Ա Մակաբայեցիներ

15

ԱՆՏԻՈՔՈՍ Է-Ի ԹՈՒՂԹԸ ՇՄԱՒՈՆԻՆ

1Դեմետրիոս արքայի որդի Անտիոքոսը կղզիներից հրովարտակներ ուղարկեց Շմաւոնին, Հրէաստանի կուսակալին ու նրա ամբողջ ազգին։ 2Հրովարտակներն ունէին այսպիսի բովանդակութիւն. «Անտիոքոս արքայից ողջո՜յն մեծ քահանայապետ Շմաւոնին եւ հրեայ ազգի կուսակալին։ 3Քանի որ մի քանի անօրէններ եկան ու խլեցին իմ հայրերի թագաւորութիւնը, ուստի ուզում եմ նոյն թագաւորութիւնը վերականգնել եւ հաստատել ինչպէս առաջ։ Արդ, ես մեծ զօրք եմ հաւաքել, ռազմանաւեր պատրաստել, 4որպէսզի ելնեմ ու իմ հայրերի վրէժը լուծեմ այն ազգերից, որոնք մեր երկրին վնաս պատճառեցին, աւերեցին մեր մեծամեծ քաղաքները։ 5Արդ, ես վերահաստատում եմ նախկին թագաւորների այն բոլոր պայմանագրերը, որոնցով վերացւում էին ամէն տեսակի հասոյթի հարկերը։ 6Միաժամանակ հրաման ենք տալիս, որ դու ունես քո երկրում առանձին դրամ հատելու։ 7Երուսաղէմն ու սրբավայրերը ամէն ինչից թող ազատ լինեն, քո պատրաստած զէնքն ու զրահը, քո ամրացրած բերդերը թող պատկանեն քեզ։ 8Արքունի բոլոր պարտքերը, նաեւ հարկերն ու տուրքերը, որ դուք տալիս էք, այսուհետեւ յաւիտեան թող պատկանեն քեզ։ 9Երբ վերականգնենք մեր տէրութիւնը, մեծ փառքով կը պատուենք քեզ, քո ազգն ու քո տաճարը, որպէսզի քո փառքը յայտնի լինի ամբողջ երկրում»։

ԴՈՐԱՅԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ

10Հարիւր եօթանասունչորս թուականին Անտիոքոսն եկաւ հասաւ իր հայրերի երկիրը։ Նրա մօտ հաւաքուեցին բոլոր զօրքերը, իսկ Տրիփոնի մօտ մնացին սակաւաթիւ մարդիկ։ 11Անտիոքոսը նրան հալածեց, նրան քշեց ծովեզրեայ Դորա բնակավայրը։ 12Երբ բոլոր զինուորները տեսան նրա գլխին եկած չարիքները, լքեցին նրան։ 13Անտիոքոսն եկաւ տասներկու հազար հետեւակ զինուորներով եւ ութ հազար սպառազէն հեծեալներով, բանակ դրեց Դորայի շուրջը։ 14Նա նաւերով փակեց ծովի կողմը եւ քաղաքը շրջափակեց ծովի ու ցամաքի կողմից։ Ոչ ոքի չէին թողնում ելնել կամ մտնել։

ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄԸ

15Նումենիոսն ու նրա ուղեկիցները եկան, Հռոմ քաղաքից երկրի թագաւորներին հրովարտակներ բերեցին, ուր գրուած էր հետեւեալը. 16«Հռոմէացիների հիւպատոս Լեւկիոսից ողջո՜յն Պտղոմէոս արքային։ 17Հրէաստանից աւագներ եկան մեզ մօտ, որպէսզի նորոգեն նախկին բարեկամութիւնը, նիզակակցութիւնն ու օգնութիւնը։ Նրանց մեզ մօտ էին ուղարկել քահանայապետ Շմաւոնն ու հրեաների բանակը։ 18Նրանք մեզ բերեցին հինգ հազար քանքարի ոսկեայ վահան։ 19Դրա համար հաճելի է մեզ գրել ձեր երկրի թագաւորներին եւ բոլոր ազգերին, որ ոչ ոք չար բան չխորհի նրանց նկատմամբ, չմղի նրանց քաղաքների ու երկրի դէմ, որպէսզի նրանք մեր թշնամիներին բարեկամ չլինեն։ 20Մեզ համար հաճելի եղաւ նրանցից ընդունել վահանը։ 21Արդ, եթէ իրենց երկրից փախած անօրէն մարդիկ կան, յանձնեցէ՛ք քահանայապետ Շմաւոնին, որպէսզի նրանք կարողանան իրենց օրէնքի համաձայն դատել նրանց»։

22Որպէսզի դա հաճելի լինի սպարտացիներին, նոյնը գրեց Դեմետրիոս արքային, Աթալային, Արիարէթին, Արշակին, 23ուղարկեց բոլոր գաւառները՝ Դելոս, Մինդոն, Սիկիոնա, Կարիդա, Սամոն, Պամփիլա, Լիդիա, Ալիկառնաս, Ռոդոն, Փասելիդա, Սիդէն, Արադոն, Գորտինա, Կնիդոս, Կիպրոս եւ Կիւրէն։ 24Հրովարտակների պատճէնը ուղարկեցին քահանայապետ Շմաւոնին։

ԱՆՏԻՈՔՈՍԸ ՉԵՂԵԱԼ Է

ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԻՐ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

25Անտիոքոս արքան եկաւ եւ պաշարեց Դորան։ Վաղ առաւօտեան այնտեղ մօտեցրեց մարտական մեքենաներ ու սկսեց յարձակումը։ Նա ներսում արգելափակուած, պաշարուած պահեց Տրիփոնին։ Ոչ ոք չէր կարողանում ներսից դուրս գալ, եւ ոչ ոք չէր կարողանում ներս մտնել։ 26Շմաւոնը նրան օգնելու համար ուղարկեց երկու հազար սպառազէն ընտիր ռազմիկներ, մեծարժէք նուէրներ՝ եւ արծաթ, 27բայց սա դրժեց նրա հետ կնքած իր ուխտը եւ օտարացաւ նրանից։ 28Նա իր բարեկամներից մէկին՝ Աթենոբիոսին ուղարկեց նրա հետ բանակցելու համար եւ ասաց. «Դուք գրաւել ու տիրացել էք իմ թագաւորութեան քաղաքներին՝ յոպպէացիների եւ գազարացիների քաղաքներին ու Երուսաղէմի միջնաբերդին։ 29Դուք աւերել էք դրանց սահմանները, մեծ հարուածներ հասցրել երկրին, շատ գաւառներ գրաւել, բազմաթիւ գաւառներ անջատել իմ տէրութիւնից։ 30Արդ, վերադարձրէ՛ք քաղաքները, գաւառներն ու շրջանները, դրանցից գանձուող հարկերը, ինչպէս նաեւ Հրէաստանից դուրս գտնուող այն վայրերը, որ նախկինում բռնութեամբ նուաճել էք մեզանից, 31ապա թէ ոչ, դրանց փոխարէն տուէ՛ք հինգ հարիւր քանքար արծաթ, ինչպէս նաեւ քաղաքների մինչեւ այսօր չվճարած հարկերն ու ձեր պատճառած աւերի վարձը՝ եւս հինգ հարիւր քանքար։ Այլապէս կը գանք ու կը պատերազմենք, կը հարուածենք երկիրը եւ կը կոտորենք»։

32Երբ արքայի բարեկամ Աթենոբիոսը եկաւ , տեսաւ Շմաւոնի փառքը, ոսկէ ու արծաթէ սպասքը, մեծաթիւ զօրքի պատրաստի հանդերձանքը, ոտքի կանգնեց նրա առաջ եւ յարգանքով հաղորդեց թագաւորի պատգամը։ 33Շմաւոնը պատասխանեց նրան ու ասաց. «Օտար չենք մտել, ոչ էլ որեւէ մէկի բաժնին բռնութեամբ, յանիրաւի ձեռք ենք մեկնել։ Անօրէն թշնամիների ձեռքից իզուր տեղը վտարանդի դարձած մեր հայրերի ժառանգութիւնն է, 34որ քաջութեամբ, ժամանակի ընթացքում յետ ենք վերցրել։ 35Ինչ վերաբերում է յոպպէացիների ու գազարացիների քաղաքներին, որ դուք պահանջում էք, ապա դրանք մեծ վնասներ են հասցրել մեր աշխարհին, ուստի մենք էլ վրէժ ենք լուծել նրանցից։ Դրա համար մենք կը վճարենք հարիւր քանքար»։ Բայց Աթենոբիոսը պատասխան չտուեց, 36զայրացած վերադարձաւ թագաւորի մօտ, նրան հաղորդեց Շմաւոնի վայելած փառքն ու իր տեսած շքեղութիւնը։ Թագաւորը խիստ բարկացաւ։

ԿԵՆԴԵԲՈՍԸ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ Է ՀՐԷԱՍՏԱՆ

37Տրիփոնը փախաւ Օրթոսիա։ 38Թագաւորը ծովեզրեայ շրջանների վրայ սպարապետ նշանակեց Կենդեբոսին, նրան յանձնեց մեծաթիւ հեծեալ եւ հետեւակ զօրքեր։ 39Պատուիրեց նրան, որ բանակ դնի Հրէաստանի դէմ-յանդիման եւ բերդեր շինելով իսրայէլացիների բանակի դէմ՝ պատերազմելու համար պատրաստութիւն տեսնի։ Թագաւորն ի՛նքը հետապնդեց Տրիփոնին։

40Կենդեբոսը եկաւ հասաւ Յամնիայի կողմերը, սկսեց հրահրել զօրքերին, որ մտնեն Հրէաստան, գերեն ու սպանեն։ 41Նա կառուցեց Կեդրոնը եւ այնտեղ շատ հեծելազօր հաւաքեց, որ ներխուժեն Հրէաստան, շրջափակեն նրանց ճանապարհները, ինչպէս թագաւորն էր հրամայել։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն