Երկրորդ Մնացորդաց գիրք

33

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ՄԱՆԱՍԷ ԹԱԳԱՒՈՐԸ

()

1Մանասէն տասներկու տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ յիսունհինգ տարի թագաւորեց Երուսաղէմում։ 2Նա չարիք գործեց Տիրոջ առաջ՝ նմանութեամբ այն ազգերի գարշելի գործերի, որոնց բնաջնջել էր Տէրը իսրայէլացիների աչքի առաջ։ 3Նա վերականգնեց այն բարձրադիր մեհեանները, որ իր հայրը՝ Եզեկիասը քանդել էր, Բահաղիմի արձաններ կանգնեցրեց եւ կուռքեր շինել տուեց։ Նա երկրպագեց երկնքի բոլոր զօրութիւններին ու ծառայեց նրանց։ 4Նա զոհասեղան պատրաստեց Տիրոջ տան մէջ, որի մասին Տէրն ասել էր. «Իմ անունը Երուսաղէմում յաւիտեան պիտի լինի»։ 5Նա այստեղ՝ Տիրոջ տան երկու գաւիթներում, զոհասեղան շինեց երկնքի բոլոր զօրութիւնների համար։ 6Նա ինքն իր ձեռքով որդիներին անցկացրեց կրակի միջով Բեննոմի երկրում եւ հմայութիւն, գուշակութիւն ու դիւթութիւն էր անում։ Նա ունէր վհուկներ ու կախարդներ։ Նա շատացրեց իր չար գործերը Տիրոջ առջեւ՝ նրան բարկացնելու աստիճան։ 7Նա ձուլածոյ քանդակուած դրեց Տիրոջ տան մէջ, որի մասին ասել էր Դաւթին ու նրա որդի Սողոմոնին. «Այս տան մէջ եւ Երուսաղէմում, որ ես ընտրել եմ Իսրայէլի բոլոր ցեղերի միջից, իմ անունը պիտի դնեմ յաւիտեան 8եւ Իսրայէլի ոտքը չեմ կտրելու այս երկրից, որը նրանց հայրերին տուեցի, միայն թէ պահեն այն ամէնը, որ պատուիրել եմ նրանց, ըստ Մովսէսի միջոցով տրուած բոլոր օրէնքների, պատուիրանների ու կանոնների»։ 9Բայց Մանասէն մոլորեցրեց Յուդայի երկրի ու Երուսաղէմի բնակիչներին, որ չարիք գործեն առաւել, քան այն բոլոր ազգերը, որոնց վերացրել էր Տէրը իսրայէլացիների առաջից։ 10Տէրը խօսեց Մանասէի ու նրա ժողովրդի հետ, սակայն նրանք չլսեցին։

ՄԱՆԱՍԷԻ ԶՂՋՈՒՄԸ

11Տէրը նրա դէմ հանեց Ասորեստանի արքայի զօրքի հրամանատարներին, որոնք բռնեցին Մանասէին, կապանքներով կապեցին ու տարան Բաբելոն։ 12Երբ նա նեղութեան մէջ ընկաւ, փնտռեց իր Տէր Աստծու ներկայութիւնը եւ խիստ նուաստացաւ իր նախնիների Աստծու առջեւ։ 13Նա աղօթեց Աստծուն. Աստուած լսեց նրա աղաչանքը ու նրան վերադարձրեց , իր թագաւորութեանը։ Եւ Մանասէն իմացաւ, թէ Տէրը Աստուած է։

14Դրանից յետոյ նա Դաւթի քաղաքի արտաքին պարիսպը շինեց արեւմուտքից դէպի հարաւակողմ, հեղեղատի միջով, դռան մուտքի մօտ, Օփէլի շուրջը. նա շատ բարձրացրեց այն։ Նա զօրքի հրամանատարներ նշանակեց Յուդայի երկրի բոլոր պարսպապատ քաղաքներում։ 15Նա Տիրոջ տնից վերացրեց օտար աստուածներին ու քանդակուած կուռքերը, նաեւ այն զոհասեղանները, որ պատրաստել էր Տիրոջ տան բարձունքի վրայ, Երուսաղէմում։ Նա հրամայեց դրանք թափել քաղաքից դուրս։ 16Նա նորոգեց Տիրոջ զոհասեղանը եւ նրա վրայ փրկութեան ու օրհնութեան զոհեր մատուցեց։ Նա պատուիրեց Յուդայի երկրի բնակիչներին, որ պաշտեն Իսրայէլի Տէր Աստծուն։ 17Ժողովուրդը, սակայն, տակաւին յաճախում էր բարձրադիր մեհեաները եւ զոհեր մատուցում, միայն թէ՝ իր Տէր Աստծուն։

ՄԱՆԱՍԷԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ

()

18Մանասէի մնացած գործերն ու նրա աղօթքը Աստծուն, տեսանողների խօսքերը, որ ասել էին նրան յանուն Իսրայէլի Տէր Աստծու, 19նրա աղօթքների խօսքերի մէջ են, այն աղօթքների, որոնցով նա լսեց Նրան. նրա բոլոր մեղքերն ու նրա անհաւատարմութիւնը Տիրոջ հանդէպ, այն բարձրադիր տեղերը, ուր մեհեաններ շինեց, կուռքեր ու քանդակուած պատկերներ պատրաստեց նախքան իր դարձի գալը, ահա գրի են առնուած տեսանողների գրքերում։ 20Մանասէն գնաց իր նախնիների գիրկը, եւ նրան թաղեցին իր տան պարտէզում։

ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԱՄՈՍ ԹԱԳԱՒՈՐԸ

()

21Մանասէի փոխարէն թագաւորեց իր որդի Ամոսը։ Ամոսը քսաներկու տարեկան էր, երբ թագաւոր դարձաւ, եւ տասներկու տարի թագաւորեց Երուսաղէմում։ 22Նա չարիք գործեց Տիրոջ առաջ, ինչպէս արել էր իր հայրը՝ Մանասէն. իր հօր պատրաստած բոլոր կուռքերին Ամոսը զոհեր մատուցեց եւ պաշտեց դրանք։ 23Նա դարձի չեկաւ Տիրոջ առջեւ, ինչպէս դարձի էր եկել իր հայրը՝ Մանասէն, այլ նրա որդին՝ Ամոսը, իր հօր գործած մեղքերի վրայ աւելացրեց։ 24Նրա դէմ ելան իր պալատականները ու նրան սպանեցին իր տան մէջ։ 25Իսկ երկրի ժողովուրդը սպանեց նրանց, որոնք յարձակուել էին թագաւորի վրայ։ Եւ երկրի ժողովուրդը նրա փոխարէն գահ բարձրացրեց նրա որդուն՝ Յոսիասին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն