Երրորդ Թագավորաց գիրք
21
ՆԱԲՈԹԻ ԱՅԳԻՆ
1Այս դէպքերից յետոյ այսպիսի մի բան պատահեց. յեզրայէլացի Նաբոթը մի այգի ունէր Սամարիայի Աքաաբ արքայի կալի մօտ։ 2Արքան Նաբոթին ասաց. «Ի՛նձ տուր քո այգին, որ ինձ համար բանջարանոց դառնայ, որովհետեւ այն իմ տան մօտ է։ Դրա փոխարէն դրանից աւելի լաւ այգի կը տամ քեզ, եւ եթէ կամենաս, այգու արժէքը արծաթով կը վճարեմ, եւ սա ինձ համար կը լինի բանջարանոց»։ 3Նաբոթն ասաց արքային. «Թող իմ Աստուածն այնպէս չանի, որ իմ հայրերի ժառանգութիւնը քեզ տամ»։
4Աքաաբն իր տունը եկաւ խռոված եւ անտրամադիր այն խօսքերի պատճառով, որ յեզրայէլացի Նաբոթն ասել էր, թէ՝ «Իմ հայրերի ժառանգութիւնը քեզ չեմ տայ»։ Նա ննջեց իր մահճում, երեսը ծածկեց եւ հաց չկերաւ։ 5Նրա մօտ եկաւ կինը՝ Յեզաբէլը, խօսեց նրա հետ եւ ասաց. «Ինչո՞ւ է հոգիդ խռովուած, եւ հաց չես ուտում»։ 6Աքաաբն ասաց. «Յեզրայէլացի Նաբոթին ասացի. “Ինձ տուր քո այգին արծաթի դիմաց եւ եթէ չուզենաս, դրա փոխարէն քեզ ուրիշ այգի կը տամ”, իսկ նա ասաց, թէ՝ “Իմ հայրերի ժառանգութիւնը քեզ չեմ տայ”»։ 7Նրա կին Յեզաբէլն ասաց. «Դու այդպէ՞ս ես թագաւորութիւն անում Իսրայէլի վրայ։ Վե՛ր կաց, հա՛ց կեր ու սթափուի՛ր, եւ ես քեզ կը յանձնեմ յեզրայէլացի Նաբոթի այգին։
ՆԱԲՈԹԻ ՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ
8Նա հրովարտակ գրեց Աքաաբի անունով, կնքեց նրա մատանիով եւ հրովարտակն ուղարկեց ծերերին ու նրա քաղաքի ազատներին, որոնք Նաբոթի հետ էին ապրում։ 9Հրովարտակում այսպէս էր գրուած. «Ծո՛մ պահեցէք եւ Նաբոթին ժողովրդի մէջ գլխաւոր տեղում նստեցրէ՛ք, 10իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրէն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն, թէ՝ “Դու օրհնեցիր Աստծուն ու արքային”, եւ թող դուրս հանեն Նաբոթին եւ քարկոծեն, մինչեւ որ մեռնի»։
11Այդ քաղաքում բնակուող ծերերն ու ազատները արեցին այնպէս, ինչպէս որ գրուած էր Յեզաբէլի՝ նրանց ուղարկած հրովարտակներում։ 12Ծոմապահութիւն նշանակեցին, Նաբոթին նստեցրին ժողովրդի մէջ գլխաւոր տեղում, 13եկան երկու անօրէններ, նստեցին նրա դիմաց եւ վկայեցին ամբողջ ժողովրդի առաջ, թէ Նաբոթն ապստամբել է, ասացին, թէ՝ «Նաբոթն օրհնել է“ Աստծուն եւ արքային»։ Դրանից յետոյ նրան քաղաքից դուրս հանեցին եւ քարկոծելով սպանեցին։ 14Լուր ուղարկեցին Յեզաբէլին, թէ՝ «Նաբոթը քարկոծուելով մեռաւ»։
15Երբ Յեզաբէլը լսեց, որ Նաբոթը քարկոծուել ու մահացել է, ասաց Աքաաբին. «Գնա ժառանգի՛ր յեզրայէլացի Նաբոթի այգին, որը չէր ուզում այն քեզ արծաթով ծախել, քանզի Նաբոթը կենդանի չէ, նա մեռել է»։ 16Երբ Աքաաբը լսեց, թէ յեզրայէլացի Նաբոթը մեռել է, իր զգեստները պատառոտեց ու քուրձ հագաւ։ Դրանից յետոյ Աքաաբը եկաւ ու ժառանգեց յեզրայէլացի Նաբոթի այգին։
17Տէրը խօսելով թեզբացի Եղիայի հետ՝ ասաց. 18«Վեր կաց գնա՛ Իսրայէլի Աքաաբ արքայի մօտ, Սամարիա։ Նա գնացել է Նաբոթի այգին ժառանգելու։ 19Կը խօսես նրա հետ ու կ’ասես. այսպէս է ասում Տէրը. “Քանի որ սպանեցիր ու ժառանգեցիր նրա ունեցուածքը, ապա դրա համար այսպէս է ասում Տէրը. ՛՛Այն տեղում, ուր շներն ու խոզերը լափեցին Նաբոթի արիւնը, նոյն տեղում լափելու են նաեւ քո արիւնը, եւ բոզերը լողանալու են քո արեան մէջ՛՛”»։ 20Աքաաբն ասաց Եղիային. «Ո՜վ իմ թշնամի, գտա՞ր ինձ»։ Եղիան ասաց. «Գտայ, քանզի իզուր հպարտացար՝ չարիք գործելով Տիրոջ առջեւ ու բարկացնելով նրան։ 21Ահա ես քեզ պիտի պատուհասեմ, քեզ վրայ կրակ պիտի թափեմ, Աքաաբի տոհմից պիտի կոտորեմ բոլոր նրանց, ովքեր պատին են միզում, ինչպէս նաեւ Իսրայէլից պիտի վերացնեմ նեղութեան մէջ եղող եւ լքուած մարդկանց։ 22Քո տունը դարձնելու եմ Նաբատի որդի Յերոբովամի տան նման եւ Աքիայի որդի Բաասի տան նման, որովհետեւ դու բարկացրիր ինձ եւ Իսրայէլին մեղանչել տուեցիր։ 23Տէրը Յեզաբէլի մասին ասաց. “Շները պիտի ուտեն նրան Յեզրայէլի պարսպի մօտ”։ 24Աքաաբ թագաւորի մարդկանցից քաղաքում մեռածներին շներն են ուտելու, իսկ դաշտում մեռածների դիակները երկնքի թռչուններն են կտցելու»։
25Իզուր ամբարտաւանացաւ Աքաաբը՝ չարիք գործելով Տիրոջ առջեւ։ Նրան իր կինը՝ Յեզաբէլը յիմարացրեց։ 26Նա կուռքեր պաշտելով՝ անօրէն դարձաւ, արեց այն ամէնը, որ ամորհացին էր արել, որին Տէրը հալածել էր իսրայէլացիների միջից։
ԱՔԱԱԲԸ ԶՂՋՈՒՄ Է ԻՐ ՎԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ
27Այս խօսքերը լսելով՝ արքան զղջաց Տիրոջ առջեւ, լալով գնաց, պատառոտեց իր պատմուճանը, քուրձ հագաւ իր մարմնի վրայ եւ ծոմ պահեց. նա քուրձ հագաւ այն օրուանից, երբ սպանել տուեց յեզրայէլացի Նաբոթին։ Նա գլխիկոր էր ման գալիս։ 28Տէրը Աքաաբի մասին ասաց իր ծառայ Եղիային. 29«Տեսա՞ր, որ զղջաց իմ առջեւ։ Եւ քանի որ ընդունեց իր մեղքերը, նրան չարիք չեմ պատճառի իր կենդանութեան օրօք, այլ նրա որդիների՛ օրօք կը թափեմ չարիքը նրա տան վրայ»։