Բ Կորնթացիս
2
1Բայց այս բանը որոշեցի, որ ուրիշ անգամ տրտմութեամբ ձեզ մօտ չգամ. 2որովհետեւ, եթէ ե՛ս տրտմեցնեմ ձեզ, էլ ո՞վ է, որ կ’ուրախացնի ինձ, եթէ ոչ նրանք, որոնց տրտմութիւն պատճառեցի ես։ 3Եւ այն, ինչ գրեցի, գրեցի նրա համար, որ, երբ գամ, տրտմութիւն չկրեմ այնտեղից, որտեղ պէտք է, որ ես ուրախանայի. վստահ եմ ձեր բոլորի վրայ, որ իմ ուրախութիւնը ձեր բոլորինն է. 4որովհետեւ բազում վշտերի եւ սրտի նեղութեան պատճառով ձեզ գրեցի առատ արտասուքներով, ոչ որպէսզի տրտմէք, այլ իմանաք իմ սէրը, որն ունեմ առաւել չափով ձեր հանդէպ։
ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹԻՒՆ
5Իսկ եթէ մէկը տրտմեցրեց, ոչ թէ միայն ինձ տրտմեցրեց, այլ, որպէսզի չչափազանցեմ, որոշ չափով նաեւ՝ ձեզ բոլորիդ։ 6Այնպիսի մէկի համար բաւական է այն պատիժը, որը տրուեց շատերից. 7այնպէս որ, դրան հակառակ, դուք պէտք է ներէք նրան եւ մխիթարէք, որպէսզի չափազանց տրտմութիւնից չխորտակուի նա։ 8Ուստի, աղաչում եմ ձեզ նրա հանդէպ վերստին սէ՛ր ցոյց տալ։ 9Հէնց դրա համար էլ գրեցի, որպէսզի ձեզ փորձեմ, թէ ամէն ինչում հնազա՞նդ էք, 10որովհետեւ, եթէ մէկին ներէք, ես էլ կը ներեմ, քանի որ, եթէ ներեմ, ինչ որ ներեմ, ձեզ համար է՝ ի դէմս Քրիստոսի, 11որպէսզի չլինի, թէ Սատանան առաւելութիւն ունենայ մեր վրայ, քանզի անտեղեակ չենք նրա մտադրութիւններին։
ՊՕՂՈՍԻ ԱՆՁԿՈՒԹԻՒՆԸ ՏՐՈՎԱԴԱՅՈՒՄ
12Երբ ես հասայ Տրովադա Քրիստոսի Աւետարանի քարոզութեան համար, գտայ, որ ինձ համար դուռը բաց էր ի Տէր, 13բայց իմ հոգում հանգիստ չունեցայ. եւ որովհետեւ ես այնտեղ չգտայ իմ եղբօրը՝ Տիտոսին, ուստի, հրաժեշտ տալով նրանց, գնացի Մակեդոնիա։
ՅԱՂԹԱՆԱԿ ՔՐԻՍՏՈՍՈՎ
14Արդ, գոհութիւն Աստծու, որ Քրիստոս Յիսուսով մեզ միշտ յաղթութեան է տանում եւ իր գիտութեան բուրմունքը մեզնով սփռում է ամէն տեղ, 15քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ՝ ե՛ւ փրկուածների մէջ, ե՛ւ կորստեան մատնուածների մէջ. 16ոմանց՝ մահուան հոտ, որ տանում է դէպի մահ եւ ոմանց՝ կենդանութեան բոյր, որ տանում է դէպի կեանք։ Եւ ո՞վ է կարող այս բանն անել. 17քանզի նման չենք ուրիշների, որ Աստծու խօսքի վաճառքով են զբաղւում, այլ, իբրեւ անկեղծ մարդիկ, իբրեւ Աստծու կողմից ուղարկուածներ, խօսում ենք Քրիստոսով Աստծու առաջ։