Սաղմոսներ

48

Սիոն. Աստծու քաղաքը

Երգ. Կորխի որդիների սաղմոս։

1Մեծ է Տերը և խիստ օրհնյալ մեր Աստծու քաղաքում՝ իր սուրբ լեռան վրա։

2Գեղեցիկ բարձրություն է, ամբողջ երկրի ուրախությունն է լեռը, հյուսիսային կողմում, մեծ Թագավորի քաղաքը։

3 ճանաչված է նրա պալատների մեջ իբրև ապավեն։

4Որովհետև ահա հավաքվեցին թագավորները. եկան ու անցան իրար հետ։

5Նրանք տեսան և զարմացան, խուճապի մատնվեցին և շուտով փախան։

6Դողն այնտեղ բռնեց նրանց և սաստիկ ցավը, ինչպես ծննդկանին։

7Դու արևելյան հողմով փշրում ես Թարսիսի նավերը։

8Ինչպես լսեցինք, այնպես էլ տեսանք Զորությունների Տիրոջ քաղաքում՝ մեր Աստծու քաղաքում. Աստված հաստատում է այն մինչև հավիտյան։ (Սելա)։

9Ո՜վ Աստված, մենք քո ողորմության մասին ենք մտածում քո տաճարի մեջ։

10Ինչպես քո անունը, ո՜վ Աստված, այնպես էլ քո գովությունն է մինչև երկրի ծայրերը. արդարությամբ լի է քո աջը։

11Թող ուրախ լինի Սիոն լեռը, և Հուդայի աղջիկները ցնծան քո դատաստանների համար։

12Գնացե՛ք Սիոնի չորս կողմով, պտտվե՛ք նրա շուրջը և հաշվեցե՛ք նրա աշտարակները։

13Ուշադրությո՛ւն դարձրեք նրա բերդերին, քննեցե՛ք նրա պալատները՝ պատմելու համար այն սերնդին, որ գալու է,

14Թե՝ «Այս Աստվածն է մեր Աստվածը միշտ և հավիտյան. սա մեզ կառաջնորդի մինչև մահ»։

Աստվածաշունչ «Նոր վերանայված Արարատ» Թարգմանություն