Երրորդ Թագավորաց գիրք

5

ՏԱՃԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ

()

1Տիւրոսի Քիրամ արքան իր ծառաներին ուղարկեց Սողոմոնի մօտ, որովհետեւ լսել էր, թէ նրան թագաւոր են օծել իր Դաւթի փոխարէն. Քիրամը միշտ սիրել էր Դաւթին։ 2Սողոմոնը լուր ուղարկեց Քիրամին՝ ասելով. 3«Դու ինքդ գիտես, որ իմ հայր Դաւիթը շրջակայ երկրների պարտադրած պատերազմների պատճառով չկարողացաւ իմ Տէր Աստծու անուան տունը շինել, մինչեւ որ Տէրը թշնամիներին հնազանդեցրեց նրա ոտքերի առաջ։ 4Արդ, իմ Տէր Աստուածն ինձ հանգիստ է տուել, եւ շրջապատում չկայ ո՛չ դաւադիր, ո՛չ չար պատահար։ 5Ես որոշել եմ իմ Տէր Աստծու անուան տունը շինել, ինչպէս Տէր Աստուածը պատուիրել է իմ հայր Դաւթին՝ ասելով. “Իմ անուան տունը շինելու է քո որդին, որին ես նստեցնելու եմ քո աթոռին քո փոխարէն”։ 6Արդ, հրամա՛ն տուր, որ ինձ համար Լիբանանից փայտ կտրեն, եւ իմ ստրուկների հետ լինեն նաեւ քո ստրուկները։ Ես քեզ կը տամ քո ստրուկների վարձատրութիւնն այնքան, որքան դու կ’ասես, որովհետեւ դու ինքդ գիտես, որ մենք չունենք մի մարդ, որ գիտենայ սիդոնացիների նման փայտ կտրել»։

7Երբ Քիրամը լսեց Սողոմոնի խօսքերը, շատ ուրախանալով՝ ասաց. «Օրհնեալ է այսօր Տէր Աստուածը, որ Դաւթին իմաստուն որդի է տուել, որպէսզի նա ղեկավարի մի բազմամարդ »։ 8Քիրամը Սողոմոնին լուր ուղարկեց՝ ասելով. «Իմացայ այն ամէնն, ինչ ինձ յայտնեցին քո ուղարկած մարդիկ։ Ես կը կատարեմ քո ամբողջ կամքը. 9իմ ստրուկները Լիբանանից եղեւնափայտ ու մայրի կ’իջեցնեն ծով, ես դրանցից լաստեր կը պատրաստեմ ծովի վրայ, դրանք բերել կը տամ մինչեւ այն տեղը, որ դու ինձ ցոյց կը տաս, ես ծովափ կը հանեմ դրանք, եւ դու կը վերցնես։ Դրա փոխարէն դու կը կատարես իմ կամքը. կը մատակարարես իմ տանը»։ 10Քիրամը Սողոմոնին եղեւնափայտ ու մայրի էր տալիս այնքան, ինչքան նա ուզում էր, 11իսկ Սողոմոնը Քիրամին տալիս էր քսան հազար քոռ ցորեն ու քսան հազար սափոր զտուած ձիթաիւղ, որ Սողոմոնն ամէն տարի ուղարկում էր Քիրամին։ 12Տէրը Սողոմոնին իմաստնութիւն տուեց, ինչպէս խոստացել էր նրան, խաղաղութիւն հաստատուեց Քիրամի ու Սողոմոնի միջեւ, եւ նրանք իրար հետ դաշինք կնքեցին։

13Սողոմոնը գլխաահարկ դրեց ամբողջ Իսրայէլում։ Հարկ էր դրուած երեսուն հազար մարդու վրայ, 14որոնցից տասը հազարին ամէն ամիս ուղարկում էր Լիբանան։ Սրանք մէկ ամիս մնում էին Լիբանանում եւ երկու ամիս՝ իրենց տներում։ Այդ գլխահարկի վերակացու էր Ադոնիրամը։ 15Սողոմոնը լեռներում ունէր եօթանասուն հազար բեռնակիր եւ ութսուն հազար քարհատ, 16բացի երեք հազար հինգ հարիւր գործակալ ղեկավարներից, որ Սողոմոնը նշանակել էր գործաւորների վրայ։ 17Արքայի հրամանով տան հիմքի համար բերեցին մեծ ու ընտիր ապառաժ քարեր, անտաշ քարեր։ 18Սողոմոնի մարդիկ, Քիրամի մարդիկ ու Բիբլոսի բնակիչները տաշեցին, երեք տարի փայտ ու քար պատրաստեցին Աստծու տան շինութեան համար։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն