Ա Եզրաս

4

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԱՆՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԸ

1Երկրորդը, որ գրել էր թագաւորի զօրութեան մասին, սկսեց խօսել եւ ասաց. 2«Ո՛վ մարդիկ, մի՞թէ ճիշտ չէ, որ մարդիկ հզօրացել են, տիրել ծովին ու ցամաքին եւ այն ամենին, ինչ կայ նրանց մէջ։ 3Իսկ հզօր թագաւորը տիրում է ամբողջ երկրին եւ մարդկանց. ինչ որ նա ասում կամ հրամայում է, կատարում են անմիջապէս. նոյնիսկ եթէ հրամայի, որ ընկերը պատերազմի ընկերոջ դէմ, նրանք չեն համարձակուի զանց առնել թագաւորի խօսքը։ 4Իսկ եթէ նրանց ուղարկի պատերազմելու թշնամիների դէմ, ապա նրանք իսկոյն կը գնան, կը պատրաստեն մարտական մեքենաներ, ամրութիւններ, պարիսպներ եւ աշտարակներ, 5կը սպանեն եւ կը մեռնեն, բայց չեն կարող զանց առնել թագաւորի հրամանը. իսկ եթէ յաղթեն, բոլոր բարիքները կը բերեն թագաւորի համար։ 6Ոչ միայն պատերազմող զօրականները, այլեւ այն մշակները, որ հող են հերկում, ցանում են եւ հնձում, նրանք եւս իրենց բերքից բերում են թագաւորի համար. նաեւ հարկահանները, որոնք ստիպում են երկրի բնակիչներին, դարձեալ հարկ են հաւաքում թագաւորի համար։ 7Թագաւորն է միայն, որ հզօր է բոլորի վրայ. եթէ հրամայում է սպանել, կը սպանեն, ապրեցնել՝ կ’ապրեցնեն, 8կառուցել՝ կը կառուցեն, քանդել՝ կը քանդեն, 9եթէ հրամայում է տնկել՝ կը տնկեն։ 10Չէ՞ որ ամբողջ երկիրը ենթակայ է թագաւորի ուժին եւ լսում է նրա հրամանը. արքան ինքը ինչ որ կամենում է, այն է անում. ինքը հանգիստ բազմում է, ուտում, խմում, քնում, 11մինչդեռ միւս բոլորը նրա շուրջը պատրաստ՝ պահպանում են նրան, լսում նրա հրամանները եւ չեն համարձակւում ըստ իրենց կամքի գնալ մի տեղ կամ մի բան անել, սիրտ չեն անում զանց առնել թագաւորի հրամանը։ 12Արդ, ո՛վ մարդիկ, մի՞թէ զօրաւորը թագաւորը չէ, որի հրամանի խօսքը լինում է այսքան հզօր, եւ նա իշխում է բոլորի վրայ»։ Այս ասաց եւ լռեց։

ԵՐՐՈՐԴ ՊԱՏԱՆՈՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԸ

13Երրորդը, որ ասել էր կանանց զօրութեան եւ ճշմարտութեան մասին, Զորոբաբէլն էր։ Նա սկսեց խօսել եւ ասաց. 14«Ո՛վ մարդիկ, եթէ մեծազօր է թագաւորը կամ բազմաթիւ այլ մարդիկ, կամ թէ զօրաւոր է գինին, ապա ո՞վ է, որ յաղթում եւ տիրում է բոլորին. կանայք չե՞ն արդեօք, 15քանզի նրանք են, որ ծնում են թագաւորներին. բոլոր այն մարդիկ, որոնք տիրում են ծովին ու ցամաքին, ծնուել են նրանցից։ 16Կանայք են, որ ծնել եւ սնել են նաեւ այն մշակներին, որոնք այգիներ են տնկում եւ ստանում դրանցից։ 17Նրանք են, որ հագուստներ են պատրաստում տղամարդկանց համար, որոնցով զարդարւում եւ փառաւորւում են նրանք. տղամարդիկ էլ, առանց նրանց, չեն կարող լինել։ 18Եթէ տղամարդիկ , արծաթ եւ ամէն տեսակ բարիքներ էլ հաւաքելիս լինեն, տեսնելով մի գեղեցիկ ՝ շրջւում են դէպի նա, 19բերանները բաց նայում եւ ամբողջ սրտով սիրում են նրան՝ ոսկուց, արծաթից եւ բոլոր բարիքներից առաւել։ 20Տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը, որ ծնել ու սնել են իրեն, նաեւ իր երկիրը, գնում է կնոջ հետ, 21եւ հոգով այնպէս է միանում նրան, որ մինչեւ իսկ չի յիշում ո՛չ հօրը, ո՛չ մօրը եւ ո՛չ էլ իր երկիրը։ 22Հէնց սրանից էլ արժէ, որ դուք իմանաք, թէ ձեր կանայք սիրում են ձեզ, քանզի այն ամէնը, ինչ դուք անում էք եւ վաստակում, բերում եւ տալիս էք ձեր կանանց։ 23Եթէ մարդ իր սուրը վերցնելով՝ գնայ հեռու ճանապարհ, եւ ինչ-որ բան ձեռք բերի՝ աւազակութիւն անի կամ գողանայ, նաւարկի ծովով կամ գետերով, 24գազանների պատահի կամ անցնի խաւար տեղերով, երբ գողանայ, յափշտակի, անցնի բոլոր նեղութիւններից, ապա պիտի գայ եւ իր ամբողջ վաստակը պիտի բերի կնոջ համար, 25որովհետեւ մարդ կնոջն աւելի է սիրում, քան իր հօրն ու մօրը։ 26Շատերն են իրենց խելքը կորցրել եւ իրենց կանանց պատճառով դարձել ծառաներ, 27շատերն են մատնուել կորստի, մեռել ու սպանուել, սխալուել ու ընկել մեծ մեղքերի մէջ՝ կանանց պատճառով։ 28Հիմա դուք ինձ չէք հաւատում. ահա այդ մեծ թագաւորը. անձնիշխան է չէ՞ ինքը. մարդկանցից ամէն մէկը չի համարձակւում մօտենալ նրան։ 29Բայց ես տեսել եմ, թէ ինչպէս թագաւորի հարճի աղջիկը, որ նստել էր թագաւորի աջ կողմում, 30թագաւորի գլխից վերցնելով թագը՝ դնում էր իր գլխին, 31ապտակում թագաւորին, բայց թագաւորը դրա համար չէր բարկանում, այլ բերանը բացած՝ նայում էր նրան. եթէ աղջիկը ծիծաղում էր, ինքն էլ էր ծիծաղում նրա հետ, եթէ նա տխրում էր, թագաւորը փաղաքշում էր, մինչեւ որ սփոփէր նրան։ 32Արդ, ո՛վ մարդիկ, մի՞թէ զօրաւորը կանայք չեն, որ անում են այս բոլորը»։ 33Թագաւորն ու նրա մեծամեծները այդ ժամանակ սկսեցին նայել մէկը միւսին, ընկերն՝ ընկերոջը։ Զորոբաբէլն սկսեց խօսել ճշմարտութեան մասին եւ ասաց. 34«Ո՛վ մարդիկ, ճիշտ չէ՞, որ կանայք են զօրաւոր. մեծ է երկիրը, բարձր է երկինքը, արագընթաց է արեգակը, քանզի արշաւելով երկնքի կամարաձեւ խորանի միջով՝ մի օրուայ մէջ դարձեալ արագ սլանում եւ հասնում է իր տեղը։ 35Արդեօ՞ք մեծ չէ Նա, որ ստեղծել է այս բոլորը։ Արդարեւ, մեծ է ճշմարտութիւնը եւ ամէն ինչից զօրաւոր։ 36Ամբողջ երկիրը ապաւինում է ճշմարտութեանը, երկինքը օրհնում է ճշմարտութիւնը, ամէն ինչ սասանւում եւ դողում է նրա առաջ. ճշմարտութեան մէջ անիրաւութիւն չկայ, ոչ մի անիրաւութիւն։ 37Անիրաւ է գինին, անիրաւ է թագաւորը, անիրաւ են նաեւ կանայք, անիրաւ են բոլոր մարդկանց որդիները, անիրաւ են նաեւ նրանց բոլոր գործերը, ճշմարտութիւն չկայ նրանց մէջ, եւ իրենց անիրաւութեան մէջ էլ կը կորչեն իրենք։ 38Իսկ ճշմարտութիւնը կայ, մնում է եւ զօրաւոր է յաւիտենապէս, կենդանի է նա, եւ նրա իշխանութիւնը՝ յաւիտենական։ 39Աչառութիւն չկայ նրա մէջ, նա չի փոփոխւում երբեք, այլ միշտ հաստատում է արդարութիւնը, մերժում չարութիւնն ու անիրաւութիւնը. ճշմարտութեան բոլոր գործերը հաճելի են ամենքին։ 40Անիրաւութիւն չկայ նրա դատաստանի մէջ. ճշմարտութիւնն է թագաւորների հզօրութիւնը, նրանց իշխանութիւնն ու նրանց մեծութիւնը։ Օրհնեալ է ճշմարտութեան Տէր Աստուածը»։

41Այս խօսքն ասաց եւ լռեց։ Այդ ժամանակ բոլոր հաւաքուածները բարձրաձայն աղաղակեցին եւ ասացին. «Մեծ է ճշմարտութիւնը, ե՛ւ յաղթող, ե՛ւ զօրաւոր»։ 42Իսկ թագաւորն ասաց նրան. «Խնդրի՛ր, ինչ որ ուզում ես, եւ ես կը տամ գրուածից աւելին, քանզի դու բոլորից իմաստուն գտնուեցիր. դու կը նստես իմ երկրորդ աթոռին եւ կը կոչուես իմ ազգականը»։ 43Այն ժամանակ Զորոբաբէլն ասաց թագաւորին. «Յիշի՛ր այն ուխտը, որ արեցիր Երուսաղէմը վերաշինելու մասին այն օրը, երբ թագաւոր դարձար։ 44Դու ասացիր. “Երբ Կիւրոսը գրաւեց Բաբելոնը, գնաց եւ առանձնացրեց այնտեղ Երուսաղէմի կայքն ու սպասքը եւ ուխտ արեց վերադարձնելու Տիրոջ սպասքը։ 45Նոյնպէս եւ դու, ո՛վ թագաւոր, ուխտեցիր շինել Տիրոջ տաճարը, որ այրեցին եդոմայեցիները, երբ քաղդէացիները Հրէաստանը դարձրին։ 46Այժմ, ահա, աղաչում եմ քեզ, տէ՛ր իմ եւ թագաւո՛ր, խնդրում եմ քեզանից. այս մեծ պարգեւը շնորհի՛ր դու ինձ. սրա համար աղաչում եմ քեզ. կատարի՛ր այն ուխտը, որ ուխտեցիր երկնային թագաւորին, արա՛ այնպէս, ինչպէս խոստացար քո բերանով»։

ԴԱՐԵՀԸ ՀՐԱՄԱՅՈՒՄ Է ՎԵՐԱՇԻՆԵԼ

ԵՐՈՒՍԱՂԷՄՆ ՈՒ ՏԻՐՈՋ ՏԱՃԱՐԸ

47Այն ժամանակ Դարեհ թագաւորը վեր կացաւ եւ համբուրեց Զորոբաբէլին։ Նրա համար թղթեր գրեց բոլոր գաւառապետներին, տեղերի կառավարիչներին, զօրապետներին եւ նախարարներին, որպէսզի նրանք ճանապարհ տան նրան, ինչպէս եւ նրանց, ովքեր նրա հետ էին՝ վերադառնալու եւ վերաշինելու Երուսաղէմը։ 48Թագաւորը թուղթ գրեց նաեւ Ասորիքի, Փիւնիկէի եւ Լիբանանի կողմերի կառավարիչներին, որպէսզի նրանք Լիբանանից մայրի շինափայտ առաքեն եւ Զորոբաբէլի հետ վերաշինեն քաղաքը։ 49Գրեց նաեւ բոլոր հրեաներին, որոնք Հրէաստան էին վերադառնում իր թագաւորութիւնից, նրանց ազատեց հարկերից եւ բոլոր զօրապետներին, նախարարներին, կառավարիչներին ու գաւառապետներին ասաց, որ ոչ ոք հարկի համար չմօտենայ նրանց դռներին, 50որ բոլոր այն վայրերում, ուր բնակւում են նրանք, հարկ չտան եւ լինեն ազատ, որ բոլոր եդոմացիները հրեաներին տան այն բոլոր գիւղերն ու վայրերը, որ վերցրել էին նրանցից, 51որ տաճարի շինութեան համար արքունիքից տան տարեկան քսան տաղանդ, մինչեւ որ տաճարը կառուցուի։ 52Նաեւ ողջակէզների զոհասեղանի համար զոհեր տան բոլոր այն օրերին, ինչպէս գրուած է Օրէնքում, եւ անխափան մատուցեն եօթնորդներն ու տասանորդները, ինչպէս նաեւ՝ տարեկան տասը տաղանդ։ 53Բոլոր նրանք, ովքեր վերադառնում են Երուսաղէմ, թող վերաշինեն քաղաքը, ազատ լինեն եւ հարկ չվճարեն՝ թէ՛ իրենք ու իրենց տոհմերը եւ թէ՛ բոլոր քահանաները։ 54նաեւ հրամայեց գրել, որ ամէն տեսակ մթերք եւ պատմուճան տան քահանաներին՝ Տիրոջ պաշտամունքը կատարելու համար։ 55Գրեց, որ ղեւտացիներին ռոճիկ տան, մինչեւ որ աւարտուի Տիրոջ տաճարի շինութիւնը, եւ Երուսաղէմը վերաշինուի։ 56Գրեց նաեւ, որ բոլոր նրանց, ովքեր պահպանում են քաղաքը, հողաբաժիններ տան եւ ռոճիկ։ 57Նա Բաբելոնից ուղարկեց տաճարի այն ամբողջ կայքն ու սպասքը, որ առանձնացրել էր Կիւրոսը. եւ ամէն բան, որ ասել էր Կիւրոսը, Դարեհը նոյնն արեց եւ կատարեց ճշտութեամբ. Տիրոջ ամբողջ սպասքը տուեց, որ տանեն։

58Երբ Զորոբաբէլը դուրս եկաւ թագաւորի մօտից, ձեռքերը բարձրացրեց դէպի երկինք, դէպի Երուսաղէմի կողմը, օրհնեց երկնքի Տէր թագաւորին եւ ասաց. 59«Քեզանից է յաղթութիւնը, քեզանից է իմաստութիւնը եւ քեզ է վայել փառքը. 60ես քո ծառան եմ եւ օրհնում եմ քեզ, որ իմաստութիւն տուեցիր ինձ, ես գոհութիւն եմ մատուցում քեզ՝ մեր հայրերի Աստծուն»։ 61Նա վերցրեց թղթերն ու գնաց։ Եկաւ Բաբելոն, ամէն ինչ պատմեց իր եղբայրներին։ 62Նրանք օրհնեցին իրենց հայրերի Աստծուն, քանի որ Տէրը նրանց ազատութիւն շնորհեց։ 63Թոյլ տուեց գերութիւնից վերադառնալ եւ վերաշինել Երուսաղէմն ու Տիրոջ տաճարը, որն այդ քաղաքում կոչուեց իր անունով։ Եւ եօթը օր նրանք մեծ ուրախութիւն արեցին ամէն տեսակ նուագարաններով։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն