Բ Կորնթացիս

7

ՊՕՂՈՍԻ ՈՒՐԱԽՈՒԹԻՒՆԸ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻ

ԶՂՋՄԱՆ ԱՌԻԹՈՎ

1Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծու երկիւղով։ 2Հանդուրժեցէ՛ք մեզ, որովհետեւ ոչ ոքի չվնասեցինք, ոչ ոքի չապականեցինք եւ ոչ ոքի չզրկեցինք։ 3Ձեզ դատապարտելու համար չեմ ասում, քանի որ առաջ էլ ասացի, թէ մեր սրտերում էք՝ լինի ձեզ հետ մեռնելու թէ ապրելու համար։

4Մեծ վստահութիւն ունեմ ձեր հանդէպ. մեծապէս հպարտ եմ ձեզնով. լի եմ մխիթարութեամբ. մեր բոլոր նեղութիւնների մէջ լցուած եմ ուրախութեամբ. 5որովհետեւ, երբ մենք Մակեդոնիա հասանք, ոչ մի բանով հանգիստ չունեցանք, այլ ամէն կողմից նեղութիւն կրեցինք, քանի որ դրսից պայքարներ էին, իսկ ներսից՝ արհաւիրքներ։ 6Բայց , որ մխիթարում է խոնարհներին, մխիթարեց մեզ Տիտոսի գալով. 7ոչ միայն նրա գալով, այլեւ այն մխիթարութեամբ, որով մխիթարուել էր նա ձեզ մօտ՝ պատմելով մեզ ձեր տենչանքը, ձեր լացուկոծը, ձեր նախանձախնդրութիւնը իմ հանդէպ, այնպէս որ ես է՛լ աւելի ուրախ եղայ։ 8Եւ եթէ ձեզ տխրեցրի էլ այդ թղթով, չեմ զղջում դրա համար, թէպէտեւ զղջացել էի. որովհետեւ տեսնում եմ, որ այդ թուղթը առժամանակ տխրեցրել է ձեզ։ 9Արդ, ուրախ եմ. ոչ որովհետեւ տրտմեցիք, այլ որովհետեւ ապաշխարութեան համար տրտմեցիք, քանի որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, այնպէս որ մեզնից ոչ մի բանով վնաս չկրեցիք. 10որովհետեւ տրտմութիւնը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարութիւն է առաջ բերում փրկութեան համար, որը զղջում չի պատճառում. իսկ աշխարհի տրտմութիւնը մահ է առաջ բերում։ 11Արդ, քանի որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, այդ բանը ի՜նչ փութկոտութիւն արթնացրեց մեր մէջ, կամ ի՜նչ արդարացում կամ սաստ կամ երկիւղ կամ տենչանք կամ նախանձախնդրութիւն կամ վրէժխընդրութիւն. արդարեւ ամէն ինչում դուք ձեզ ցոյց տուիք, թէ մաքուր էք այդ հարցում։ 12Ապա ուրեմն, եթէ ես ձեզ գրեցի էլ, չգրեցի զրկանք պատճառողի եւ ոչ էլ զրկանք կրողի համար, այլ որպէսզի յայտնի լինի Աստծու առաջ մեր նկատմամբ ձեր ունեցած հոգածութիւնը։ 13Ահա թէ ինչու մխիթարուած ենք։ Մեր մխիթարութեան վրայ առաւել եւս ուրախացանք Տիտոսի ուրախութեան համար, քանզի նրա հոգին ձեզնից՝ բոլորիցդ հանգիստ էր գտել։ 14Եւ եթէ ձեզանով մի փոքր պարծեցայ նրա առաջ, չամաչեցի. այլ, ինչպէս ամէն ինչ ճշմարտութեամբ խօսեցինք ձեզ հետ, նոյնպէս եւ Տիտոսի առաջ մեր պարծանքը ճշմարիտ եղաւ։ 15Եւ նրա գորովանքը առաւել մեծ է ձեր հանդէպ, երբ յիշեցնում մեզ բոլորի հնազանդութիւնը, թէ ինչպէս երկիւղով եւ դողով էք ընդունել նրան։ 16Եւ արդ, ուրախ եմ, որ ամէն ինչում վստահութիւն ունեմ ձեր վրայ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն