Բ Կորնթացիս

1

ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՅՆ

1Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի առաքեալը Աստծու կամքով, եւ Տիմոթէոս եղբայրը, Կորնթոսում գտնուող Աստծու եկեղեցուն, Աքայիայի բոլոր կողմերում եղող բոլոր սրբերով հանդերձ. 2շնո՜րհ ընդ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։

3Օրհնեալ է եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Հայրը գթութիւնների եւ Աստուած ամենայն մխիթարութեան, 4որ մխիթարում է մեզ մեր բոլոր նեղութիւնների մէջ, որպէսզի մենք էլ կարող լինենք մխիթարելու նրանց, որոնք ամէն տեսակ նեղութիւնների մէջ են, այն մխիթարութեամբ, որով մենք ենք մխիթարւում Աստծուց. 5որովհետեւ ինչքան որ շատ բաժնեկից լինենք Քրիստոսի չարչարանքներին, նոյնքան եւ Քրիստոսի միջոցով մեր մխիթարութիւնն էլ առաւել կը լինի. 6քանզի, եթէ նեղութիւն ենք կրում, այդ՝ ձեր մխիթարութեան եւ փրկութեան համար է։ Եւ եթէ մխիթարւում ենք, այդ՝ ձեր այն մխիթարութեան համար է, որ համբերութեամբ կրել է տալիս այն չարչարանքները, որոնցով եւ մենք ենք չարչարւում։ 7Եւ ձեր հանդէպ մեր յոյսը հաստատուն է, քանզի գիտենք, որ մասնակից էք ինչպէս չարչարանքներին, այնպէս էլ մխիթարութեանը. 8որովհետեւ, եղբայրնե՛ր, ուզում եմ, որ դուք գիտենաք Ասիայում մեզ պատահած այն նեղութեան մասին, որը մեր կարողութիւնից աւելի ծանր տարանք, մինչեւ իսկ կեանքից մեր յոյսը կտրելու աստիճան. 9եւ մենք մեր անձի վրայ իսկ կրեցինք մահուան վճիռը, որպէսզի մենք չապաւինենք մեզ, այլ՝ Աստծուն, որ յարութիւն է տալիս մեռելներին, 10որ այդպիսի մահուանից փրկեց մեզ եւ կը փրկի. 11քանզի յոյս ունենք, թէ դեռ պիտի փրկի՝ մեզ համար ձեր արած աղօթքների օգնութեամբ, որպէսզի շատեր այդ աղօթքների միջոցով առատօրէն մեզ տրուած շնորհները տեսնելով՝ գոհութիւն տան Աստծուն մեզ համար։

ՊՕՂՈՍԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԵԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆ

12Քանզի մեր պարծանքն այս է. մեր խղճմտանքի վկայութիւնը. այն՝ որ սրբութեամբ ու Աստծու ճշմարտութեամբ եւ ոչ մարմնաւոր իմաստութեամբ, այլ Աստծու շնորհով ենք ընթացել աշխարհում, իսկ առաւել եւս՝ ձեր հանդէպ. 13որովհետեւ ձեզ այլ բան չենք գրում, քան այն, ինչ կարդում եւ հասկանում էք. եւ յոյս ունեմ, թէ մինչեւ վերջը կը հասկանաք, 14ինչպէս որ փոքրիշատէ հասկացաք նաեւ մեզ, որ ձեր պարծանքն ենք, ինչպէս եւ դուք՝ մերը՝ մինչեւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի օրը։

15Եւ այս վստահութեամբ էի կամենում նախ գալ ձեզ մօտ, որպէսզի դուք կրկին ընդունէք, 16եւ ձեզնից գնալ Մակեդոնիա ու վերադառնալով Մակեդոնիայից՝ գալ ձեզ մօտ եւ ձեր կողմից ճանապարհ դրուել դէպի Հրէաստան։ 17Իսկ եթէ այս բանը մտածեցի, միթէ փոփոխամտութեա՞մբ վարուեցի. եւ կամ՝ ինչ որ մտածում եմ, մարդկայի՞ն շարժառիթներով եմ մտածում, այնպէս որ իմ կողմից թող այոն լինի այո, եւ ոչը՝ ոչ։ 18Վկայ է Աստուած, որ ձեզ հասած մեր խօսքը այո եւ ոչ չէ միաժամանակ. 19քանզի Աստծու Որդին՝ Յիսուս Քրիստոս, որ քարոզուեց ձեր մէջ մեր միջոցով՝ իմ, Սիղուանոսի եւ Տիմոթէոսի, չեղաւ թէ՛ այո եւ թէ՛ ոչ, այլ Նա «այո՛ն» եղաւ Աստծու. 20որովհետեւ Աստծու այնչա՜փ խոստումները այո՛ն եղան Նրա մէջ. դրա համար էլ Նրանով է, որ ասում ենք ԱՄԷՆ՝ Աստծու փառքի համար։ 21Եւ նա, որ հաստատեց մեզ ի Քրիստոս ձեզ հետ միասին եւ օծեց մեզ, Աստուած է, 22որ մեզ կնքեց էլ եւ Հոգու առհաւատչեան դրեց մեր սրտերի մէջ։

23Եւ ես Աստծուն եմ վկայ կանչում իմ անձի համար, որ ձեզ խնայելու համար է, որ այլեւս չեկայ . եւ ձեր հաւատի վրայ չենք իշխում, այլ գործակից ենք ձեր այդ , քանի որ հաւատով հաստատուն էք։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն