել էր տուել Իսրայէլին, դրանցից չհրաժարուեց, ուստի Տէրը խիստ զայրացաւ Աքաաբի տան վրայ։ Յոսափատի որդի Յուդայի երկրի արքայ Յորամի թագաւորութեան երկրորդ տարում Օքոզիայի փոխարէն իշխել էր իր Յորամը, որովհետեւ Օքոզիան որդի չունէր։

18Օքոզիայի մնացած գործերը եւ այն ամէնը, ինչ արել է նա, չէ՞ որ նկարագրուած են Իսրայէլի թագաւորների ժամանակագրութեան մէջ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն