Առաջին Մնացորդաց գիրք

13

ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿԸ ՓՈԽԱԴՐՒՈՒՄ Է ԿԱՐԻԱԹԱՐԻՄԻՑ ԵՐՈՒՍԱՂԷՄ

( )

1Դաւիթը խորհրդակցեց հազարապետների ու հարիւրապետների եւ բոլոր իշխանների հետ։ 2Դաւիթն ասաց հաւաքուած բոլոր իսրայէլացիներին. «Եթէ գտնում էք, որ սա գործ է ձեզ համար, եւ մեր Տէր Աստուածն է մեզ յաջողութիւն պարգեւել, մարդ ուղարկենք Իսրայէլի բոլոր կողմերում մնացած մեր եղբայրներին, որ իրենց քաղաքներում ու կալուածքներում ապրող քահանաներն ու ղեւտացիները գան մեզ մօտ ժողովի, 3մեզ մօտ բերենք մեր Աստծու տապանակը, քանզի Սաւուղի ժամանակներից ի վեր այդ հարցով չզբաղուեցին»։ 4Բոլոր հաւաքուածներն ասացին. «Այդպէս անենք». որովհետեւ ժողովուրդն այս խօսքերը արդարացի համարեց։ 5Դաւիթը բոլոր իսրայէլացիներին հաւաքեց Եգիպտոսի սահմաններից սկսած մինչեւ Եմաթ, որ Աստծու տապանակը տանեն Յարիմ քաղաքից։ 6Դաւիթը հանել տուեց այն, եւ ամբողջ Իսրայէլը գնաց Յուդայի երկրում գտնուող Դաւթի քաղաքը, որ այնտեղից բերեն Տէր Աստծու՝ քերովբէների վրայ տեղադրուած տապանակը։ Եւ Տէր Աստծու անունը գրուած է այդ տապանակի վրայ։ 7Աստծու տապանակը դրեցին Ամինադաբի տնից բերուած մի նոր սայլի վրայ, եւ Օզան ու նրա եղբայրները քշում էին սայլը։ 8Դաւիթն ու բոլոր իսրայէլացիները եռանդագին պարում էին Աստծու առջեւ, սաղմոսներ երգելով, տաւիղներով, քնարներով, փողերով, թմբուկներով ու ծնծղաներով։ 9Նրանք եկան մինչեւ Քելոնի կալը, եւ Օզան ձեռքը մեկնեց, որ բռնի տապանակը, որովհետեւ եզը տեղից շարժել էր այն։ 10Տէրը խիստ զայրացաւ Օզայի վրայ ու սպանեց նրան, որովհետեւ համարձակուել էր իր ձեռքը մեկնել տապանակին։ Նա տեղնուտեղը մեռաւ Աստծու առաջ։ 11Դաւիթը տրտմեց, քանզի Տէրը մահացու հարուածել էր Օզային։ 12Այդ վայրը մինչեւ այսօր կոչւում է Օզայի հարուած։ Այդ օրը Դաւիթը Աստծուց վախենալով՝ ասաց. «Ես ինչպէ՞ս Աստծու տապանակն ինձ մօտ տանեմ»։ 13Եւ Դաւիթը տապանակն իր մօտ՝ Դաւթի քաղաքը չփոխադրեց, այլ ճանապարհը շեղեց ու տարաւ քետացի Աբեդդարի տունը։ 14Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբեդդարի տանը, եւ օրհնեց Աբեդդարին եւ այն ամէնը, ինչ նա ունէր։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն