Ա Եզրաս

5

ԳԵՐՈՒԹԻՒՆԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԱԾ ՀՐԵԱՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ

1Այս բոլորից յետոյ նրանք ընտրեցին տոհմերի, ազգերի ու ցեղերի նահապետներ ու առաջնորդներ, որպէսզի իրենց կանանց, տղաների, աղջիկների ու ծառաների հետ եւ իրենց ամբողջ կայքով ու ունեցուածքով վերադառնան ։ 2Դարեհը նրանց հետ ուղարկեց հազար ձիաւոր, որպէսզի նրանք ապահով հասնեն Երուսաղէմ, 3յետոյ թմբուկների, փողերի եւ այլ նուագարանների նուագով, պարով եւ մեծ ուրախութեամբ նրանց ճանապարհեց Երուսաղէմ։

4Ըստ իրենց հայրերի անունների եւ ըստ իրենց ազգատոհմերի, ահա սրանք են անուններն այն մարդկանց, որ վերադարձան Երուսաղէմ.

5Քահանաներից՝ Ահարոնի որդի Փենեէսի որդիները, Յոսեդեկի որդի Յեսուն, Յուդայի ցեղից, Փարէսի տոհմից, Դաւթի ազգից՝ Յովակիմը, որ Սաղաթիէլի որդի նոյն Զորոբաբէլն էր, 6հէնց նա, որ Դարեհ արքայի առաջ իմաստուն խօսքեր ասաց Նիսան ամսին՝ նրա թագաւորութեան երկրորդ տարուայ առաջին ամսին։ 7Սրանք բոլորը հրեաներ էին, որոնց թոյլ տրուեց գերութիւնից վերադառնալ Երուսաղէմ. սրանց գերի էր տարել Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան։ 8Սրանք վերադարձան Երուսաղէմ եւ բնակութիւն հաստատեցին Հրէաստանում՝ իւրաքանչիւրն իր քաղաքում։ Նրանց առաջնորդներն էին Զորոբաբէլը եւ Յոսեդեկի որդի Յեսուն. քահանաների ազգատոհմից՝ Նէեմին, Զարեհը, Ռեսէն, Անանիան, Մուրդքէն, Բեելսարը, Ասփարասը, Բորսէլը, Ռուիբը եւ Բաանան։

9Ահա եւ նրանց ազգերի տոհմապետների եւ իշխանների անուններն ու թիվը. Փորոսի որդիները՝ երկու հազար հարիւր եօթանասուներկու մարդ. Սափատիայի որդիները՝ չորս հարիւր եօթանասուներկու. 10Արէսի որդիները՝ եօթը հարիւր եօթանասունվեց. 11Նեփթաղիմ Մովաբացու որդիները, Յեսուի եւ Ռովաբի որդիները՝ երկու հազար ութ հարիւր տասներկու. 12Ելամի որդիները՝ երկու հազար երկու հարիւր յիսունչորս. Զատոնայի որդիները՝ ինը հարիւր քառասունհինգ. Բորքիայի որդիները՝ եօթը հարիւր յիսուն. 13Բանիայի որդիները՝ վեց հարիւր քառասունութ. Բերիայի որդիները՝ վեց հարիւր քսաներեք. Արդիայի որդիները՝ երեք հազար երեք հարիւր քսաներկու. 14Ադոնիկամի որդիները՝ վեց հարիւր եօթանասունեօթը. Բոսորիայի որդիները՝ երկու հազար վեց հարիւր վեց. Ադինայի որդիները՝ չորս հարիւր յիսունչորս. 15Ազերեղեկիայի որդիները՝ իննսուներկու. Իլանայի որդիները եւ Զետայի որդիները՝ վաթսունեօթը. Ազարիայի որդիները՝ չորս հարիւր երեսուներկու. 16Գերդալի որդիները՝ վեց հարիւր երեսուներկու. Անանիայի որդիները՝ հարիւր քսան. Արոմի որդիները՝ երեք հարիւր քսաներեք. 17Արսիփուրի որդիները՝ հարիւր տասներկու. Բետերի որդիները՝ երեք հազար իննսունհինգ. Բեթլոմի որդիները՝ հարիւր քսաներեք։ 18Նատոբի մարդիկ յիսունհինգ էին, Նատտայինը՝ հարիւր յիսունութ, Բեթսամոթինը՝ քառասուներկու, 19Կարիաթարիմինը՝ քսանհինգ, Քափիրինը եւ Թերոնինը՝ եօթը հարիւր քառասունութ, Քադիասիայինը եւ Ամիդայինը՝ չորս հարիւր քսաներկու, 20Կիմարինը եւ Կաբէսինը՝ վեց հարիւր քսանմէկ, Մակալոնինը՝ հարիւր քսաներկու, 21Բետոլիամայինը՝ յիսուներկու։ 22Նեփիսայի որդիները՝ հարիւր յիսունվեց մարդ. Կալամոլի որդիները եւ Օնիայի որդիները՝ եօթը հարիւր քսանհինգ. 23Երեքոյի որդիները՝ երեք հարիւր քառասունհինգ, Սանասսի որդիները՝ երեք հազար երեք հարիւր երեսունմէկ։

24Քահանաների որդիները. Յեսուի որդի Յեդդուտի որդիները՝ ինը հարիւր երեսուներկու. Եմմերի որդիները՝ հազար յիսուներկու. 25Փասորի որդիները՝ հազար երկու հարիւր քառասունհինգ. Քարմիայի որդիները՝ հազար տասնեօթը։

26Իսկ ղեւտացիների որդիների թիւը այս էր. Յեսուինը՝ մէկ, Կոդոլիայինը՝ Բանիայինը եւ Սուդիայինը՝ եօթանասունչորս։

27Քահանաների ազգատոհմից կային սաղմոս երգողներ. Ասափի որդիները՝ հարիւր քառասունութ մարդ։

28Դռնապաններից՝ Սալոմիայի որդիները, Ատերի որդիները, Տոլմանիայի որդիները, Գակուբիայի որդիները, Ատերի որդիները, Սաբէի որդիները, բոլորը միասին՝ հարիւր երեսունինը մարդ։

29Քահանաների ծառաները. Ասիփի որդիները, Տաբալի որդիները, Կերի որդիները, Սուի որդիները, Փալիայի որդիները, Լաբանիայի որդիները, Ադաբի որդիները, 30Ակուդի որդիները, Ուտի որդիները, Կեդաբի որդիները, Ադաբի որդիները, Սուբայիմի որդիները, Աստանի որդիները, Կաթուի որդիները, Գելլուրի որդիները, 31Յաբուի որդիները, Դեսանի որդիները, Նորի որդիները, Ասէբի որդիները, Գազերի որդիները, Օքոզիայի որդիները, Փանիայի որդիները, Ասարի որդիները, Բասիայի որդիները, Ասանի որդիները, Մաանի որդիները, Նափիսի որդիները, Ակումի որդիները, Աքիփի որդիները, Ասուրի որդիները, Փարակի որդիները, 32Փասալոթի որդիները, Դեդանի որդիները, Կութի որդիները, Քարէսի որդիները, Բարքուսի որդիները, Սեսարի որդիները, Թումայի որդիները, Նասի որդիները, Ատեփի որդիները։

33Սողոմոնի ծառաների որդիները. Սափփիոթի որդիները, Փարիդի որդիները, Յեելի որդիները, Լոզոնի որդիները, Սաելի որդիները, Սափիայի որդիները, 34Ագիայի որդիները, Փաքարիայի որդիները, Սաբիայի որդիները, Սարոթի որդիները, Մասսիայի որդիները, Գասայի որդիները, Ադուսի որդիները, Սուբասի որդիները, Ափփերի որդիները, Բարոդիայի որդիները, Սափատի որդիները, Ալլոնիայի որդիները։ 35Քահանաների եւ Սողոմոնի բոլոր ծառաները միասին՝ երեք հարիւր եօթանասուներկու մարդ։

36Բաբելոնից էին վերադարձել թէ՛ սրանք եւ թէ՛ սրանց իշխանները՝ Թերմալէթը, Թելեսիասը, Քարաթալան եւ Ալլաարը։ 37Կային նաեւ ուրիշներ, որ չկարողացան ցոյց տալ ո՛չ իրենց հայրերի տոհմը եւ ո՛չ էլ իրենց սերունդը, թէ իրենք իսրայէլացիներ են։ Դրանք էին՝ Դալանի որդիները, Տուբանի որդիները, Նեկոդանի որդիները՝ վեց հարիւր եօթանասուներկու մարդ։

38Քահանաներից, որոնք քահանայական ծառայութեան մէջ էին, իրենց նախնիների տոհմերը չկարողացան ցոյց տալ նաեւ Նորդիայի որդիները, Ակբոսի որդիները, Յոգուսի որդիները, որոնք էին առել Բերզելիայի աղջիկներից եւ կոչւում էին նրանց անունով։ 39Նրանց անունները փնտռեցին մատեաններում՝ ըստ իրենց տոհմերի եւ ըստ իրենց բնակավայրերի, բայց չգտան. նրանց հեռացրին ծառայութիւնից եւ արգելեցին մօտենալ քահանայութեանը։ 40Նէմիան եւ Ատթարիան նրանց ասացին, որ նրանք սուրբ բաներին չմօտենան այնքան ժամանակ, քանի դեռ որեւէ քաանայապետ չի պարզաբանել ճշմարտութիւնը նրանց տոհմերի մասին։ 41Բոլոր իսրայէլացիները, ներառեալ տասներկու եւ աւելի բարձր տարիք ունեցողները, չհաշուած ծառաներին եւ աղախիններին, քառասուներեք հազար երեք հարիւր վաթսուն մարդ էին. 42նրանց ծառաներն ու աղախինները՝ եօթը հազար երեք հարիւր երեսունեօթը մարդ. սաղմոս երգողներն ու պաշտամունքի սպասաւորները՝ երկու հարիւր քառասունհինգ մարդ։

43Նրանց հետ կար չորս հարիւր երեսունհինգ ուղտ, եօթը հազար քառասունվեց ձի, երկու հարիւր քառասունհինգ ջորի եւ հինգ հազար հինգ հարիւր քսանհինգ էշ։ 44Նրանց իշխաններն ու տոհմապետները եկան, մտան Աստծու տաճարի տեղը, որ գտնւում է Երուսաղէմում, ուխտ արեցին, որ տաճարը նորից կը կանգնեցնեն իր տեղում, եւ 45ի նպաստ գործի, իւրաքանչիւրն ըստ իր կարողութեան, տաճարի գանձանակին տալիս էր ՝ հազար մնաս, արծաթ՝ հինգ հազար մնաս եւ քահանայական հարիւր պատմուճան։ 46Քահանաները, ղեւտացիները եւ ժողովուրդը բնակուեցին Երուսաղէմում եւ մօտիկ վայրերում, իսկ սաղմոսասաց պաշտօնեաները, դռնապաններն եւ բոլոր իսրայէլացիները՝ իրենց գիւղերում եւ ագարակներում։

47Եօթներորդ ամսին բոլոր իսրայէլացիները իրենց բնակավայրերից վեր կացան եւ միահամուռ հաւաքուեցին Երուսաղէմում, ընդարձակ մի տեղ, արեւելեան կողմի դռան առջեւ։ 48Յոսեդեկի որդի Յեսուն ու նրա եղբայրները, քահանաների ամբողջ բազմութիւնը, Սաղաթիէլի որդի Զորոբաբէլն ու նրա եղբայրները պատրաստեցին Իսրայէլի Տէր Աստծու զոհասեղանը 49նրա վրայ ողջակէզներ մատուցելու համար ըստ այն կարգի, ինչպէս գրուած է Աստծու մարդու՝ Մովսէսի գրքում։ 50Հրեաները հաւաքուեցին, զատուեցին երկրի հեթանոս այլազգիներից, կանգնեցրին զոհասեղանն իր նախկին տեղում, ու թէեւ հեթանոսներն իրենց թշնամիներն էին, սակայն երկրի բոլոր այլազգիներն էլ օգնում էին իրենց։ Նրանք ժամանակ առ ժամանակ ընծաներ եւ զոհեր էին բերում, իսկ իրենք մատուցում էին Տիրոջ թէ՛ առաւօտեան եւ թէ՛ երեկոյեան ողջակէզները։ 51Նրանք կատարեցին Տաղաւարահարաց տօնն այն կարգով, ինչպէս գրուած էր Մովսէսի օրէնքներում եւ մատուցում էին ամենօրեայ զոհերը՝ ըստ ընդունուած կարգի։ 52Նրանք մատուցում էին նաեւ ըստ ժամանակների սահմանուած ողջակէզները՝ օրերի եւ ամէն ամսամտի ողջակէզները եւ, ըստ կարգի, կատարում էին բոլոր սուրբ տօները։ 53Եւ բոլոր նրանք, որ ուխտ էին արել Աստծուն, եօթներորդ ամսի ամսամտին սկսեցին ողջակէզներ մատուցել Տէր Աստծուն, մինչդեռ Տէր Աստծու տաճարը դեռեւս կառուցուած չէր։ 54Նրանք քարհատներին ու հիւսներին փող ու մթերք տուեցին, 55սիդոնացիներին եւ տիւրոսացիներին՝ նոյնպէս, որպէսզի նրանք Լիբանանից մայրի շինափայտ բերեն, նաւերով հասցնեն Յոպպէ նաւահանգիստը, ինչպէս ժամանակին նրանց հրամայել եւ կարգադրել էր Պարսկաստանի Կիւրոս թագաւորը։

56Սաղաթիէլի որդի Զորոբաբէլը, Յոսեդեկի որդի Յեսուն եւ նրանց եղբայրները, քահանաներն ու ղեւտացիները, նաեւ բոլոր նրանք, որ Երուսաղէմ էին վերադարձել գերութիւնից, Երուսաղէմ գալու իրենց երկրորդ տարուայ երկրորդ ամսին սկսեցին կառուցել տաճարը։ 57Նրանք Տէր Աստծու տան հիմքերը գցեցին գերութիւնից Հրէաստան եւ Երուսաղէմ վերադառնալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի ամսամտին։ 58Քսան տարեկանից բարձր ղեւտացիներին նրանք յանձնարարեցին Տիրոջը սպասաւորելու գործը, իսկ Յեսուն, նրա որդիներն ու եղբայրները, նրա Կադմիէլը, Բաբունի որդի Յեբուհէմի որդիները, Ելիադիայի որդի Յովիդէի որդիները՝ իրենց եղբայրների հետ, եւ բոլոր ղեւտացիները միահամուռ աշխատում էին Տիրոջ տաճարի գործի վրայ, իսկ վարպետները կառուցում էին Տիրոջ տաճարը։ 59Քահանայապետները, երկար զգեստներ հագած, դասաւորուել էին նուագարաններ ու շեփորներ ձեռքերին, իսկ ղեւտացիները՝ Ասափի որդիները ծնծղաներ էին բռնել, 60սաղմոսներ էին երգում եւ օրհնում Աստծուն՝ ըստ նուագարանների ու երգերի այն կարգի, որ սահմանել էր Իսրայէլի թագաւորը։ 61Նրանք բարձրաձայն օրհնում եւ գոհութիւն էին մատուցում Տէր Աստծուն, որ նրա բարերարութիւնը եւ փառքը յաւիտենական է ամբողջ Իսրայէլի համար։ 62Եւ ամբողջ ժողովուրդը լիաշունչ շեփորներ էր փչում, բարձրաբարբառ գոչում եւ օրհնում էր Տիրոջը, որ նա կանգնեցնում է իր սուրբ տաճարը։ 63Եկան եւ շինարարութեան վայր մտան ղեւտացի այն քահանայապետները, որոնք, ըստ իրենց հայրերի նահապետութեան, գահերէցներ եւ առաջնորդներ էին եւ որոնք տեսել էին նախկին տաճարը, որը կառուցուած էր սրանից առաջ։ 64Ոմանք բարձրաձայն լալիս էին, ոմանք շեփորներ էին փչում, ոմանք արձակում ուրախութեան կանչեր, եւ այդ ձայները խառնուել էին այնպէս, 65որ բազմութիւնը, ժողովրդի լացի ձայներից, չէր կարողանում լսել շեփորների ձայնը, թէեւ բազմաթիւ շեփորներ էին փչում, եւ նրանց ձայնը հասնում էր հեռու, հեռաւոր վայրեր։

66Յուդայի ու Բենիամինի ազգի թշնամիները լսեցին, եկան տեսնելու եւ իմանալու, թէ ինչ էր նշանակում շեփորների այդ ձայնը, 67եւ իմացան, որ Բաբելոնի գերութիւնից վերադարձած հրեաները կառուցում են Իսրայէլի Տէր Աստծու տաճարը։ 68Նրանք մօտեցան Զորոբաբէլին, Յոսեդեկի որդի Յեսուին եւ այլ իշխանների ու տոհմապետների եւ ասացին նրանց. «Թողէ՛ք մենք էլ ձեզ հետ կառուցենք տաճարը, 69որովհետեւ ինչպէս դուք, այնպէս էլ մենք ենք լսում ձեր Տէր Աստծուն, մենք էլ ենք նրան զոհեր մատուցում այստեղից ձեր գերեվարուելուց յետոյ, այն օրից ի վեր, երբ մեզ Ասորեստանի Սալմանասար թագաւորը գերի վերցրեց, բերեց եւ բնակեցրեց այստեղ»։

70Զորոբաբէլը, Յոսեդեկի որդի Յեսուն եւ Իսրայէլի միւս իշխաններն ու տոհմապետները նրանց ասացին. «Մեզ վայել չէ, որ մենք ձեզ հետ կառուցենք մեր Տէր Աստծու տունը, 71միայն մե՛նք պիտի կառուցենք մեր Աստծու տաճարը, ինչպէս որ հրամայել է մեզ Պարսկաստանի Կիւրոս թագաւորը»։

72Սրանք հէնց այն ազգերն էին, որ միացել էին Յուդայի երկրի թշնամիներին 73եւ արգելք եղել Կիւրոս թագաւորի ժամանակ տաճարը կառուցելուն, քանի որ նա հրամայել էր տաճարը կառուցել իր կենդանութեան ժամանակ. իսկ նրա մահից յետոյ էլ արգելեցին տասներկու տարի՝ մինչեւ Դարեհ թագաւորի թագաւորութեան երկրորդ տարին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն