Առաջին Թագավորաց գիրք
21
ԴԱՒԻԹԸ ՓԱԽՉՈՒՄ Է ՍԱՒՈՒՂԻՑ
1Դաւիթը եկաւ Նոմբա, Աքիմելէք քահանայի մօտ։ Աքիմելէքը նրան տեսնելով՝ զարհուրեց ու ասաց. «Ինչո՞ւ ես մենակ, ինչո՞ւ ոչ ոք չկայ քեզ հետ»։ 2Դաւիթն ասաց Աքիմելէք քահանային. «Արքան այսօր ինձ մի գործ է յանձնարարել եւ ասել է ինձ. “Ոչ ոք չիմանայ, թէ ինչու եմ քեզ ուղարկում եւ թէ ինչ եմ պատուիրել քեզ”։ Ես իմ ծառաներին յանձնարարել եմ մնալ այն տեղում, որ կոչւում է փելմոնի ելմոնի, այսինքն՝ Աստծու հաւատարմութիւն։ 3Արդ, եթէ հինգ նկանակ ունես քո ձեռքի տակ, տո՛ւր ինձ։ Կամ էլ իմ պէտքերի համար տո՛ւր, ինչքան որ կայ»։ 4Աստծու քահանան պատասխան տալով՝ ասաց Դաւթին. «Ես անմաքուր հաց չունեմ, ունեմ սուրբ հաց։ Եթէ քո ծառաները կանանց չեն մերձեցել, թող ուտեն»։ 5Դաւիթը պատասխանեց քահանային՝ ասելով. «Կանանցից հեռու ենք մնացել երէկուանից ու նախորդ օրուանից։ Ճանապարհ ընկնելու ժամանակ իմ ծառաները մաքրուել են, բայց այս ճանապարհը պիղծ է, այդ պատճառով այսօր դա պիտի մաքրուի իմ գործով»։ 6Աքիմելէք քահանան տուեց նրան առաջաւորութեան հացից, քանի որ այնտեղ սովորական հաց չկար, այլ միայն՝ առաջաւորութեան հաց, որ վերցրել էին Տիրոջ առաջից՝ այդ օրը դրանց փոխարէն տաք հաց դնելու համար։
7Այն օրն այդտեղ էր գտնւում Սաւուղի ծառաներից մէկը, որը Տիրոջ առջեւ դիւահարութեամբ էր բռնուած։ Նրա անունն էր Դովեկ Ասորի։ Նա Սաւուղի ջորիներն էր արածեցնում։ 8Դաւիթն ասաց Աքիմելէքին. «Այստեղ ձեռքիդ տակ գեղարդ կամ սուր կա՞յ։ Իմ սուրն ու զէնք ու զրահը հետս չեմ վերցրել, քանի որ արքայի գործը շտապ էր»։ 9Քահանան ասաց. «Ահա այլազգի փղշտացի Գողիաթի սուրը, որին սպանեցիր Եղա հովտում։ Դա շորով փաթաթուած ու դրուած է վակասի յետեւը։ Եթէ ուզում ես, վերցրո՛ւ, քանզի, բացի դրանից, այստեղ ոչինչ չկայ»։ Դաւիթն ասաց. «Դրա նմանը չկայ, տո՛ւր ինձ այն»։ Եւ նա դա տուեց նրան։
10Դաւիթն այդ օրը ելաւ ու փախաւ Սաւուղի առաջից եւ եկաւ Գէթի արքայ Անքուսի մօտ։ 11Անքուսի ծառաներն ասացին նրան. «Սա Դաւիթը չէ՞, այն երկրի թագաւորը։ Սրա համար չէ՞, որ պար բռնող կանայք երգում էին ու ասում. “Սաւուղը հազար սպանեց, իսկ Դաւիթը՝ հազարաւորներ”»։ 12Դաւիթն այս խօսքերը պահեց իր յիշողութեան մէջ եւ սաստիկ վախեցաւ Գէթի արքայ Անքուսից։ 13Նա իր դէմքն այլակերպեց, այդ օրը նրանց առջեւ խելագար ձեւացաւ։ Նա նուագում պարում էր քաղաքի դռների մօտ, լորձունքները ծորեցնում իր մօրուքի վրայ, գլուխկոնծի տալիս։ 14Անքուսն ասաց իր ծառաներին. «Դուք տեսնում էք, որ այս մարդը դիւահար է։ 15Ինչո՞ւ էք նրան ինձ մօտ բերել։ Մի՞թէ ես դիւահարներին կարօտ եմ, որ նրան բերել էք ինձ մօտ, որպէսզի դիւահարութիւն անի։ Նա թող իմ տունը չմտնի»։