Ա Եզրաս

1

ԵԶՐԱՍԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ

ԶԱՏԿԻ ՏՕՆԱՀԱՆԴԷՍ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ

1Յոսիա թագաւորը Տիրոջ զատիկը կատարեց Երուսաղէմում. Տիրոջ զատկի գառը մորթեցին առաջին ամսի տասնչորսին։ 2Ըստ իրենց ծառայութեան օրերի՝ նա Տիրոջ տաճարում քահանաներ կանգնեցրեց, որոնք քահանայական պատմուճաններ էին հագած, 3եւ ասաց ղեւտացի սպասաւորներին. «Մաքրեցէ՛ք ձեր անձերը եւ պատրաստեցէ՛ք ձեզ ըստ Տիրոջ ուխտի տապանակի սրբութեան, թող ձեր մէջ չլինի աղտեղութիւն եւ պղծութիւն։ 4Արդ, պաշտամո՛ւնք մատուցեցէք ձեր Տէր Աստծուն, հաւաքեցէ՛ք ու պատրաստեցէ՛ք Իսրայէլի բոլոր ազգերին եւ կանգնեցրէ՛ք նրանց ըստ իրենց հայրապետների եւ ցեղերի հերթականութեան, 5ինչպէս սահմանել եւ գրել է Իսրայէլի թագաւորը եւ հրահանգել նրա որդի մեծն Սողոմոնը. թող ղեւտացիները ըստ իրենց հայրերի կարգի տաճարում կանգնեն, իրենց եղբայրների՝ իսրայէլացիների առաջ։ 6Ըստ առաջին կարգերի հերթականութեան՝ մորթեցէ՛ք զատկի գառը, պատրաստեցէ՛ք զոհերն ու զատիկը կատարեցէ՛ք ըստ Տիրոջ այն հրամանի, որ նա պատուիրել էր Մովսէսի միջոցով»։

7Եւ իբրեւ պարգեւ Յոսիան ժողովրդին տուեց երեսուն հազար գառներ եւ ուլեր, երեք հազար հորթեր։ 8Այս բոլորը, թագաւորի հրամանի համաձայն, տրուեց ժողովրդին, քահանաներին եւ ղեւտացիներին։ Բացի դրանից, նա Քեղկիա եւ Զաքարիա քահանայապետներին, ժողովրդի առաջնորդներին եւ քահանաներին տուեց եւս երկու հազար վեց հարիւր ոչխար։ 9Յեքոնիասը, Սամէասն ու նրա Նաթանայէլը, Ռաբիասը, Օզիէլը եւ Յորամը, որոնք հազարապետներ էին, զատկի համար ղեւտացիներին տուեցին հինգ հազար ոչխար եւ հինգ հարիւր հորթ։

10Վերցնելով այս բոլորը՝ քահանաները մեծ շուքով, ամենայն վայելչութեամբ եւ բազմազան ձեւերով պատրաստեցին Բաղարջակերաց զատիկը 11եւ, ըստ իրենց տոհմերի եւ հայրերի կարգի, կանգնեցին ժողովրդի առաջ, ինչպէս գրուած է Մովսէսի գրքում, մատուցելու համար Տիրոջ զատիկը։ 12Ահա այսպէս նրանք առաւօտեան կրակի վրայ խորովեցին ու պատրաստեցին Տիրոջ զատիկը. մնացած հում միսը անուշահոտ համեմունքներով եփեցին կաթսաների եւ սաների մէջ եւ մատուցեցին ժողովրդին։ 13Սրանից յետոյ քահանայապետները զատիկը պատրաստեցին իրենց եւ իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների համար, 14որովհետեւ քահանաները ճարպ էին մատուցում կրակը բորբոքելու համար, ղեւտացիներն իրենք էլ զատիկը պատրաստեցին թէ՛ իրենց եւ թէ՛ իրենց քահանայ եղբայրների՝ Ահարոնի որդիների համար։ 15Ասափի որդիները՝ սաղմոսների երգիչները, նոյնպէս զատիկը պատրաստեցին իրենց համար, ինչպէս սահմանել էր Դաւիթ թագաւորը ժամանակին Ասափի, Զաքարիայի եւ Ելդինոնի համար։ 16Դռնապանները, որոնցից իւրաքանչիւրը հսկում էր իր դռան վրայ՝ ըստ ամէն օրուայ կարգի, քանի որ իրենք էլ Ղեւիի որդիներ էին, իրենք նոյնպէս պատրաստեցին զատիկը։

17Այդ օրը բոլորը միաբան կատարեցին Տիրոջ զոհը 18եւ, ինչպէս հրամայել էր Յոսին թագաւորը, Տիրոջ զատիկը մատուցեցին սեղանի վրայ։ 19Այն իսրայէլացիները, որ այդ ժամանակ գտնւում էին այնտեղ, եօթը օր կատարեցին Տիրոջ զատիկը եւ Բաղարջակերաց տօնը։ 20Երբեք այդպիսի զատիկ չէր եղել Իսրայէլում, քանի որ ոչ ոք նման զատիկ չէր արել մարգարէի ժամանակից ի վեր։ 21Իսրայէլի բոլոր թագաւորներն էլ այսպիսի զատիկ չէին արել, ինչպէս արեց Յոսիա թագաւորը, նաեւ քահանաները, ղեւտացիները, հրեաներն ու բոլոր իսրայէլացիները, որոնք այն ժամանակ ապրում էին Երուսաղէմում։ 22Այդ զատիկը Յոսիան կատարեց իր թագաւորութեան տասնութերորդ տարում։ 23Յոսիա թագաւորի գործերը ուղիղ էին իր Տէր Աստծու առաջ, եւ նա Տիրոջը ծառայում էր իր ամբողջ սրտով ու մտքով։

24Բայց նրանից առաջ եղել են ուրիշ թագաւորներ, որոնց մասին ստոյգ գրուած է, թէ նրանք մեղանչել, անօրէնութիւն են գործել բոլոր ազգերի մէջ, վշտացրել են Տիրոջը եւ Իսրայէլի մէջ դէմ են կանգնել Նրա խօսքին։

25Յոսիա թագաւորի այս բոլոր առաքինի գործերից յետոյ եգիպտացիների Փարաւոն թագաւորը եկաւ պատերազմելու Կարքամուսում՝ Եփրատի կողմերում, եւ Յոսիան ելաւ պատերազմելու նրա դէմ։ 26Եգիպտացիների թագաւորը բանագնաց ուղարկեց նրա մօտ եւ ասաց. «Ի՞նչ կայ իմ եւ քո միջեւ, ո՛վ Հրէաստանի թագաւոր, 27չէ՞ որ Տէր Աստուածն ինձ չի ուղարկել քեզ մօտ, այլ ես գնում եմ պատերազմելու Եփրատի կողմերում։ Այժմ Տէրը ինձ հետ է, եւ դու մի՛ խանգարիր ինձ, քանի որ Տէրը ստիպում է ինձ գնալ ու պատերազմել Եփրատի կողմերում. դու հեռո՛ւ կաց ինձնից եւ մի՛ հակառակուիր Տիրոջը»։ 28Բայց Յոսիան յետ չդարձրեց իր մարտակառքը, այլ ձեռնամուխ եղաւ նրա դէմ պատերազմելու, չլսեց Երեմիա մարգարէի խօսքերը, որ նա ասում էր նրան Տիրոջ բերանով։ 29Նա համախմբեց զօրքը, իջաւ Եդդաւուսի դաշտ՝ այնտեղ ճակատամարտ տալու Փարաւոնի դէմ. եւ իշխաններն էլ իջան Յոսիա թագաւորի մօտ։ 30Յոսիա թագաւորն ասաց իր ծառաներին. «Ինձ դո՛ւրս տարէք ռազմադաշտից, ես խիստ թուլացել եմ»։ Ծառաներն անմիջապէս նրան դուրս հանեցին մարտադաշտից։ 31Յոսիան բարձրացաւ իր երկրորդ կառքը եւ հասնելով ՝ վախճանուեց։ Նրան թաղեցին իր հայրերի գերեզմանատանը։ 32Ամբողջ ժողովուրդը ողբաց եւ սգաց Յոսիայի վրայ, իսկ Երեմիա մարգարէն ողբ հիւսեց Յոսիայի մասին։ Մինչեւ այսօր կանայք նստում եւ ողբում են Երեմիայի այդ ողբը։ Դրանից յետոյ հրաման տուեցին, որ միշտ իրենց ազգերի մէջ այդպէս ողբան Իսրայէլում։

33Այս բոլորի մասին գրուած է Իսրայէլի թագաւորների պատմութիւնների գրքում, նաեւ նրա կատարած գործերի, նրա բարեմասնութիւնների, առաքինութեան, նրա մեծ արդարութեան ու փառքի մասին, եւ թէ ինչպիսի իմաստուն հոգատարութիւն ունէր նա Տիրոջ Օրէնքի նկատմամբ։ Այս բոլորի մասին մինչեւ այժմ պատմում են Իսրայէլի եւ Յուդայի երկրի թագաւորների գրքերը։

34Յոսիայի մահից յետոյ նրա տոհմից թագաւոր դարձրին Յեքոնիային՝ Յոսիայի որդուն։ Յեքոնիան քսաներեք տարեկան էր, երբ թագաւորեց իր հօր՝ Յոսիայի փոխարէն։ 35Նա Հրէաստանի եւ Երուսաղէմի վրայ թագաւորեց երեք ամիս։ Եգիպտացիների թագաւորը արգելեց, որ նա թագաւորէր Երուսաղէմում 36եւ, իբրեւ ծախս, հրեաներից պահանջեց հարիւր տաղանդ արծաթ եւ մէկ տաղանդ ։ 37Եգիպտացիների թագաւորը նրանց վրայ թագաւոր կարգեց Յովակիմին՝ Յեքոնիայի եղբօրը, եւ Յովակիմը թագաւորեց Հրէաստանի եւ Երուսաղէմի վրայ։ 38Յովակիմը կալանաւորեց Իսրայէլի տան մեծամեծներին ու իշխաններին, եւ իր եղբօրը՝ Զարային, հանեց Եգիպտացիների երկրից եւ բերեց իր մօտ։

39Յովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագաւորեց Հրէաստանի ու Երուսաղէմի վրայ եւ չարիքներ գործեց Տիրոջ առաջ։ 40Բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորը յարձակուեց նրա վրայ, նրան կապեց պղնձէ կապանքներով եւ տարաւ Բաբելոն։ 41Նաբուքոդոնոսորը վերցրեց նաեւ Տիրոջ տան սպասքից, տարաւ ու Բաբելոնում դրեց իրենց կուռքերի տանը՝ պահելու համար։

42Նրա այս բոլոր գործերի՝ նրա պղծութիւնների եւ անօրէնութիւնների մասին գրուած է թագաւորների ժամանակագրութիւնների գրքում։

43Նրա փոխարէն թագաւորեց Յովակիմը՝ նրա որդին, որ տասնութ տարեկան էր։ 44Նա թագաւորեց երեք ամիս եւ տասն օր Երուսաղէմում եւ չարիք գործեց Տիրոջ առաջ։ 45Մէկ տարի յետոյ Նաբուքոդոնոսորը վերցրեց ու տարաւ նրան Բաբելոն՝ Տիրոջ տան գանձերով հանդերձ։

46Նաբուքոդոնոսորը Հրէաստանի եւ Երուսաղէմի թագաւոր կարգեց Սեդեկիային։ Սեդեկիան քսանմէկ տարեկան էր եւ թագաւորեց տասնմէկ տարի։ 47Նա եւս չարիք գործեց Տիրոջ առաջ եւ յետ չկանգնեց իր չարիքներից, չլսեց Երեմիա մարգարէի խօսքերը, որ նա ասել էր նրան Տիրոջ բերանով։ 48Նա հաւատարիմ չմնաց իր երդմանը, որ Տիրոջ անունով տուել էր Նաբուքոդոնոսոր արքային, այլ դրժեց երդումը եւ հեռացաւ Նաբուքոդոնոսորից, խստացրեց պարանոցը եւ սիրտը փակեց Իսրայէլի Տէր Աստծու օրէնքների հանդէպ։

49Ժողովրդի իշխաններն ու քահանաներն էլ ամբարշտութիւններ արեցին, անօրէն եղան, բազմացրին իրենց պղծութիւններն աւելի, քան բոլոր հեթանոսները եւ նոյնիսկ պղծեցին Տիրոջ սուրբ տաճարը Երուսաղէմում։ 50Նրանց հայրերի Աստուածն իր հրեշտակներին ու մարգարէներին ուղարկեց նրանց մօտ, որպէսզի դարձի գան, որովհետեւ խնայում էր թէ՛ նրանց եւ թէ՛ իր սուրբ տաճարը, 51բայց նրանք արհամարհեցին Տիրոջ հրեշտակներին. այն օրը, երբ Տէրը խօսում էր նրանց հետ, նրանք ձեռ էին առնում եւ ծաղրում նրա մարգարէներին։ 52Տէրը բարկացաւ նրանց ազգի վրայ եւ նրանց ամբարշտութեան պատճառով նրանց դէմ բերեց քաղդէացիների թագաւորներին, 53որոնք սրով սպանեցին նրանց երիտասարդներին, նրանց արիւնը թափեցին սուրբ տաճարի շուրջը, չխնայեցին նրանց մանուկներին, կոյսերին, ծերերին ու նրանց երիտասարդներին։ 54 նրանց ձեռքը յանձնեց այս բոլորը՝ թէ՛ Տիրոջ տան բոլոր մեծ ու փոքր անօթները, թէ՛ Տիրոջ տապանակի կայքն ու սպասքը եւ թէ՛ Իսրայէլի թագաւորի գանձերը. այս ամէնը նրանք վերցրին ու տարան Բաբելոն։ 55Նրանք հրկիզեցին Տիրոջ տաճարը, քարուքանդ արեցին Երուսաղէմի պարիսպը, կրակի մատնեցին նրա աշտարակները, եւ հասաւ նրա բոլոր փառքերի վախճանը։ 56Իսկ մնացածներին, սրի առաջ գցած, գերի տարան Բաբելոն։ 57Սրանց եւ իրենց որդիները մնացին ստրկութեան մէջ մինչեւ պարսիկների թագաւորների ժամանակը, մինչեւ որ կատարուեց Տիրոջ այն խօսքը, որ նա ասել էր Երեմիա մարգարէի բերանով. 58«Մինչեւ Տէրը բարեհաճի, որ թափուր այս երկիրը տօնի իր շաբաթները, ամբողջ ժամանակ այն պիտի լինի , պիտի լրանայ եօթանասուն տարին, որպէսզի շաբաթը տօն լինի նրա համար»։ Կիւրոսի թագաւորութեան առաջին տարում լրանում էր Յուդայի եւ Բենիամինի ցեղերի գերութեան եօթանասուն տարին։ Կիւրոսը ընդամէնը թագաւորեց երեսուն տարի։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն