Երրորդ Թագավորաց գիրք

17

ԵՂԻԱ ՄԱՐԳԱՐԷՆ ԵՒ ԵՐԱՇՏԸ

1Գաղաադի Թեզբէ գիւղից սերած Եղիա մարգարէն ասաց Աքաաբին. «Կենդանի է երկնային զօրութիւնների Տէր Աստուածը, Իսրայէլի Աստուածը, որի առջեւ կանգնում եմ. եթէ այս տարիներին ցօղ իջնի կամ անձրեւ գայ, ապա այդ կը լինի միայն իմ խօսքով»։ 2Տէրը խօսեց Եղիայի հետ եւ ասաց. 3«Գնա՛ այստեղից դէպի արեւելք ու թաքնուի՛ր Քոռաթի հեղեղատի մօտ, որը Յորդանան գետի դիմացն է։ 4Այնտեղ հեղեղատի ջրից կը խմես, իսկ ես հրամայել եմ ագռաւներին, որ քեզ այնտեղ կերակրեն»։ 5Եղիան գնաց եւ արեց Տիրոջ ասածի համաձայն. նա գնաց ու նստեց Քոռաթի հեղեղատի մօտ, Յորդանան գետի դիմաց։ 6Ամէն առաւօտ ագռաւները ու միս էին բերում նրան, ինչպէս նաեւ հաց ու միս՝ երեկոները, իսկ ջուրը նա հեղեղատից էր խմում։ 7Որոշ ժամանակ անց հեղեղատը ցամաքեց, որովհետեւ անձրեւ չէր տեղում երկրի վրայ։

ԵՂԻԱՆ ԱՅՐԻ ԿՆՈՋ ՄՕՏ ՍԱՐԵՓԹԱՅՈՒՄ

8Տէրն իր խօսքն ուղղեց Եղիային՝ ասելով. 9«Վե՛ր կաց եւ գնա՛ սիդոնացիների Սարեփթա քաղաքը եւ այնտե՛ղ մնա։ Ես մի կնոջ պատուիրել եմ, որ քեզ այնտեղ կերակրի»։ 10Եղիան գնաց Սարեփթա ու հասաւ քաղաքի դարպասը։ Մի այնտեղ փայտ էր հաւաքում։ Եղիան ձայն տալով նրան՝ ասաց. «Ինձ համար ամանով մի քիչ բե՛ր, որ խմեմ»։ 11Կինը գնաց բերելու։ Եղիան նրա յետեւից ձայն տալով՝ ասաց. «Ինձ համար մի պատառ հաց բե՛ր»։ 12Կինն ասաց. «Կենդանի է քո Տէր Աստուածը. ես մի նկանակ էլ չունեմ, բացի սափորում եղած մի բուռ ալիւրից եւ կուժի մէջ եղած մի քիչ իւղից։ Ահա մի երկու փայտի կտոր եմ հաւաքում, որ գնամ ու հաց պատրաստեմ ինձ եւ երեխաներիս համար. այն կ’ուտենք ու յետոյ կը մեռնենք»։ 13Եղիան ասաց նրան. «Քաջալերուի՛ր, գնա՛ եւ արա՛ այնպէս, ինչպէս ասացիր, սակայն նախ ինձ համար մի փոքրիկ նկանակ պատրաստի՛ր ու բե՛ր եւ ապա պատրաստի՛ր քեզ ու երեխաներիդ համար։ 14Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. “Ալիւրը չի պակասելու սափորում, եւ կուժի իւղը չի նուազելու մինչեւ այն օրը, երբ Տէրն անձրեւ կը տեղացնի երկրի վրայ”»։ 15Կինը գնաց եւ արեց այնպէս, ինչպէս ասել էր Եղիան։ Եղիան, կինն ու նրա որդիները կերան։ 16Այդ օրուանից սափորում ալիւր չպակասեց, եւ կուժի մէջ իւղ չնուազեց, ինչպէս որ Եղիայի միջոցով ասել էր Տէրը։

ԵՂԻԱՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆՈՒՄ Է ԱՅՐԻ ԿՆՈՋ ՈՐԴՈՒՆ

17Այս դէպքերից յետոյ այնպէս պատահեց, որ տանտիկնոջ որդին հիւանդացաւ։ Հիւանդութիւնն այնքան ծանր էր, որ տղայի մէջ շունչ չմնաց։ 18Այրին ասաց Եղիային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, ո՜վ Աստծու մարդ, եկել ես ինձ մօտ, որ մեղքե՞րս յիշեցնես ու որդո՞ւս սպանես»։ 19Եղիան ասաց կնոջը. «Տո՛ւր ինձ քո որդուն»։ Նա երեխային վերցրեց նրա գրկից, տարաւ վերնատուն, ուր ինքն էր բնակւում, եւ պառկեցրեց նրան իր անկողնի վրայ։ 20Եղիան աղաղակելով ասաց. «Ո՜վ Տէր, ահա տեսնում ես այս այրի կնոջը, որի մօտ ես բնակւում եմ։ Դու չարչարեցիր նրա որդուն եւ մահ պատճառեցիր»։ 21Նա երեք անգամ փչեց մանկան վրայ եւ աղաղակեց Տիրոջն՝ ասելով. «Տէ՜ր իմ , այս երեխայի շունչը իրե՛ն վերադարձրու»։ 22Այդպէս էլ եղաւ. նա աղաղակեց, Տէրը լսեց Եղիայի ձայնը, երեխայի շունչը վերադարձաւ նրա մարմնի մէջ, ու նա կենդանացաւ։ 23Եղիան առաւ մանկանը, վերնատնից իջեցրեց նրան, տուեց իր մօրը՝ ասելով. «Տես, որ կենդանի է քո որդին»։ 24Կինն ասաց Եղիային. «Հիմա համոզուեցի, որ դու Աստծու մարդն ես, եւ Տիրոջ ճշմարիտ խօսքն է քո բերանում»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն