Երկրորդ Մնացորդաց գիրք
13
ԱԲԻԱՍԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ
()
1Յերոբովամի թագաւորութեան տասնութերորդ տարում Յուդայի երկրի վրայ թագաւորեց Աբիասը։ 2Նա Երուսաղէմում թագաւորեց երեք տարի։ Նրա մայրը Աբեսաղոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։ Պատերազմ էր տեղի ունենում Աբիասի ու Յերոբովամի միջեւ։ 3Աբիասը պատերազմի պատրաստուեց հզօր մարտիկներով՝ չորս հարիւր հազար զօրեղ մարդկանցով։ Յերոբովամը նրա դէմ պատերազմի ելաւ ութ հարիւր հազար հզօր, քաջազուն ռազմիկներով։
4Աբիասը վեր բարձրացաւ Սոմորոնի լեռից, որը Եփրեմի լեռներից մէկն էր, 5եւ ասաց. «Լսեցէ՛ք, Յերոբովա՛մ եւ բոլո՛ր իսրայէլացիներ, մի՞թէ ձեզ յայտնի չէ, թէ Իսրայէլի Տէր Աստուածը Իսրայէլի թագաւորութիւնը անբեկանելի ուխտով յաւիտեան տուել է Դաւթին ու նրա որդիներին։ 6Նաբատի որդի Յերոբովամը՝ Դաւթի որդի Սողոմոնի ծառան, սակայն, վեր կացաւ եւ ապստամբեց իր տիրոջ դէմ։ 7Նրա մօտ հաւաքուեցին չար եւ անօրէն մարդիկ եւ ընդդիմացան Սողոմոնի որդի Ռոբովամին։ Ռոբովամը դեռ երիտասարդ էր եւ երկչոտ սիրտ ունէր, ուստի նրա դէմ չելաւ։ 8Արդ, դուք ասում էք, որ դէմ կը կանգնէք Տիրոջ թագաւորութեանը, որը Դաւթի որդիների ձեռքին է, որ չափազանց շատ զօրք ունէք, եւ ձեզ հետ են ոսկէ երինջները, որոնց Յերոբովամը ձեզ համար աստուածներ դարձրեց։ 9Մի՞թէ դուք չվռնդեցիք Տիրոջ քահանաներին՝ Ահարոնի որդիներին ու ղեւտացիներին, եւ ձեզ համար քրմեր ընտրեցիք մի այլ երկրի ժողովրդի միջից։ Բոլոր նրանք, որ քահանայ դառնալու համար գալիս էին զուարակներով եւ եօթը խոյով, դառնում էին չաստուածների քուրմ։ 10Մենք մեր Տէր Աստծուն չլքեցինք. նրա քահանաները՝ Ահարոնի որդիներն ու ղեւտացիները, ծառայում են Տիրոջը։ 11Նրանք ամէն օր խունկ են ծխում Տիրոջ համար, առաւօտեան ու երեկոյեան ողջակէզներ են մատուցում, անուշաբոյր խնկեր են ծխում, սուրբ սեղանի վրայ առաջաւորութեան հաց են դնում, վառում են ոսկէ աշտանակներն ու ճրագները, որ երեկոները լուսաւորեն։ Մենք պահում ենք մեր հայրերի Տէր Աստծու պատուիրանները, իսկ դուք լքել էք Նրան։ 12Ահաւասիկ մեզ հետ են եւ մեզ իշխան են Տէրն ու նրա քահանաները, եւ ազդարարող փողերը պատրաստ են հնչելու, որ մեզ մարտի հրաւէր տան։ Եւ դուք, ո՜վ իսրայէլացիներ, մի՞թէ կը մարտնչէք մեր հայրերի Աստծու դէմ. դա ձեզ յաջողութիւն չի բերի»։
13Յերոբովամը դարանակալներ էր դրել, որ Աբիասի զօրքի յետեւն անցնեն։ Ինքը կանգնեց Յուդայի երկրի մարդկանց առաջ, իսկ դարանակալները անցան սրանց թիկունքը։ 14Յուդայի երկրի մարդիկ յետ նայեցին ու տեսան, որ թշնամին կանգնած է իրենց ե՛ւ առջեւը, ե՛ւ յետեւը։ Նրանք աղաղակեցին Տիրոջը, քահանաները փողեր հնչեցրին, եւ Յուդայի երկրի մարդիկ աղաղակ բարձրացրին։ 15Երբ Յուդայի երկրի մարդիկ գոչեցին, Տէրը Աբիասի ու Յուդայի երկրի մարդկանց առջեւ կոտորեց Յերոբովամին ու իսրայէլացիներին։ 16Իսրայէլացիները փախան Յուդայի երկրի մարդկանց առջեւից, եւ Տէրը սրանց մատնեց նրանց ձեռքը։ 17Աբիասն ու նրա զօրքը նրանց ծանր հարուածներ հասցրին։ Իսրայէլացիներից հինգ հազար ուժեղ մարդ կոտորուեց։ 18Այդ օրը իսրայէլացիները ընկճուեցին, իսկ Յուդայի երկրի մարդիկ զօրացան, քանզի իրենց հայրերի Տէր Աստծուն էին ապաւինել։ 19Աբիասը Յերոբովամին հալածեց ու նրանից գրաւեց քաղաքներ՝ Բեթէլն ու նրա գիւղերը, Անան ու նրա գիւղերը, Եփրոնն ու նրա գիւղերը, Բեան ու նրա գիւղերը։ 20Աբիասի օրօք Յերոբովամն այլեւս չկարողացաւ զօրութեամբ ոտքի կանգնել։ Տէրը հարուածեց նրան, եւ նա մեռաւ։
21Աբիասը հզօրացաւ. նա տասնչորս կին առաւ։ Նա ունեցաւ քսաներկու տղայ եւ տասնվեց աղջիկ։ 22Աբիասի մնացեալ արարքները, գործերն ու խօսքերը գրուած են Ադդով մարգարէի գրքում։