Առաջին Թագավորաց գիրք

26

ԴԱՒԻԹԸ ԴԱՐՁԵԱԼ ԽՆԱՅՈՒՄ Է ՍԱՒՈՒՂԻ ԿԵԱՆՔԸ

1Զիփացիները Մռայլ լեռից գնացին դէպի բլուրը, Սաւուղի մօտ, եւ նրան ասացին. «Դաւիթը թաքնուել է մեզ մօտ, Եքեղատի բլրի վրայ, Հեսեմոնի դիմաց»։ 2Սաւուղը վեր կացաւ եւ իսրայէլացի երեք հազար ընտիր մարդկանցով իջաւ Դաւթին որոնելու Զիփ անապատում։ 3Սաւուղը բանակատեղի դրեց Եքեղատի բլրի վրայ, Հեսեմոնի դիմաց, ճանապարհի վրայ։ 4Դաւիթը նստել էր անապատում եւ երբ տեսաւ, որ Սաւուղն իր յետեւից է գալիս, լրտեսներ ուղարկեց եւ իմացաւ, որ Սաւուղը կազմ ու պատրաստ եկել է Կէիլա։

5Դաւիթը վեր կացաւ, գաղտագողի եկաւ այն տեղը, ուր մնում էր Սաւուղը, եւ գտաւ նրա քնած տեղը։ Այնտեղ էր Ների որդի Աբենները՝ նրա զօրապետը։ Սաւուղը ննջում էր գահաւորակի վրայ, իսկ նրա շուրջբոլորը նրա զօրքն էր։ 6Դաւիթը խօսելով Աքիմելէք քետացու եւ Յովաբի Շարուհու որդի Աբեսսայի հետ՝ ասաց. «Ո՞վ ինձ հետ բանակատեղի կը մտնի Սաւուղի մօտ»։ 7Աբեսսան ասաց. «Ե՛ս քեզ հետ կը մտնեմ»։ Եւ Դաւիթն ու Աբեսսան գիշերը մտան զօրքի մէջ։ Սաւուղը ննջում էր գահաւորակի վրայ, գեղարդը սնարի մօտ գետինն էր ցցուած, իսկ Աբեններն ու զինուորները նրա շուրջը ննջել էին։ 8Աբեսսան ասաց Դաւթին. «Տէրն այսօր քո թշնամուն ձեռքդ մատնեց. արդ, գեղարդով մէկ անգամից գետին գամեմ սրան եւ էլ հարուածս չկրկնեմ»։ 9Դաւիթն ասաց Աբեսսային. «Մի՛ սպանիր նրան, քանզի ո՞վ կարող է ձեռք բարձրացնել Տիրոջ օծեալի վրայ եւ թողութիւն ստանալ»։ 10Դաւիթն ասաց. «Կենդանի է ։ Միայն Տէրը կարող է պատժել նրան. կա՛մ նրա օրհասը կը գայ, ու ինքը կը մեռնի, կա՛մ թէ պատերազմի մէջ կը մտնի ու կը սպանուի։ 11Քա՛ւ լիցի, որ ես իմ ձեռքը բարձրացնեմ Տիրոջ օծեալի վրայ։ Միայն թէ վերցրո՛ւ նրա սնարի մօտ դրուած այդ գեղարդն ու այդ ջրի կուժը, եւ գնանք մեզ մօտ»։ 12Դաւիթն առաւ նրա սնարի մօտ դրուած գեղարդն ու ջրի կուժը, եւ գնացին։ Ոչ ոք ոչինչ չտեսաւ կամ չիմացաւ կամ չզարթնեց, քանզի թմրութիւնը Տիրոջ կողմից իջած լինելով նրանց վրայ՝ բոլորը քնի մէջ էին։

13Դաւիթն այն կողմ անցաւ, բարձրացաւ լերան գագաթը եւ կանգնեց հեռւում. իր ու Սաւուղի զօրքի միջեւ երկար տարածութիւն կար։ 14Դաւիթը դիմեց զօրքին ու Աբեններին ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, Աբեննե՛ր»։ Սա ասաց. «Ո՞վ ես դու, որ արքայի մօտ ինձ վրայ բղաւում ես»։ 15Դաւիթն ասաց Աբեններին. «Չէ՞ որ դու քաջ մարդ ես։ Իսրայէլում ո՞վ կայ քեզ նման։ Ինչո՞ւ քո տէր արքային չես պահպանում։ Չէ՞ որ մարդ էր մտել քո տէր արքայի մօտ, որ նրան սպանէր։ 16Լաւ բան չես անում։ Կենդանի է ։ Դուք՝ Տիրոջ օծեալ ձեր արքային պահպանողներդ, մահուան էք արժանի։ Արդ, ո՞ւր են արքայի մօտ դրուած գեղարդն ու ջրի կուժը»։ 17Սաւուղը ճանաչեց Դաւթի ձայնը եւ ասաց. «Այդ քո՞ ձայնն է, որդեա՛կ իմ »։ Դաւիթն ասաց. «Քո ծառան եմ, տէ՛ր իմ արքայ»։ 18Եւ աւելացրեց. «Ինչո՞ւ է իմ տէրն ընկել իր ծառայի յետեւից։ 19Ինչո՞վ եմ մեղանչել եւ ի՞նչ վնաս եմ հասցրել։ Արդ, իմ տէր արքան թող լսի իր ծառայի խօսքերը. “Եթէ է քեզ շարժել իմ դէմ, թող քո ճենճերացող զոհը լինեմ, իսկ եթէ մարդկանց որդիներն են արել, անիծեալ լինեն նրանք Տիրոջ առջեւ, քանզի նրանք ինձ այսօր մեկուսացրել են, որ բաժին չստանամ Տիրոջ ժառանգութիւնից”։ 20Նրանք ինձ ասացին. “Գնա ծառայի՛ր օտար աստուածների”։ Արդ, իմ արիւնը Տիրոջ առջեւ գետին թող չթափուի, քանի որ Իսրայէլի թագաւորը ելել է իմ կեանքը խլելու, ինչպէս որ ագռաւն է թեւածում լեռների վրայե։

21Սաւուղն ասաց. « եմ գործել։ Վերադարձի՛ր, որդեա՛կ իմ Դաւիթ։ Քեզ չար բան չեմ անի այն բանի համար, որ իմ անձը քո աչքին պատուական է։ Ես ամբողջ ժամանակ յիմարութիւն եմ գործել եւ շատ յանցաւոր եմ»։ 22Պատասխան տուեց Դաւիթն՝ ասելով. «Ահաւասիկ արքայի գեղարդը։ Թող ծառաներից մէկը գայ եւ վերցնի սա։ 23Թող Տէրն ամէն մէկին ըստ իր արդարութեան եւ հաւատարմութեան հատուցի։ Տէրն այսօր քեզ իմ ձեռքը մատնեց, բայց ես չկամեցայ իմ ձեռքը բարձրացնել Տիրոջ օծեալի վրայ։ 24Եւ ահա, ինչպէս քո անձը այսօր իմ աչքին պատուական երեւաց, իմ անձն էլ Տիրոջ առջեւ այնպէս պատուական թող երեւայ, ինձ զօրացնի ու փրկի ամէն տեսակ նեղութիւնից»։ 25Սաւուղն ասաց Դաւթին. «Օրհնեալ ես դու, որդեա՛կ իմ Դաւիթ, դու յաջողութիւն ես գտնելու եւ զօրանալով զօրանալու ես»։ 26Դաւիթը գնաց իր ճանապարհով, իսկ Սաւուղը վերադարձաւ իր տեղը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն