Բ Կորնթացիս

6

1Ուստի, Աստծուն գործակից լինելով՝ աղաչում ենք, որ դուք Աստծու շնորհն ի զուր ընդունած չլինէք. 2որովհետեւ ասում է. «Ընդունելի ժամանակում լսեցի քեզ եւ փրկութեան օրում օգնեցի քեզ»։ Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկութեան օրը։ 3Եւ ոչ մի առիթով պատճառ մի՛ եղէք, որ մեր պաշտօնը չարատաւորուի. 4այլ, բոլոր դէպքերում, դուք ներկայացրէ՛ք իբրեւ Աստծու պաշտօնեաներ՝ ցոյց տալով մեծ համբերութիւն նեղութիւնների մէջ, վշտերի մէջ, չարչարանքների մէջ, 5հարուածների տակ, բանտերում, խռովութիւնների մէջ, տքնութիւնների մէջ, հսկումների մէջ, ծոմապահութեան մէջ, 6սրբութեամբ, գիտութեամբ, համբերութեամբ, քաղցրութեամբ, Սուրբ Հոգով, անկեղծ սիրով, 7ճշմարտութեան խօսքով, Աստծու զօրութեամբ, արդարութեան զէնքով՝ յարձակուելու եւ պաշտպանուելու համար, 8փառքով եւ անարգութեամբ, գովութեամբ եւ պարսաւանքով, իբրեւ թէ մոլորեցնողներ, բայց ճշմարտութիւնից չշեղուածներ, 9իբրեւ թէ անծանօթներ, բայց բոլորից ճանաչուածներ, իբրեւ թէ մահամերձներ, բայց եւ ահաւասիկ կենդանի ենք, իբրեւ թէ պատժուածներ, բայց ոչ մահապարտներ, 10իբրեւ թէ տրտմածներ, բայց եւ շարունակ ուրախ ենք, իբրեւ թէ տնանկներ, բայց եւ շատերին ենք հարստացնում, իբրեւ թէ ոչինչ չունենք, բայց՝ ունենք ամէն ինչ։

11Կորնթացինե՛ր, մեր բերանները բաց են պատգամելու համար ձեզ, եւ մեր սրտերը՝ լայն։ 12Մենք չէ, որ նեղում ենք ձեզ, այլ դուք ձեր սրտերում էք նեղւում։ 13Արդ, դուք էլ նոյն հատուցումն անելով, - որդիների տեղ եմ դնում ձեզ, - լայնօրէն բա՛ց արէք ձեր սրտերը։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԿՌԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԻՑ

14Անհաւատներին լծակից մի՛ եղէք, որովհետեւ ի՞նչ կապ ունի արդարութիւնը անօրէնութեան հետ. եւ կամ ի՞նչ յարաբերութիւն լոյսի եւ խաւարի միջեւ. 15եւ կամ ի՞նչ միաբանութիւն Քրիստոսի եւ Բելիարի միջեւ. կամ ի՞նչ առնչութիւն ունի հաւատացեալը անհաւատի հետ. 16կամ ի՞նչ նմանութիւն ունի Աստծու տաճարը մեհեանների հետ։ Արդարեւ, կենդանի Աստծու էք դուք, ինչպէս ասաց . «Պիտի բնակուեմ նրանց մէջ ու պիտի ընթանամ նրանց միջով եւ նրանց Աստուածը պիտի լինեմ, եւ նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը։

17Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք, - ասում է Տէրը, - եւ մի՛ դիպէք պիղծ բաներին.

18եւ ես պիտի ընդունեմ ձեզ. եւ ես պիտի լինեմ ձեզ համար . եւ դուք պիտի լինէք ինձ համար որդիներ եւ դուստրեր», - ասում է Ամենակալ Տէրը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն