Ա Մակաբայեցիներ

14

ԴԵՄԵՏՐԻՈՍ Բ-Ի ՄԱՀԸ

1Հարիւր եօթանասուներկու թուականին Դեմետրիոս արքան զօրք հաւաքեց եւ գնաց մարերի ու պարթեւների մօտ, որպէսզի նրանցից օգնութիւն խնդրի, գայ եւ պատերազմի Տրիփոնի դէմ։ 2Երբ պարսից ու պարթեւաց արքայ Արշակը լսեց, թէ Դեմետրիոսը եկել-մտել է իր երկրի սահմանները, ուղարկեց իր իշխաններից մէկին, որ գնայ ու ձերբակալի նրան։ 3Սա գնաց, հարուածեց, կոտորեց Դեմետրիոսի զօրքը, ձերբակալեց նրան ու նրան բերեց Արշակի մօտ։ Վերջինս հրամայեց ոստիկաններին կապկպել նրան եւ բանտ դնել։

4Շմաւոնի բոլոր օրերին երկիրը խաղաղ կեանք ունեցաւ. նա ազգի համար շատ բարեգործութիւններ կատարեց։ 7Նա տիրեց գաւառների, բազմաթիւ գերիներ վերցրեց, տիրեց Գազարայի, Բեթսորի կողմերի բերդերին։ 8Մարդիկ հանգիստ իրենց հողն էին մշակում, երկիրը տալիս էր իր պտուղները, մրգատու ծառերը առատ բերք էին տալիս։ 9Ծերերը նստում էին հրապարակներում, գործեր անելու մասին իրար հետ խորհրդակցում, երիտասարդները զինուորական շքեղ զգեստներ էին հագնում։ 10Նրանք քաղաքն ապահովում էին պարէնով ու իրենց նախապատրաստում յուսալի սպառազինութեամբ։ Նրանց փառքի համբաւը հասաւ մինչեւ երկրի չորս կողմերը։ 11Իսրայէլը խաղաղ էր ապրում, ցնծում մեծ ուրախութեամբ։ 12Ամէն մէկը նստում էր իր այգում, իր թզենու տակ, եւ ոչ ոք նրանց չէր վախեցնում։ 13Այդ ժամանակներում աշխարհի երեսից վերացան իրենց դէմ կռուողները, խորտակուեցին թագաւորները։ 14Նա ոտքի կանգնեցրեց, լիացրեց ժողովրդի խեղճ մարդկանց, Օրէնքի նկատմամբ մարդկանց դարձրեց նախանձախնդիր, երկրի երեսից բնաջնջեց բոլոր չար ու անօրէն մարդկանց։ 15Նա փառաւոր դարձրեց սրբարանը, շատացրեց նրա սպասքն ու անօթները։

ՍՊԱՐՏԱՑԻՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ ՇՄԱՒՈՆԻՆ

16Երբ հռոմէացիների քաղաքից մինչեւ սպարտացիների կողմերը լսեցին, որ մեռել է Յովնաթանը, խիստ տրտմեցին, 17բայց երբ նաեւ լսեցին, թէ նրա փոխարէն իր Շմաւոնն է դարձել եւ տիրել այդտեղ գտնուող գաւառներին ու քաղաքներին, 18բանագնացներ ուղարկեցին, պղնձէ տախտակների վրայ հրովարտակ գրեցին, որպէսզի նորոգեն եղբայրներ Յուդայի ու Յովնաթանի հետ հաստատած հին բարեկամութեան ուխտը։ 19Դա բերեցին ու կարդացին Երուսաղէմի ժողովրդի առաջ։ Այս է սպարտացիների ուղարկած հրովարտակի պատճէնը.

20«Սպարտացիների իշխաններն ու առաջնորդները մեծ քաղաքի բնակիչների հետ ողջունում են Շմաւոն մեծ քահանային, իսրայէլացիների ծերակոյտին ու քահանաներին, հրեաների բոլոր գնդերին՝ մեր եղբայրներին։ 21Ձեր ուղարկած բանագնացները պատմեցին մեզ ձեր փառքի ու պատուի մասին։ Մենք ուրախ ենք նրանց գալստեան համար։ 22Մենք ձեր պատգամները գրեցինք մեր բանակի խորհուրդների մատեանում՝ ըստ այս օրինակի. “Անտիոքոսի որդի Նումենիոսն ու Յասոնի որդի Անտիպատրոսը՝ հրեաների պատգամաւորները, եկել են մեզ մօտ, որպէսզի նորոգեն մեր ազգի հետ բարեկամութիւնը։ 23Բոլոր սպարտացիների համար հաճելի էր մեծ պատուով ընդունել այդ մարդկանց եւ նրանց ասածների պատճէնը դնել սպարտացիների բանակի խորհուրդների մատեանի աչքի ընկնող մի տեղում եւ հրովարտակի պատասխանն ուղարկել Շմաւոն մեծ քահանային”»։

24Այս դէպքերից յետոյ Շմաւոնը մեծ նուէրներով եւ հազար քանքարի ոսկեայ վահանով նորից պատգամաւորներ ուղարկեց Հռոմ, որ գնան, վերահաստատեն նախկին բարեկամութիւնն ու հովանաւորութիւնը։

ՇՄԱՒՈՆԸ ՀՐԷԱՍՏԱՆԻ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏ ԵՒ ԶՕՐԱՎԱՐ

25Երբ հռոմէացիների բանակն այդ լսեց, զինուորներն սկսեցին խորհել ու ասացին. «Այժմ մենք ինչո՞վ կարող ենք հատուցել Շմաւոնի ու նրա որդիների երախտիքը, 26որովհետեւ նա, նրա եղբայրներն ու նրա հօր տոհմը մեզ հետ բարեկամութիւն են հաստատել։ Նա կոտորել է իր թշնամիներին, մեզ դարձրել իր բարեկամն ու օգնականը եւ ազատութիւն է տուել իր ժողովրդին»։ Այս մասին նրանք գրեցին պղնձէ տախտակների վրայ, դրանք ամրացրին մի կոթողի եւ այն կանգնեցրին լերան վրայ։ 27Այս է նրանց գրած նամակի պատճէնը. «Հարիւր եօթանասուն թուականին, ամսի տասնութին, Շմաւոնի քահանայապետութեան երրորդ տարում, 28Սամարէքում հաւաքուած ժողովրդի առաջնորդ մեծ քահանաներին, ժողովրդին, ազգերի իշխաններին, բոլոր գաւառների ծերակոյտին. յայտնի է դարձել մեզ, թէ բազմաթիւ պատերազմներ են մղուել ձեր երկրում, 29որ Յովարիմի որդիներից Մատաթիա քահանայապետի որդի Շմաւոնն իր եղբայրներով կեանքը վտանգի ենթարկելով՝ պատերազմներ է մղել։ Նա դիմակայել է իր ազգի թշնամիներին, որ իրենց սրբութիւններն ու օրէնքները չպղծուեն։ Նա մեծապէս փառաւորել է իր ազգը։ 30Յովնաթանը միաւորել է իր ազգը, դարձել քահանայապետ, մեռել ու գերեզման մտել։ 31Երբ թշնամին կամեցել է յարձակուել նրանց երկրի վրայ ու ձեռք մեկնել նրանց սրբութիւններին, 32այդ ժամանակ վեր է կացել Շմաւոնը, յանուն իր ազգի մղել, իր մեծ հարստութիւնը ծախսել, որ իր ազգի համար կռուողներին սպառազինի, պարէն կուտակի ու զինուորներին թոշակ վճարի։ 33Նա ամրացրել է Հրէաստանի քաղաքները, նաեւ Բեթսորան, որ գտնւում է Հրէաստանի սահմաններում, ուր նախկինում պահում էր իրենց զօրքերի զէնքն ու զրահը, այնտեղ կանգնեցրել է հրեայ պահապաններ, 34ամրացրել ծովեզրին գտնուող յոպպէացիների քաղաքները եւ Ազոտի սահմանների մօտ գտնուող Գազարան։ Նախկինում դա թշնամու ձեռքին է եղել։ Նա այնտեղ հրեաներ է բնակեցրել։ Ինչ որ հարկաւոր է եղել իրենց, նա արել է հաստատապէս։ 35Երբ ժողովուրդը տեսել է Շմաւոնի այս բոլոր գործերը, նաեւ այն փառքը, որ իր ազգի համար նա խորհում էր ստեղծել, նրան քահանայապետ եւ է կարգել, որովհետեւ այս ամէնը նա արել էր նրանց համար։ Բացի այդ, նա իր ազգը ղեկավարել է արդարութեամբ ու հաւատով։ Նա ձգտում էր ամէն կերպ բարձրացնել իր ժողովրդին։ 36Իր օրօք նրան յաջողուել է իր երկրից վերացնել հեթանոսներին ու նրանց, ովքեր Երուսաղէմի միջնաբերդում են եղել։ Սրանք դուրս էին գալիս, գնում ու հիմնովին պղծում սրբարանի շրջակայքը, եւ սրբարանը դրանից մեծապէս տուժել է։ Նա նրանց արգելափակել է ու բնաջնջել։ 37Երկրի ու քաղաքի ապահովութեան համար նա պահապաններ է նշանակել, ամրացրել ու բարձրացրել քաղաքի պարիսպները։ 38Դեմետրիոս արքան եւս հաստատել է նրա քահանայապետութիւնը։ 39Այս ամենի համար նա իր բոլոր բարեկամների հետ մեծ պատուի է արժանացրել նրան, 40որովհետեւ լսել է, թէ հրեաները հռոմէացիներին բարեկամ, եղբայր, հովանաւոր ու նիզակակից են անուանել եւ Շմաւոնի պատգամաւորներին փառքով են ընդունել։ 41Հրեաներն իրենք ու քահանաները բարեհաճել ու յանձն են առել նրան ընտրել յաւիտենապէս քահանայապետ իշխան, մինչեւ որ գար հաւատարիմ մի , 42որպէսզի նրան դարձնէր առաջնորդող զօրավար, եւ նա հոգ տանէր սրբութիւններին, գործավարներ կանգնեցնէր երկրի գործերի վրայ, գաւառների վրայ, զէնք ու զրահի վրայ, բերդերի վրայ։ 43Շմաւոնը պիտի հոգ տանէր սրբութիւններին, ամբողջ ժողովուրդը պիտի հնազանդուէր նրան, նրա անունով պիտի կնքուէին երկրի բոլոր պայմանագրերը։ Նա պիտի ունենար ծիրանի զգեստներ հագնելու եւ ոսկով զարդարուելու։ 44Ժողովրդի կամ քահանաների միջից ոչ ոք իրաւունք չպիտի ունենար հակառակուելու նրա հրամաններին կամ առանց նրա թոյլտուութեան երկրում ժողովներ գումարելու, կամ ծիրանի զգեստներ հագնելու, կամ ոսկէ ճարմանդ կրելու։ 45Եթէ որեւէ մէկը զանց առնէր եւ կամ արհամարհէր սրանք, մահուան կը դատապարտուէր։

46Ժողովրդին հաճելի թուաց ենթարկուել Շմաւոնի ասածին։ 47Շմաւոնը յանձն առաւ եւ հաճոյքով ընդունեց քահանայապետութիւնը, դարձաւ Հրէաստանի բանակի զօրավար եւ սպարապետ, առաջնորդեց բոլորին։ 48Պատուիրեցին պղնձէ տախտակների վրայ գրել այս հրովարտակը եւ հրամայեցին այն դնել բերդում, սրբարանի մէջ, նշանաւոր, աչքի ընկնող մի տեղ, 49իսկ դրա պատճէնները դնել գանձարանում, որպէսզի Շմաւոնն ու նրա որդիները այն միշտ ունենան իրենց մօտ»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն