Ա Եզրաս
9
ԵԶՐԱՍԸ ՀՐԱՄԱՆ Է ՏԱԼԻՍ ՀՐԵԱՆԵՐԻՆ՝
ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ԱՅԼԱԶԳԻ ԿԱՆԱՆՑ
1Եզրասը վեր կացաւ Տիրոջ տաճարի գաւթից, գնաց Ելիասիբի որդի Յովհաննայի տունը, գիշերեց այնտեղ, 2բայց ո՛չ հաց կերաւ եւ ո՛չ էլ ջուր խմեց, այլ միայն ողբաց ժողովրդի գործած անօրէնութիւնների եւ մեծ մեղքերի համար։ 3Ամբողջ Հրէաստանում եւ Երուսաղէմում մունետիկն ազդարարում էր, որ բոլոր նրանք, ովքեր վերադարձել են գերութիւնից, գան հաւաքուեն Երուսաղէմում, 4իսկ նրանք, ովքեր երկու, երեք օրուայ ընթացքում չեն ներկայանայ, նրանք պիտի դատուեն առաջնորդների եւ ծերերի կողմից, պիտի առգրաւուի նրանց ունեցուածքը, եւ նրանց, իբրեւ օտարների, պիտի արտաքսեն գերեդարձների բազմութիւնից։ 5Եւ երեք օրուայ ընթացքում Երուսաղէմում հաւաքուեցին Յուդայի ազգի ու Բենիամինի ցեղի բոլոր մարդիկ, իններորդ ամսին, ամսի քսաներորդ օրը։ 6Ամբողջ բազմութիւնը, Եզրասի հետ միասին, նստեց Տիրոջ տան ընդարձակ գաւթում՝ սարսռալով եւ դողալով ձմռան ցրտից։ 7Եզրասը կանգնեց եւ ասաց նրանց. «Դուք մեղք էք գործել, կին էք առել այլազգիների աղջիկներից եւ անօրէնութիւն էք աւելացրել Իսրայէլի վրայ։ 8Արդ, խոստովանեցէ՛ք եւ փա՛ռք տուէք մեր հայրերի Տէր Աստծուն, 9կատարեցէ՛ք նրա կամքը, զատուեցէ՛ք եւ բաժանուեցէ՛ք երկրի բոլոր հեթանոսներից եւ ձեր այլազգի կանանցից»։
10Ամբողջ բազմութիւնը միասին բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. 11«Ինչպէս որ դու ասացիր, այնպէս էլ կ’անենք. բայց մենք մեծ բազմութիւն ենք, ժամանակն էլ ձմեռ է, եւ մենք չենք կարող դիմանալ այս ցաւին ու նեղութիւններին, գործն էլ մէկ կամ երկու օրուայ բան չէ, մանաւանդ որ մեր մեղքերն էլ այս գործում մեծ են ու ծանր։ 12Դրա համար գործը յանձնարարեցէ՛ք իշխաններին եւ առաջնորդներին, թող ամէն տեղ ում տանն այլազգի կին կայ, ժամանակին գնան ու պահանջեն նրանից, 13թող իւրաքանչիւր տեղի ծերերն ու դատաւորները վճռեն գործը եւ Տիրոջ բարկութիւնը հեռացնեն մեզնից մեր գործած այս մեծ չարիքների պատճառով»։
14Այս գործը յանձն առան Ազայէլի որդի Յովնաթանը եւ Թոկիայի որդի Եզեկիան, իսկ Մոսոլամոսը, Ղեւին ու Սաբատէոսը միացան նրանց, 15եւ նրանք ամէն ինչ արեցին այնպէս, ինչպէս հրամայեցին գերութիւնից վերադարձածները։ 16Եզրասն անուն առ անուն ընտրեց քահանայ, իշխան եւ տոհմապետ մարդիկ. նրանք տասներորդ ամսի ամսամտին նստեցին խորհրդի՝ գործը քննելու եւ աւարտելու համար։ 17Մինչեւ առաջին ամիսը նրանք հաւաքեցին եւ բերեցին այն տղամարդկանց, որոնք ամուսնացած էին այլազգի կանանց հետ. բերեցին նաեւ նրանց կանանց։ 18Հաւաքուածների մէջ գտնուեցին քահանաներ, որոնք ունէին այլազգի կանայք եւ խառնակուել էին ամբարիշտների հետ. 19դրանք Յոսեդեկի որդի Յեսովի եւ նրա եղբօր որդիներից էին. Մաթելան, Եղիազարոսը, Յորիբոսը եւ Յովադանը, 20որոնք սկսեցին դուրս հանել իրենց այլազգի կանանց եւ մէկական խոյեր մատուցել առանց գիտութեան գործած իրենց մեղքերի թողութեան համար։ 21Յետոյ Եմմորի որդիներից՝ Անանիան, Բադդէոսը, Մանասը, Սամաէասը, Յերիէլը եւ Ազարիասը. 22Փասուրի որդիներից՝ Ելիանասը, Մասսիասը, Իսմայէլը, Նաթանայէլը, Սկեթլեդոսը եւ Սալթոսը. 23Ղեւտացիների որդիներից՝ Յոզապտոսը, Սեմիսը եւ Կոնոսը, որ նոյն ինքը Սալիտասն է, Փաթէասը, որ նոյն ինքը Յուդասն է, եւ Յոնասը։ 24Սաղմոսասաց պաշտօնեաներից՝ Ելիասիբոսը եւ Բաքուրոսը։ 25Դռնապաններից՝ Սալոիմոսը եւ Տոլբանէսը։ 26Իսրայէլացիներից՝ Փորոսի որդիներից՝ Յերամասը, Յեդդիասը, Մելքիասը, Միալէսը, Եղիազարոսը, Ասաբիասը եւ Բանեասը։ 27Եղիակիմի որդիներից՝ Մատթանիասը, Զաքարիասը, Յեզորիէլը, Յովադիոսը, Յերիմոթը եւ Այէդիասը։ 28Զաթոմի որդիներից՝ Ելիադասը, Ելիասիմոսը, Օթոնիասը, Արիմոթը, Սաբաթոսը եւ Զարգէասը։ 29Բեբէի որդիներից՝ Յովհաննէսը, Անանիասը, Յոզաբդոսը եւ Եմաթոսը։ 30Մանիի որդիներից՝ Ելամոսը, Սամումոսը, Յեդէոսը, Յասուբոսը, Յաստելոսը եւ Յերեմոթը։ 31Ադդիի որդիներից՝ Նաթոսը, Մոոսիասը, Զակունոսը, Նաիդասը, Մատաթիասը, Եսթէլը, Բալունոսը եւ Մանասէն։ 32Աննասի որդիներից՝ Ելիոնասը, Ասսէասը, Մելքիասը, Սաբէոսը, Սիմոնը եւ Քոսամէոսը։ 33Ասոմատի որդիներից՝ Աննէոսը, Մատաթիասը, Բանէուսը, Ելիփալատը, Մանասէն եւ Սեմէին։ 34Բաանի որդիներից՝ Երեմիասը, Մոմդիոսը, Իսմաերոսը, Յուէլը, Մամբդէն, Պէդիասը, Անոսը, Րաբասիոնը, Անասիբոսը, Մամնիտանեմոսը, Ելիասիսը, Բանուսը, Ելիալին, Սոմէիան, Սելեմիասը եւ Նաթանիասը։ Եզորի որդիներից՝ Այէմը, Եզրիէլը, Ազայէլը, Սամատոսը, Զամբրին եւ Յովսէփը։ 35Նաումի որդիներից՝ Զազիկեասը, Լաբադիասը, Եդեսիուէլը եւ Բենեսիասը։
36Սրանք էին բոլոր այն տղամարդիկ, որոնք կին էին առել այլազգիներից եւ որոնք էլ ազատ արձակեցին իրենց կանանց եւ իրենց որդիներին։ 37Իսրայէլացի քահանաներն ու ղեւտացիները բնակուեցին Երուսաղէմում եւ նրա գաւառում եօթներորդ ամսի ամսամտին, իսկ իսրայէլացիները գնացին իրենց բնակութեան վայրերը։ 38Ամբողջ բազմութիւնը, միաբանուած, հաւաքուեց տաճարի դռան առջեւ, արեւելեան կողմը, ընդարձակ մի տեղ։ 39Նրանք ասացին Եզրաս քահանայապետին՝ Օրէնքի մեկնիչին, որ նա բերի Իսրայէլի Տէր Աստծու կողմից Մովսէսին տրուած օրէնքների գիրքը։ 40Եզրասը մէջտեղ բերեց օրէնքների գիրքը, ցոյց տուեց բոլոր տղամարդկանց ու կանանց եւ բոլոր քահանաներին։ 41Տաճարի դռան առջեւ, ընդարձակ հրապարակում, առաւօտից մինչեւ կէսօր նա կարդում էր Տիրոջ օրէնքները, բոլոր տղամարդկանց եւ կանանց համար, եօթներորդ ամսի ամսամտի օրերին, եւ ամբողջ բազմութիւնը լսում ու սովորում էր Տէր Աստծու Օրէնքը։ 42Եզրաս քահանան՝ Տիրոջ Օրէնքի մեկնիչը, կանգնում էր փայտակերտ բեմի վրայ, որ պատրաստել էին նրա համար։ 43Նրա մօտ, աջ կողմից, կանգնում էին Մատաթին, Սամուսը, Անանիասը, Ազարիասը, Ուրիասը, Եզեկիասը եւ Բաալսամոսը, 44իսկ ձախ կողմից՝ Փալթէոսը, Միսայէլը, Մելքիասը, Լոթասը, Ուբոսը, Նաբարիասը եւ Զաքարիասը։ 45Եզրասը, Օրէնքի գիրքը ձեռքին, մեծ պատուով բազմում էր բոլորի առաջ, իսկ ամբողջ բազմութիւնը նստում էր նրա դիմաց։ 46Երբ նա բացեց Օրէնքի գիրքը, ամբողջ բազմութիւնը ոտքի կանգնեց։ Եզրասն օրհնեց բարձրեալ Տէր Աստծուն, զօրութիւնների Աստծուն եւ Ամենակալին, 47իսկ ամբողջ բազմութիւնը միաձայն բացականչում էր՝ ամէն։ Բոլորն իրենց ձեռքերը բարձրացրած դէպի վեր՝ երեսնիվայր ընկնում էին գետին եւ երկրպագում Տէր Աստծուն։
48Տիրոջ Օրէնքը ժողովրդին ուսուցանում էին նաեւ ղեւտացիները՝ Յեսուսը, Աննուսը, Ասրաբիասը, Յադինոսը, Յակուբոսը, Սաբատէոսը, Աւդէասը, Մաննէասը, Կալիտասը, Ազարիասը, Յոզաբդոսը, Անանիասը եւ Փիլաթասը։ 49Սրանք ժողովրդի համար կարդում եւ բացատրում էին Տիրոջ Օրէնքը։
50Ատտարատէսը դիմելով Եզրաս քահանային՝ Տիրոջ Օրէնքի մեկնիչին եւ ղեւտացիներին, որոնք Օրէնքը սովորեցնում էին ժողովրդին, բոլորի առաջ ասաց նրանց.
51«Այս օրը սրբութեան օր է Տիրոջ համար, եւ դուք ազատ էք Տիրոջ Օրէնքը լսելուց. 52ցրուեցէ՛ք, գնացէ՛ք եւ պարարտ մի՛ս կերէք, քաղցր ըմպելիքներ խմեցէ՛ք եւ ուղարկեցէ՛ք նաեւ նրանց համար, ովքեր չունեն. 53եւ որովհետեւ Տիրոջ համար սուրբ է այս օրը, թող ոչ ոք տխուր չդարձնի այն, քանզի Տէր Աստուածն է, որ մեզ արժանացրեց փառքի»։
54Ղեւտացիները նոյնպէս ամբողջ ժողովրդին հրամայեցին եւ ասացին. «Այս օրը սուրբ է, եւ թող ոչ ոք տխուր չդարձնի այն»։ 55Ապա ասացին ժողովրդին. «Ով ունի, թող ուտի, խմի, ուրախ լինի եւ տայ նաեւ նրան, ով չունի. թող բոլորն էլ այսօր շատ ուրախ լինեն, որովհետեւ դուք լսեցիք եւ սովորեցիք Տիրոջ Օրէնքը, դուք հաւաքուեցիք ժողովի, եւ մենք սովորեցրինք ձեզ»։