Բ Կորնթացիս

4

ՀՈԳԵՒՈՐ ԳԱՆՁ ԿԱՒԷ ԱՆՕԹՆԵՐԻ ՄԷՋ

1Քանի որ ունենք այս պաշտօնը Աստծու ողորմութեամբ, չենք տկարանում. 2այլ հրաժարուեցինք ամօթալի խորհուրդներից, որպէսզի խորամանկութեամբ չընթանանք եւ Աստծու խօսքը չնենգափոխենք, այլ ճշմարտութիւնը յայտնելով՝ մենք մեզ յանձնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին՝ Աստծու առաջ։ 3Եւ եթէ մեր Աւետարանը ծածկուած իսկ է, ծածկուած է կորստեա՛ն մատնուածների համար, 4որոնց՝ այդ անհաւատների մտքերը այս աշխարհի աստուածը կուրացրեց, որպէսզի նրանց մէջ չծագի Քրիստոսի Աւետարանի փառքի լոյսը, Քրիստոսի, որ պատկերն է աներեւոյթ Աստծու։ 5Ոչ թէ մենք մեզ ենք քարոզում, այլ՝ Յիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, իսկ մեզ՝ որպէս ծառաներ ձեզ՝ Քրիստոսի համար. 6որովհետեւ է, որ ասաց. «Խաւարից թող լոյս ծագի». եւ նա ծագեցրեց մեր սրտերում Աստծու փառքի գիտութեան լոյսը, որը ճառագայթում է Յիսուս Քրիստոսի դէմքից։

7Այսուհետեւ այս գանձերն ունենք կաւէ ամանների մէջ, որպէսզի զօրութեան գերազանցութիւնը Աստծուց լինի եւ ոչ մեզնից։ 8Ամէն կողմից ճնշուած, բայց ոչ ընկճուած, կարօտեալ, բայց ոչ յուսահատ, 9հալածուած, բայց ոչ լքուած, չարչարուած, բայց ոչ մեռած։ 10Ամէն մեր մարմինների մէջ կրում ենք Յիսուսի մահը, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մարմինների մէջ. 11քանզի, քանի դեռ կենդանի ենք, միշտ մահուան ենք մատնւում Յիսուսի համար, որպէսզի Յիսուսի կեանքն էլ յայտնուի մեր մահկանացու մարմինների մէջ։ 12Այնպէս որ, մահը զօրանում է մեր մէջ, իսկ կեանքը՝ ձեր մէջ։ 13Արդ, հաւատի նոյն հոգին ունենք, ինչպէս գրուած էլ է. «Հաւատացի, դրա համար էլ խօսեցի»։ Եւ մենք հաւատում ենք, դրա համար էլ խօսում ենք։ 14Այս գիտենք, թէ նա, ով յարութիւն տուեց Յիսուսին, մեզ էլ յարութիւն կը տայ Յիսուսի հետ եւ ձեզ հետ միասին կը կանգնեցնի իր առաջ. 15քանզի ամէն ինչ ձեզ համար է, որպէսզի շատերի գոհութեամբ առատացած շնորհը աւելանայ ի փառս Աստծու։

ԱՊՐԵԼ ՀԱՒԱՏՈՎ

16Դրա համար էլ չենք տկարանում. այլ, թէպէտեւ մեր այս արտաքին մարդը քայքայւում է, բայց մեր ներքին մարդը նորոգւում է օրըստօրէ. 17որովհետեւ մեր թեթեւ նեղութեան առժամանակեայ յաճախանքը մեր մէջ առաջ է բերում յաւիտենական , որ գերազանցում է ամէն ինչ. 18քանզի չենք նայում տեսանելի բաներին, այլ՝ անտեսանելիներին, որովհետեւ տեսանելիները ժամանակաւոր են, իսկ անտեսանելիները՝ յաւիտենական։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն