Երրորդ Թագավորաց գիրք

9

ԱՍՏՈՒԱԾ ԿՐԿԻՆ ԵՐԵՒՈՒՄ Է ՍՈՂՈՄՈՆԻՆ

()

1Երբ Սողոմոնն աւարտեց Տիրոջ տան եւ արքունի տան շինութիւնը, ինչպէս նաեւ այն բոլոր գործերը, որ նա կամենում էր կատարել, 2Տէրը երկրորդ անգամ երեւաց նրան, ինչպէս երեւացել էր նրան Գաբաւոնում։ 3Տէրը նրան ասաց. «Լսեցի իմ առջեւ արած աղօթքի ձայնդ ու կատարած պաղատանքներդ եւ արեցի այն ամէնը, ինչ դու խնդրում էիր քո աղօթքներում. սրբագործեցի քո կառուցած տունը, որպէսզի իմ անունը յաւիտեան այնտեղ դրուի, իմ աչքն ու սիրտը ընդմիշտ այնտեղ լինեն։ 4Եթէ դու քո Դաւթի նման մաքուր սրտով, ուղիղ ճանապարհով ընթանաս իմ առջեւից, կատարես այն ամէնը, ինչ պատուիրեցի նրան, պահես իմ հրամաններն ու պատուիրանները, 5ապա քո աթոռը Իսրայէլի վրայ յաւիտեան կանգուն կը պահեմ, ինչպէս խոստացել եմ քո հայր Դաւթին՝ ասելով, թէ՝ “Քո տոհմից առաջնորդ չի պակասելու Իսրայէլի գահի վրայ”։ 6Իսկ եթէ դուք եւ ձեր որդիները ինձնից խոտորուէք, չպահէք իմ պատուիրաններն ու հրամանները, որ Մովսէսը տուեց ձեզ, գնաք ու ծառայէք օտար աստուածներին, երկրպագէք նրանց, ապա երկրի երեսից կը ջնջեմ աշխարհը, որ տուել եմ նրանց։ 7Իմ անուան համար սրբագործուած այս տունը աչքից կը գցեմ, Իսրայէլը բոլոր ժողովուրդների մօտ խայտառակ ու ծաղրի առարկայ կը լինի։ 8Եւ եթէ այս բարձր տան կողքից ամէն անցնող զարմանալով ու սուլելով հարց տայ, թէ՝ “Ինչո՞ւ է Տէրն այսպէս արել այս երկիրն ու այս տունը”, 9ապա նրան պիտի պատասխանեն. “Քանի որ նրանք լքեցին իրենց Տէր Աստծուն, որը նրանց հայրերին դուրս էր բերել Եգիպտոսից, ստրկութեան տնից, իսկ իրենք յարեցին օտար աստուածներին, երկրպագեցին ու ծառայեցին նրանց, այդ պատճառով էլ Տէրը նրանց վրայ թափեց այս ամբողջ չարիքը”»։ Այն ժամանակ Սողոմոնը փարաւոնի դստերը հանեց Դաւթի քաղաքից ու բերեց իր կառուցած տունը։

ՍՈՂՈՄՈՆԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆԸ ՔԻՐԱՄԻ ՀԵՏ

()

10Քսան տարուայ ընթացքում, երբ Սողոմոնը կառուցում էր երկու տները՝ Տիրոջ տունն ու արքունի տունը, 11Տիւրոսի Քիրամ արքան Սողոմոնին մատակարարել էր եղեւնափայտ, մայրի փայտ, եւ այն ամէնը, ինչ Սողոմոնն ուզել էր։ Այն ժամանակ արքան Քիրամին Գալիլիայում քսան նուիրեց։ 12Քիրամը եկաւ Տիւրոսից ու գնաց Գալիլիա, որպէսզի տեսնի Սողոմոնի իրեն նուիրած քաղաքները, սակայն դրանք նրան դուր չեկան։ 13Նա ասաց. «Եղբա՛յր, այս ի՞նչ քաղաքներ ես դու ինձ նուիրել»։ Եւ նա դրանց անունը Սահմաններ դրեց։ Դրանք մինչեւ այսօր էլ այդպէս են կոչւում։ 14Եւ Քիրամը Սողոմոնին հարիւր քսան ոսկի բերեց։

ՍՈՂՈՄՈՆԻ ՄԻՒՍ ՆՈՒԱՃՈՒՄՆԵՐԸ

()

15Սողոմոն արքայի սահմանած մարդահարկի նպատակն այն էր, որ կառուցի Տիրոջ տունը եւ արքունի տունը, Մելոնը եւ բարձրապարիսպները, լցնի Դաւթի քաղաքի խրամատները, կառուցի Ասուրը, Մայդանը եւ Երուսաղէմի պարիսպը, Եսերը, Մակեդդովն ու Գազերը, 16որոնք Եգիպտոսի փարաւոն արքային էին պատկանում։ Փարաւոնը գնացել, նուաճել ու հրով այրել էր Գազերը, սպանել քանանացիներին, որոնք ապրում էին այդ քաղաքում, եւ այն օժիտ էր տուել իր դստերը՝ Սողոմոնի կնոջը։ 17Սողոմոնը վերակառուցեց Գազերը, ներքին Բեթերոնը, 18Բալաթն ու Թերմոթը այդ երկրի անապատում, 19իրեն պատկանող բոլոր բնակելի քաղաքները, ռազմակառքերի, բոլոր երիվարների համար սահմանուած քաղաքները եւ այն շենքերը, որ Սողոմոնն ուզեց շինել Երուսաղէմում, Լիբանանում եւ ամբողջ երկրում։ 20Որպէսզի գլուխ չբարձրացնեն Իսրայէլի ցեղին չպատկանող եւ երկրում ամորհացիներից, քետացիներից, փերեզացիներից, խեւացիներից, քանանացիներից, յեբուսացիներից ու գերգեսացիներից կենդանի մնացած մարդիկ, որոնց իսրայէլացիները չէին կարողացել կոտորել, 21Սողոմոնը նրանց հարկատու ծառայութեան ենթարկեց, ինչպէս որ են մինչեւ այսօր։ 22Սողոմոնը իսրայէլացիներին ծանր աշխատանքի չլծեց, քանի որ նրանք պատերազմողներ էին, իր ծառաները, իր իշխանները, իր սպառազէն զինուորները, իր հեծեալները։ 23Սողոմոնի գործերի վերակացուները հինգ հարիւր յիսուն իշխաններ էին, որոնք հսկում էին գործաւոր ժողովրդին։

24Փարաւոնի դուստրը Դաւթի քաղաքից դուրս գալով՝ եկաւ այն տունը, որ Սողոմոնը կառուցել էր իր համար։ Այդ ժամանակ էր, որ Սողոմոնը կառուցեց Մելոնը։ 25Սողոմոնը տարեկան երեք անգամ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր էր մատուցում այն զոհասեղանի վրայ, որը Տիրոջ համար էր կառուցել, եւ Տիրոջ առջեւ էր ծխում։ Նա աւարտեց տան կառուցումը։

26Եդոմի երկրում, Կարմիր ծովի եզրին, Ելաթի մօտ գտնուող Գասիոնդաբերում Սողոմոն արքան նաւեր պատրաստեց, 27իսկ Քիրամը Սողոմոնի ծառաների հետ ծովի նաւարկութեան հմուտ նաւորդներ ուղարկեց այդ նաւերով։ 28Սրանք եկան Սոփերա եւ այնտեղից չորս հարիւր քսան ոսկի բերեցին ու յանձնեցին Սողոմոն արքային։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն