Առաջին Մնացորդաց գիրք

22

1Դաւիթն ասաց. «Այս է Տէր Աստծու տունը, եւ այս է Իսրայէլի ողջակէզների զոհասեղանը»։

ՏԱՃԱՐԻ ՇԻՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆՆԵՐ

2Դաւիթը հրամայեց հաւաքել դրսից Իսրայէլի երկիրը եկած բոլոր մարդկանց եւ նշանակեց քարհատներ, որ քարեր կոփեն ու շինեն Աստծու տունը։ 3Դաւիթը շատ երկաթ հաւաքեց դռների բեւեռների ու դռների համար. նա երկաթէ շրջանակներ պատրաստել տուեց, հաւաքեց շատ առատ պղինձ, որի կշիռը հաշիւ չունէր, 4մայրի փայտեր, որոնց թիւ ու սահման չկար, քանզի սիդոնացիներն ու տիւրացիները առատօրէն մայրի փայտ էին բերում Դաւթին։ 5Դաւիթն ասաց. « որդիս փոքր մանուկ է, իսկ տունը, որ պէտք է կառուցուի Տիրոջ համար, պէտք է լինի մեծ, ամբողջ աշխարհում փառահեղ ու հռչակաւոր։ Դրա համար շինանիւթ եմ պատրաստում»։ Դաւիթն իր մահուանից առաջ շատ պատրաստութիւն տեսաւ։ 6Նա կանչեց իր որդի Սողոմոնին եւ պատուիրեց նրան Իսրայէլի Տէր Աստծու անուան շինել։ 7Դաւիթն ասաց Սողոմոնին. «Որդեա՛կ իմ, մտքումս կար Տէր Աստծու անուան տուն շինել, 8բայց Աստծու խօսքն ինձ հասաւ, թէ՝ “Շատ արիւն ես թափել եւ մեծամեծ պատերազմներ ես մղել, ուստի դու իմ անուան տուն չես շինելու, քանզի շատ արիւն ես թափել երկրի վրայ իմ առաջ։ 9Ահա դու մի որդի կ’ունենաս, որը հանգիստ մարդ կը լինի։ Ես նրան հանգստութիւն եմ տալու շրջակայ բոլոր թշնամիներից, նրա անունը Սողոմոն կը լինի, եւ ես խաղաղութիւն ու հանգստութիւն եմ տալու Իսրայէլին նրա օրերում։ 10Նա իմ անուան տուն է կառուցելու։ Նա ինձ որդի է լինելու, ես նրան՝ , եւ նրա թագաւորութեան աթոռը Իսրայէլում հաստատելու եմ յաւիտեան”։ 11Արդ, որդեա՛կ իմ, Տէրը քեզ հետ թող լինի ու յաջողութիւն տայ քեզ, որ շինես քո Տէր Աստծու տունը, ինչպէս որ նա ասել է քո մասին։ 12Թող Տէրը քեզ հանճար եւ իմաստնութիւն տայ ու զօրացնի քեզ Իսրայէլի վրայ, որ պահպանես քո Տէր Աստծու օրէնքները։ 13Դու յաջողութիւն կ’ունենաս, եթէ պահպանես այն պատուիրաններն ու օրէնքները, որ Տէրը Մովսէսին պատգամել էր Իսրայէլի համար։ Եղի՛ր քաջարի, հզօրացի՛ր, մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր։ 14Ես իմ աղքատութեան մէջ Տիրոջ տան համար պատրաստել եմ հարիւր հազար տաղանդ , հազար անգամ հազար տաղանդ , իսկ պղնձին ու երկաթին թիւ չկայ, որովհետեւ չափազանց շատ են։ Հաւաքել եմ նաեւ փայտ ու քար, 15բայց դու աւելացրո՛ւ եղածները, որ աւելի շատ լինեն արհեստաւորներ, որմնադիրներ, հիւսներ եւ ամէն տեսակ հմուտ գործաւորներ, 16իսկ ոսկին, արծաթը, պղինձն ու երկաթը կան անթիւ քանակութեամբ։ Արդ, վե՛ր կաց ու գործի՛ր, քանի որ Տէրը քեզ հետ է»։ 17Դաւիթը Իսրայէլի բոլոր իշխաններին պատուիրեց օգնել իր որդի Սողոմոնին՝ ասելով. 18«Չէ՞ որ Տէրը ձեզ հետ է եւ ձեզ հանգիստ է տուել ամէն կողմից, քանզի նա ձեր ձեռքն է յանձնել այս երկրի նախկին բնակիչներին, եւ այս երկիրը հնազանդուել է Տիրոջն ու նրա ժողովրդին։ 19Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտռեն մեր Տէր Աստծուն, ելէ՛ք եւ շինեցէ՛ք մեր Տէր Աստծու սրբարանը, որպէսզի Տիրոջ ուխտի տապանակը եւ Աստծու սուրբ սպասքը տանէք այն տունը, որ կառուցելու էք Տիրոջ անունով»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն