Երկրորդ Մնացորդաց գիրք

2

ՏԱՃԱՐԻ ՇԻՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆԸ

()

1Սողոմոնը հրամայեց կառուցել Տիրոջ տունը եւ իր թագաւորական պալատը։ 2Նա հաւաքեց եօթանասուն հազար բեռնակիրներ, լեռներում աշխատող ութսուն հազար քարհատներ եւ նրանց վրայ վերակացուներ՝ երեք հազար վեց հարիւր մարդ։

3Սողոմոնը Տիւրոսի արքայ Քիրամի մօտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Դու իմ Դաւթին օգնել ես՝ մայրի փայտ ես տուել բնակութեան շինելու համար։ 4Արդ, ես նոյնպէս, նրա որդին, իմ Տէր Աստծու անուան տուն եմ շինում, որ այն Նրան նուիրաբերեմ, Նրա առջեւ ծխեմ, շարունակ առաջաւորութեան ու ողջակէզներ մատուցեմ ամէն առաւօտ ու երեկոյ, ամէն օրերին, ամսամուտներին եւ մեր Աստծու տօներին։ Եւ սա պէտք է յաւիտեան կատարուի Իսրայէլում։ 5Այն տունը, որ կառուցելու եմ, մեծ է լինելու, քանզի մեր Տէր Աստուածն աւելի մեծ է, քան բոլոր աստուածները։ 6Եւ ո՞վ կարող է նրա համար տուն կառուցել, քանզի եթէ երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարփակել նրա փառքը, ես նրա համար ի՞նչ տուն կարող եմ կառուցել։ Ես կարող եմ նրա համար կառուցել մի տուն, ուր միայն խունկ կը ծխեն։ 7Արդ, ինձ մօտ ճարտար մարդ ուղարկի՛ր, որ գիտենայ մշակել իմ հայր Դաւթի հաւաքած ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, հմուտ լինի ծիրանի, կարմիր, կապուտակ կտորներ ու բեհեզ գործածելու մէջ, որ իմանայ քանդակներ պատրաստել Հրէաստանում ու Երուսաղէմում գտնուող իմ վարպետների հետ։ 8Ինձ Լիբանանից ուղարկի՛ր մայրի, սարդենի եւ թեղենի փայտեր, որովհետեւ գիտեմ, որ ոչ ոք քո ծառաների նման Լիբանանից փայտ կտրել չգիտի։ Արդ, քո ծառաները թող գնան իմ ծառաների հետ, 9որ ինձ համար մեծ քանակութեամբ փայտ պատրաստեն, որովհետեւ այն տունը, որ կառուցելու եմ, պէտք է լինի մեծ ու փառաւոր։ 10Քո ծառաներին, փայտ կտրող գործաւորներին իբրեւ ռոճիկ կը տամ քսան հազար ցորեն, քսան հազար քոռ“ գարի, քսան հազար չափ եւ քսան հազար ձէթ»։

11Տիւրոսի Քիրամ արքան պատասխանեց նամակով եւ այն ուղարկեց Սողոմոնին. «Քանի որ Տէրը սիրեց իր ժողովրդին, դրա համար քեզ նրանց վրայ թագաւոր կարգեց»։ 12Ապա Քիրամն ասում էր. «Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը, որն ստեղծել է երկինքն ու երկիրը եւ արքային տուել է խելամտութեամբ ու դատողութեամբ օժտուած իմաստուն որդի, որ կառուցի Տիրոջ տունն ու իր թագաւորական տունը։ 13Ահա քեզ մօտ եմ ուղարկում մի խելօք ու հմուտ մարդու՝ իմ ծառայ Քիրամին, 14որի մայրը Դանի դուստրերից է, իսկ նրա հայրը տիւրոսցի է։ Նա գիտի մշակել ոսկին, արծաթը, պղինձը, երկաթը, քարերն ու փայտերը, հիւսել ծիրանի ու կապուտակ, բեհեզ ու կարմիր կտորներ, քանդակներ անել։ Նա, աշխատելով քո վարպետների ու քո հօր՝ իմ տէր Դաւթի վարպետների հետ, կը կարողանայ անել այն բոլոր գործերը, որ կ’առաջարկես դու իրեն։ 15Արդ, ցորենը, գարին, ձէթն ու գինին, որ յիշատակել է իմ տէրը, թող տայ իր ծառաներին, 16իսկ մենք Լիբանանից փայտ կը կտրենք ըստ քո կարիքների եւ ծովի վրայով, լաստերով կը բերենք Յոպպէ, եւ դու կը տանես կը կուտակես Երուսաղէմում»։

ՍԿՍՒՈՒՄ Է ՏԱՃԱՐԻ ՇԻՆՈՒԹԻՒՆԸ

()

17Սողոմոնը հաւաքեց Երուսաղէմում գտնուող բոլոր պանդուխտներին ըստ իր հայր Դաւթի կատարած մարդահամարի։ Նրանք հարիւր յիսուներեք հազար վեց հարիւր էին։ 18Նա նրանցից եօթանասուն հազար բեռնակիրներ, ութսուն հազար քարհատներ վերցրեց ու նրանց վրայ երեք հազար վեց հարիւր գործավարներ նշանակեց։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն