Առաջին Մնացորդաց գիրք

28

ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԴԱՒԹԻ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ

1Դաւիթը Իսրայէլի բոլոր իշխաններին, գլխաւոր դատաւորներին, արքային հերթով սպասարկող բոլոր իշխաննեերին, հազարապետներին, հարիւրապետներին, գանձապահներին, իր ստացուածքների վերակացուներին, զօրահրամանատարներից քաջարիներին ու արի պատերազմիկներին հաւաքեց Երուսաղէմում։ 2Դաւիթը կանգնեց ժողովականների մէջ եւ ասաց. «Լսեցէ՛ք ինձ, իմ եղբայրնե՛ր եւ իմ ժողովո՛ւրդ։ Նպատակ եմ դրել Տիրոջ ուխտի տապանակի համար մշտական տեղ պատրաստել եւ մեր Տիրոջ ոտքին՝ պատուանդան։ Այդ բանի համար շինանիւթ եմ պատրաստել՝ բազում քանակութեամբ , արծաթ, պղինձ, արոյր, երկաթ եւ փայտ։ 3Սակայն ինձ ասաց. “Դու ինձ համար իմ անունը կրող չպիտի շինես, քանզի դու պատերազմող մարդ ես եւ շատ արիւն ես թափել”։ 4Աստուած բոլոր ազգերից ընտրեց Իսրայէլին, իր թագաւորութիւնը հաստատուն պահելու համար ամբողջ Իսրայէլից ընտրեց Յուդայի ցեղին։ Յուդայի տնից ընտրեց իմ հօր տունը եւ ուզեց, որ ե՛ս լինեմ իմ հօր տնից թագաւոր ամբողջ Իսրայէլի վրայ։ 5Տէրն ինձ բազում որդիներ տուեց, բայց իմ բոլոր որդիներից ընտրեց իմ որդուն, որ նա Իսրայէլում նստի Տիրոջ թագաւորութեան գահին։ 6Աստուած ասաց ինձ. “Քո Սողոմոն որդին է շինելու իմ տունն ու իմ գաւիթը, քանզի նրան եմ ընտրել որպէս որդի, եւ ես եմ նրան լինելու։ 7Նրա թագաւորութիւնը յաւիտեան հաստատուն կը դարձնեմ, եթէ պահի իմ պատուիրաններն ու օրէնքները, ինչպէս պահել է մինչեւ հիմա”։ 8Արդ, ես Տիրոջ ամբողջ ժողովրդի առջեւ եւ ի լուր մեր Աստծու պարտաւորեցնում եմ ձեզ. պահել-պահպանել մեր Տէր Աստծու բոլոր պատուիրանները, որ ժառանգէք լաւ երկիրը եւ այն ձեզնից յետոյ իբրեւ ժառանգութիւն յաւիտենապէս յանձնէք ձեր որդիներին։ 9Եւ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու յօժար մտքով, քանզի Տէրը քննում է ամենքի սրտերը, եւ նա գիտի բոլորի մտածումները. եթէ փնտռես նրան, նա կը գտնուի քեզ համար, իսկ եթէ թողնես նրան, նա քեզ կը լքի իսպառ։ 10Այժմ տե՛ս, Տէրը քեզ է ընտրել, որ իր համար տուն կառուցես որպէս սրբավայր։ Ուրեմն զօրացի՛ր եւ իրագործի՛ր»։ 11Դաւիթն իր որդի Սողոմոնին տուեց տաճարի, նրա սենեակների, գանձարանների, վերնատների, ներքին շտեմարանների եւ քաւութեան սենեակի յատակագիծը 12եւ դրա այն օրինակը, որ ունէր իր մտքում Տիրոջ տան գաւիթների, շուրջը գտնուող շտեմարանների, Տիրոջ տան մթերանոցների ու սրբութիւնների պահեստի համար։ 13Նա տուեց քահանաների ամենօրեայ սպասաւորութեան, Տիրոջ տանը ղեւտացիների պարտականութիւնների եւ Տիրոջ տան սպասաւորութեան անօթների պահեստի ծրագիրը։ 14Նրան տուեց նաեւ ոսկէ ու արծաթէ անօթների, 15աշտանակների ու ճրագների, 16առաջաւորութեան սեղանի եւ ամէն մի սեղանի ոսկու, ոսկէ ու արծաթէ բոլոր իրերի, 17մեծ պատառաքաղների, բաժակների, ոսկէ ու արծաթէ տաշտերի եւ ոսկէ ու արծաթէ առարկաների, խնկամանների ամէն մէկի կշռաչափը։ 18Նա նրան յայտնեց նաեւ խնկերի զոհասեղանների մաքուր ոսկու կշռաչափը եւ նմուշն այն քերովբէների, որոնք իրենց թեւերը տարածելով պէտք է հովանի անէին Տիրոջ ուխտի տապանակի վրայ։ 19Դաւիթը Տիրոջ ձեռքով գրուած ամէն ինչ տուեց Սողոմոնին, մի գրութիւն, որի մէջ կայ իմաստութիւն եւ իրագործման ծրագիր։ 20Դաւիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զօրացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր եւ մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի իմ Տէր Աստուածը քեզ հետ է, նա քեզ չի թողնի ու չի լքի, մինչեւ որ աւարտես Տիրոջ ամբողջ տան կառուցումը։ Ահա տաճարի, նրա սենեակների, նրա գաւիթների, նրա վերնատների, շտեմարանների, ներքնատների եւ քաւութեան սենեակի օրինակը, 21ինչպէս նաեւ քահանաների, Աստծու տանը մատուցուելիք բոլոր պաշտամունքների համար ղեւտացիների ամենօրեայ սպասաւորութեան ծրագիրը։ Քեզ հետ թող լինեն բոլոր նրանք, ովքեր պատրաստ են հմտօրէն աշխատելու ըստ իրենց արհեստների, իսկ իշխաններն ու համայն ժողովուրդը թող պատրաստ լինեն քո հրամաններին ենթարկուելու»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն