Ա Մակաբայեցիներ
13
ՇՄԱՒՈՆԸ ՅԱՋՈՐԴՈՒՄ Է ՅՈՎՆԱԹԱՆԻՆ
1Շմաւոնը լսեց, որ Տրիփոնը մեծ զօրք է հաւաքել Հրէաստանի վրայ յարձակուելու, բնակիչներին կոտորելու համար։ 2Երբ տեսաւ, որ ժողովուրդը ահի եւ խուճապի մէջ է, ինքը վեր կացաւ եկաւ Երուսաղէմ, հաւաքեց ժողովրդին, խրախուսեց նրանց ու ասաց. 3«Դուք ինքներդ էլ գիտէք, թէ որքան գործ ենք արել ես, իմ եղբայրներն ու իմ հօր տունը։ Քանի՜-քանի՜ մարտ ու պատերազմներ ենք մղել, որքա՜ն նեղութիւններ կրել յանուն մեր սրբարանի, մեր օրէնքների ու քաղաքի, 4որովհետեւ Իսրայէլի ու ձեր բոլորի համար զոհուեցին մեր բոլոր եղբայրները, եւ ես եմ մնացել միայն։ 5Ոչ մի նեղութեան ժամանակ ես իմ անձը չեմ խնայի։ Թէեւ ես աւելի քաջ չեմ, քան իմ եղբայրները, 6բայց մեր սրբարանի եւ օրէնքների, մեր կանանց ու որդիների վրէժը լուծելու համար աւելի կը զօրանամ։ Բոլոր հեթանոսներն ահա հաւաքուել են, որ յարձակուեն, մեր յիշատակը ջնջեն երկրի երեսից»։
7Երբ նա խօսում էր, ժողովուրդը յուսադրւում, ոգեւորւում էր։ 8Նրանք պատասխան տուեցին, սկսեցին խօսել բարձր ձայնով ու ասացին. «Դու ես մեր առաջնորդը Յուդայի ու քո եղբայր Յովնաթանի փոխարէն։ 9Ղեկավարի՛ր մեր պատերազմը, ինչ որ ասես, մենք կը հնազանդուենք քեզ»։ 10Նա հաւաքեց բոլոր ռազմիկներին, շտապ կառուցեց Երուսաղէմի պարիսպը, 11Աբիսողոմի որդի Յովնաթանին մեծ զօրքով ուղարկեց յոպպէացիների քաղաքը։ Սա այնտեղից հանեց պահապաններին, ինքը մտաւ ու ամրացաւ այնտեղ եւ պահպանում էր այն։
ՅՈՎՆԱԹԱՆԻ ՎԱԽՃԱՆԸ
12Դրանից յետոյ Տրիփոնը մեծ զօրքով շարժուեց պտղոմէացիների քաղաքից, որ գայ Հրէաստան։ Նա Յովնաթանին իր մօտ պահելու զգուշութեան համար ման էր ածում իր հետ։ 13Շմաւոնը բանակ էր դրել Դիդայում, դաշտի դիմաց։ 14Երբ Տրիփոնը տեղեկացաւ, որ Շմաւոնը նստել է իր եղբայր Յովնաթանի փոխարէն եւ պատրաստւում է պատերազմ տալու, բանագնացներ ընտրեց եւ ուղարկելով նրա մօտ՝ ասաց. 15«Յովնաթանն արքունիքում բանտարկուած է այն արծաթների համար, որ նա պարտք է։ 16Արդ, բերե՛լ տուր հարիւր քանքար արծաթ, ինձ մօ՛տ բեր նրա որդիներից երկուսին, որ, երբ իրեն ազատ արձակենք, չապստամբի մեր դէմ»։
17Շմաւոնը հասկացաւ, որ խաբէութիւն կայ նրա խօսքերի մէջ, բայց տուեց, որ տանեն արծաթն ու պատանիներին, որպէսզի չլինի թէ թշնամութիւն ծագի ժողովրդի ու իր միջեւ, 18եւ չասեն, թէ՝ «Շմաւոնը խնայեց արծաթը եւ չտուեց պատանիներին, որ տանեն, դրա համար էլ մարդը կորաւ»։ 19Նա տուեց, որ տանեն հարիւր քանքարն ու պատանիներին, բայց Տրիփոնը խաբեց եւ Յովնաթանին ազատ չարձակեց։
20Դրանից յետոյ Տրիփոնն եկաւ երկրի կողմերը, որ մտնի, կոտորի նրանց։ Նա բռնեց Ադոր տանող ճանապարհը։ Նա որտեղ էլ որ գնար, Շմաւոնն իր բանակով հետապնդում էր նրան։ 21Երուսաղէմի միջնաբերդում գտնուողները Տրիփոնի մօտ բանագնացներ ուղարկեցին ու ստիպեցին, որ նա իրենց մօտ գայ անապատի միջով ու բերդի համար պաշար ուղարկի։ 22Տրիփոնն իր գնդով պատրաստուեց գալ ու միջնաբերդ մտնել այդ գիշերն իսկ, բայց քանի որ սաստիկ ձիւն էր եկել, այդ պատճառով էլ չկարողացաւ մտնել, շարժուեց եկաւ Գաղաադի կողմերը։ 23Երբ նա մօտեցաւ Բասկանային, այնտեղ սպանեց Յովնաթանին, որն այնտեղ էլ թաղուեց։ 24Տրիփոնն այդտեղից վերադարձաւ ու եկաւ իր երկիրը։
25Շմաւոնը մարդ ուղարկեց, որ այնտեղից հանեն իր եղբայր Յովնաթանի ոսկորները։ Նրա աճիւնը բերեցին եւ թաղեցին Մոդիիմում՝ իր հայրերի քաղաքում։ 26Մեծ ողբով լաց եղան նրա վրայ բոլոր իսրայէլացիները եւ բազում օրեր սուգ պահեցին։ 27Նա իր հօր ու եղբայրների գերեզմանի վրայ մահարձան բարձրացրեց, կոփածոյ քարերով պարիսպ քաշեց նրա շուրջը, 28իսկ պարսպի վրայ իրար դէմ-դիմաց բուրգեր կանգնեցրեց եւ կողք-կողքի երեք զարդանշաններ դրեց ի պատիւ իր հօր ու եղբայրների։ 29Գերեզմանը վանդակապատ էր եւ ունէր բարձր սիւներ։ Այդպէս նա յաւերժացրեց իր անունը։ Նա վանդակի կողքերին նաւերի նմանութեամբ քանդակներ արեց, որպէսզի դրանք երեւան նրանց, ովքեր նաւերով անցնում են ծովով։ 30Մոդիիմի շիրիմների վրայ կառուցուած այդ դամբարանը մնում է մինչեւ այսօր։
ԴԵՄԵՏՐԻՈՍԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է
ԴԱՇԻՆՔԸ ՀՐԵԱՆԵՐԻ ՀԵՏ
31Տրիփոնը նենգ մտադրութեամբ վարուեց նաեւ պատանի Անտիոքոս արքայի հետ, 32սպանեց նրան ու թագաւորեց նրա փոխարէն։ Իր գլխին դրեց ասիացիների թագը եւ մեծամեծ հարուածներ հասցրեց երկրին։
33Շմաւոնը Հրէաստանում բերդեր կառուցեց, պարիսպներ բարձրացրեց, աշտարակներ կանգնեցրեց, դարպասներով ու նիգերով ամրացրեց, բերդերը լցրեց պարէնով։ 34Շմաւոնը հաւաքեց ընտիր մարդկանց, ուղարկեց Դեմետրիոսի մօտ, որ երկրին զիջումներ անի, որովհետեւ Տրիփոնի բոլոր գործերը յափշտակութիւններ էին եղել։ 35Դեմետրիոս թագաւորը հետեւեալ բովանդակութեամբ պատասխան ուղարկեց նրան, գրեց այսպիսի հրովարտակներ.
36«Դեմետրիոս արքան ողջունում է Շմաւոն քահանայապետին՝ թագաւորների բարեկամին ու հրեայ ամբողջ ազգի ծերակոյտին։ 37Ստացանք ոսկէ պսակն ու օրհնութիւնը, որ ուղարկել էք մեզ։ Մենք պատրաստ ենք կայուն խաղաղութիւն հաստատել եւ գրել հարկահաւաք պաշտօնեաներին, որ զիջեն ձեր պարտքերը, 38եւ ինչ որ մի անգամ հաստատել ենք ձեզ հետ, հաստատ թող մնայ։ Ձեր կառուցած բերդերը թող ձեզ պատկանեն։ 39Մինչեւ այսօր կամայ թէ ակամայ ձեր կատարած մեղքերը ներում ենք։ Վերացնում ենք պսակի հարկը եւ Երուսաղէմից ապրանք դուրս բերելու համար գանձուող մաքսը։ 40Եթէ կայ պիտանի մէկը, որ արժանի է մեր ցանկի մէջ մտնելու, համարձակ թող ցուցակագրուի։ Մեր ու ձեր միջեւ խաղաղութիւն թող հաստատուի»։
41Հարիւր եօթանասուն թուականին հեթանոսների լուծը վերացաւ իսրայէլեան ցեղի վրայից։ 42Ժողովուրդն սկսեց ազգահամար կատարել եւ ցուցակագրել գոյքը՝ գրանցելով մատեաններում. Շմաւոն մեծ քահանայապետի եւ հրեայ ազգի առաջնորդ զօրավարի առաջին տարում»։
ՇՄԱՒՈՆԸ ԳՐԱՒՈՒՄ Է ԳԱԶԱՐԱՆ
ԵՒ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԻՋՆԱԲԵՐԴԸ
43Այս օրերին նա յարձակուեց Գազարա քաղաքի վրայ, զօրքով պաշարեց այն, մարտական մեքենաներ կառուցեց, դրանք մօտեցրեց պարիսպներին ու կործանեց աշտարակներից մէկը։ 44Մեքենաներից դուրս եկան զինուորներն ու յարձակուեցին քաղաքի վրայ։ Մեծ խռովութիւն բարձրացաւ քաղաքում։ 45Բոլոր քաղաքացիներն առհասարակ, կանանց ու երեխաների հետ, ճչալով, օձիքները պատառոտելով եւ աղաղակ բարձրացնելով դիմեցին Շմաւոնին. 46խնդրում էին խնայել իրենց, իրենց կատարած չարագործութիւնների համեմատ չդատել, այլ ողորմածութեամբ գթալ իրենց։ 47Մեղմացաւ Շմաւոնը, դադարեցրեց պատերազմը եւ հրամայեց քաղաքից դուրս հանել նրանց։ Տները մաքրեցին նրանց կուռքերի բոլոր պիղծ աղտեղութիւններից, որից յետոյ նա եկաւ, ներս մտաւ ցնծութեամբ ու օրհնութեամբ, 48այնտեղից մաքրեց բոլոր պղծութիւնները եւ այնտեղ բնակեցրեց Օրէնքին հետեւող մարդկանց։ Նա դարձեալ ամրացրեց այն, այնտեղ շինեց բազմատեսակ ապարանքներ։
49Երուսաղէմի միջնաբերդում մնացածները դեռեւս պաշարուած, շուրջկալի մէջ էին. նրանք ո՛չ ելումուտ ունէին, ո՛չ առեւտուր էին կարողանում անել։ Նրանք նեղւում, սովամահ էին լինում, եւ նրանցից շատերն էլ մեռան։ 50Նրանք դիմեցին Շմաւոնին՝ խնդրելով հաշտութիւն։ Նա խնայեց նրանց, բայց դուրս արեց նրանց այնտեղից, միջնաբերդը մաքրեց նրանց ամէն տեսակի պղծութիւններից 51եւ այնտեղ մտաւ հարիւր եօթանասունմէկ թուականի երկրորդ ամսի քսաներեքերորդ օրը։ Նա օրհնութիւն ու գոհութիւն մատուցելով, արմաւենու ճիւղերով, ցնծութեամբ շեփոր ու սրինգ հնչեցնելով՝ մտաւ այնտեղ, որովհետեւ խորտակուել էր Իսրայէլի երկրի ահեղ թշնամին։ 52Նա հրաման տուեց ամէն տարի տօնել այդ օրը ուրախութեամբ եւ ցնծութեամբ։ 53Նա ամրացրեց միջնաբերդի մօտ գտնուող լեռը, որի վրայ էր տաճարը, եւ ինքն իր սեփական զօրագնդով ապրեց այնտեղ։ 54Շմաւոնը տեսնելով, որ իր որդի Յովնաթանը չափահաս ու կատարեալ տղամարդ է դարձել, նրան նշանակեց բոլոր զօրքերի իշխան՝ առաջնորդ զօրավար, եւ նրան վերակացու կարգեց Գազարայի կողմերում։