Երկրորդ Մնացորդաց գիրք

23

ԱՊՍՏԱՄԲՈՒԹԻՒՆ ԳՈԹՈՂԻԱՅԻ ԴԷՄ.

ՅՈՎԱՍ ԹԱԳԱՒՈՐ

()

1Եօթներորդ տարում Յովիդայէն զօրացաւ եւ վերցնելով հարիւրապետներին՝ Յորամի որդի Ազարիասին, Յովնանի որդի Իսմայէլին, Յոբադի որդի Ազարիասին, Ադայիայի որդի Մասիասին, Զաքարիայի որդի Եղիսափատին, տարաւ Տիրոջ տունը։ 2Նրանք շրջեցին Յուդայի երկրում, Յուդայի երկրի բոլոր քաղաքներից հաւաքեցին ղեւտացիներին, Իսրայէլի տոհմերի իշխաններին եւ եկան ։ 3Նրանք Յուդայի երկրի բոլոր ժողովականների եւ արքայի հետ ուխտ դրեցին Տիրոջ տանը։ Նա նրանց ցոյց տալով արքայորդուն՝ ասաց. «Ահաւասիկ Յուդայի երկրի արքայորդին. սա՛ պէտք է թագաւորի, ինչպէս Տէրն ասել էր Դաւթի տան մասին։ 4Արդ, պէտք է անէք հետեւեալը. ձեզնից՝ քահանաներիցդ ու ղեւտացիներիցդ նրանք, որ օրուայ են կատարում, նրանց մէկ երրորդ մասը պէտք է պահպանի դռների մուտքը, 5մէկ երրորդ մասը պէտք է լինի արքայի պալատում, իսկ միւս մէկ երրորդ մասը պէտք է լինի Հիմքի դռան մօտ։ Ամբողջ ժողովուրդը պէտք է լինի Տիրոջ տան գաւթում։ 6Ոչ ոք չպէտք է մտնի Տիրոջ տունը, բացի քահանաներից, ղեւտացիներից ու սպասաւորութեան կոչուած ղեւտացիներից։ Սրանք միայն պէտք է մտնեն, քանզի սուրբ են, իսկ ամբողջ ժողովուրդը պէտք է Տիրոջ հրամանները կատարի։ 7Ղեւտացիները, ամէն մէկն իր ձեռքին զէնք ունենալով, պէտք է շրջապատեն արքային։ Ով մտնի, կը սպանուի։ Նրանք պէտք է ուղեկցեն արքային, որտեղ էլ որ նա գտնուի»։ 8Ղեւտացիները եւ Յուդայի երկրի բոլոր բնակիչները ըստ ամենայնի կատարեցին այն, ինչ Յովիդայէ քահանան պատուիրեց. ամէն մէկն ընտրեց իր մարդկանց, թէ՛ նրանց, որ սկսում էին շաբաթ օրուայ իրենց պաշտամունքը եւ թէ՛ նրանց, որ այդ օրը աւարտում էին այն, քանի որ Յովիդայէն ամենօրեայ պահապաններին չէր արձակել։ 9Յովիդայէն նրանց տուեց սուսերներ, վահաններ եւ , որ արքայինն էին եւ պահւում էին Աստծու տանը։ 10Նա ամբողջ ժողովրդին, ամէն մէկին իր զէնքով կանգնեցրեց տան աջ կողմից մինչեւ զոհասեղանի եւ տաճարի ձախ կողմը, թագաւորի շուրջը։ 11Դուրս բերելով արքայորդուն՝ նա նրա վրայ դրեց թագն ու Վկայութեան գիրը. Յովիդայէն ու իր որդիները նրան թագաւոր դարձրին եւ օծեցին՝ գոչելով. «Կեցցէ՜ արքան»։

12Երբ Գոթողիան լսեց վազող, արքային փառաբանող ու օրհնող ժողովրդի ձայնը, մտաւ արքայի մօտ՝ Տիրոջ տունը, 13ու տեսաւ, որ թագաւորը իր տեղում է, իսկ զօրապետները, փողհարները եւ իշխանները կանգնած են արքայի շուրջը, ճանապարհի մուտքի մօտ։ Ամբողջ ժողովուրդը զուարճանում էր, փողեր էր հնչեցնում, նուագարաններով երգեր էր երգում, օրհնութիւններ առաքում առ ։ Գոթողիան զգեստները պատառոտեց ու գոչեց՝ ասելով. «Դուք դաւադրութեամբ խարդախ խաղ խաղացիք»։ 14Յովիդայէ քահանան տեղից բարձրանալով՝ պատուիրեց հարիւրապետներին եւ զօրքի հրամանատարներին՝ ասելով նրանց. «Սրան Աստծու տնից դո՛ւրս հանեցէք, հետեւեցէ՛ք նրան ու սրով սպանեցէ՛ք»։ Քահանան ասաց. «Նա Տիրոջ տան մէջ թող չմեռնի»։ 15Թոյլ տուեցին, որ նա դուրս գնայ, եւ երբ անցաւ արքայի հեծեալների տան դռան կողքով, նրան այնտեղ սպանեցին։

ՅՈՎԻԴԱՅԷԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԸ

()

16Յովիդայէն ուխտ դրեց իր, ժողովրդի ու արքայի միջեւ, որ իրենք Տիրոջ ժողովուրդը կը լինեն։ 17Երկրի ամբողջ ժողովուրդը մտաւ Բահաղի տունը, ջարդուփշուր արեց նրան ու նրա զոհասեղանները, փշրեց նրա կուռքերը, իսկ Բահաղի Մաթան քուրմին սպանեց նրա զոհասեղանի առջեւ։ 18Յովիդայէն Տիրոջ տան գործը յանձնեց քահանաներին ու ղեւտացիներին, վերականգնեց քահանաների ու ղեւտացիների մշտական սպասաւորութիւնը, որ Դաւիթն էր հաստատել Տիրոջ տանը կատարուելու համար, Տիրոջը ողջակէզներ մատուցեց, ինչպէս որ գրուած է Մովսէսի օրէնքների մէջ՝ ուրախութեամբ ու երգերով, ըստ Դաւթի սահմանած կարգի։ 19Պահապաններ կանգնեցին Տիրոջ տան դռների մօտ, եւ ոչ մի մարդ որեւէ կերպ այնտեղ չէր մտնում։ 20Նա կանչեց տոհմերի պետերին, զօրապետներին ու ժողովրդի իշխաններին եւ երկրի ամբողջ ժողովրդին։ Սրանք արքային հանելով Տիրոջ տնից՝ ներքին դռնով մտան թագաւորական տունը եւ արքային նստեցրին թագաւորական գահին։ 21Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացաւ, քաղաքը հանդարտուեց, իսկ Գոթողիային սպանեցին սրով։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն